Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը: Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննվող չարաշահումների գործով ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին: