Հայրենիքը լքող բռնցքամարտիկի պնդումները և ֆեդերացիայի նախագահի բացահայտումները
copy image url

Հայրենիքը լքող բռնցքամարտիկի պնդումները և ֆեդերացիայի նախագահի բացահայտումները

Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 22:19 30-03-2023
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի գրառումները մեծ աղմուկ են բարձրացրել մարզաշխարհում։ Մարզիկը մի քանի գրառումներով մեղադրեց ԿԳՄՍ-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։

Ըստ Էրիկի՝ ինքը չի արժանացել ուշադրության, երբ, օրինակ, երիտասարդների աշխարհի առաջնությունից վերադարձել է հաղթանակած և իրեն չեն դիմավորել։ Այնինչ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են հակառակը՝ իրենք դիմավորել են մարզիկին և նույնիսկ դափնեպսակ գցել պարանոցին։

Այսօր՝ մարտի 30-ին, Էրիկը վերախմբագրեց նախապես իր ասածը՝ հայտնելով, որ ոչ թե հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, այլ հրաժարվում է ներկայացնել Հայաստանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Էրիկը մտադիր է տեղափոխվել Իսրայել՝ մշտական բնակության, և ցանկանում է հանդես գալ հենց այդ երկրի դրոշի ներքո։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լույս է սփռել կատարվածի վրա՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ։

Ըստ Հովսեփյանը՝ մարզիկին անձամբ ինքը և ՀԲՖ-ն մեծ ուշադրություն են դարձրել, բավարարել անհրաժեշտ կարիքները։ Ֆեդերացիայի ղեկավարը Էրիկի գրառումները որակել է որպես ստոր արարք և հայտնել, որ նա բազմիցս գումար է խնդրել անգամ Հունաստանի ֆեդերացիայի ներկայացուցչից։

«Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում և Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում, դա ստորություն է: Ընդ որում, Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին: Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում»,- մանրամասնել է Հովսեփյանը:

Հովսեփյանի հայտարարությանը հաջորդել է Էրիկ Իսրայելյանի ևս մեկ գրառում․ «Հարգելի հայրենակիցներ, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաեւ այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։ Ակնհայտ է, որ այս եւ նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։ Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել եւ շնորհավորել»,- գրել է մարզիկը։

Ամենից շատ դիտված