Քջջում են ինչ-որ բաներ. պոլիկլինիկայի վարիչը մանրամասնում է կեղծ պատվաստման դեպքի մասին
copy image url

Քջջում են ինչ-որ բաներ. պոլիկլինիկայի վարիչը մանրամասնում է կեղծ պատվաստման դեպքի մասին

Ներքին 2 տարի առաջ - 19:16 21-03-2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Oragir.News-ը զրուցել է «Արտաշատ» ՓԲԸ պոլիկլինիկայի վարիչ Լուսինե Կարպետյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Միջնորդը մեր կենտրոնի աշխատակիցն է, պոլիկլինիկայի հետ ընդհանրապես կապ չունի, տեղյակ չեմ, գաղափար էլ չունեմ, դրանք քրեական բաների հետ են կապված, ես ընդամենը պոլիկլինիկայի վարիչն եմ, տվյալ աշխատակիցը մեզ մոտ մատենավար է աշխատում, բայց իր մեղքի բաժինը ապացուցված չէր, ես նրան ոչ մի կերպ չեմ կարող ազատել, ու դրա իրավունքն էլ չունեմ, ոչ մի հստակ որոշում չկար, ազատողն էլ ես չեմ, մեր պոլիկլինիկան ԲԿ բաժանմունքներից մեկն է, մենք ունենք տնօրեն, գլխավոր բժիշկ, որն իր ֆունկցիաների մեջ է մտնում, բացի դա՝ ոչ ոք իրավունք չունի նրան աշխատանքից ազատելու, քանի դեռ ոչ մի որոշում չկա։ Ինչ վերաբերվում է գործառույթին, դա պոլիկլինիկայի ֆունկցիաների մեջ չի մտնում, ինքն ընդամենը միջնորդի դեր է տարել այդ գործին։ Մենք, իհարկե, չէինք սպասում նման բան այդ աշխատակցից, շատ են աշխատակիցները, ֆունկցիաները տարբեր, դժվար է նրանց բոլորին ճանաչել։ Սկզբում գրում էին, հետո մենք հերքում տվեցինք, և ինչ էլ որ եղել էր, այդ աշխատակիցը մեր պոլիկլինեկայի հետ ընդհանրապես կապ էլ չունի, ընդամենը մատենագիր է, պատվաստումների բաժնում է, մեր օնլայն ուղեգրերը ինքը չի ուղեգրում, «Արմեդ»-ի հետ կապ չունի»։

Մեզ հետ զրույցում «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կ. Թ․-ն ասաց. «Դա կատարվել է մեկ տարի առաջ, էլի արթնացե՞լ են, գործը դեռ ընթացքի մեջ է, Ձեզ ի՞նչն է հետաքրքրում, Ձեզ ո՞ր տեսակետն ա հարմար, որ արդարացնե՞ն, թե՞ ոչ։ Երևի արդարացում կլինի։ Քջջում են ինչ-որ բաներ»։

Հիշեցնենք, որ վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել են, իսկ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք` ձերբակալվել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի