Պետք չէր երկու տարի ժամանակ վատնել՝ Ադրբեջանին հակադարձելու համար
copy image url

Պետք չէր երկու տարի ժամանակ վատնել՝ Ադրբեջանին հակադարձելու համար

Ներքին 2 տարի առաջ - 21:47 20-03-2023
«Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ և՛ խաղաղության պայմանագիրը և՛ խաղաղության գործընթացն անհնար դարձնելու համար։ Շարունակաբար նոր պահանջներ ու նոր պայմաններ են առաջ քաշվում, որոնց իրագործումն ուղղակի սպառնալիք է Հայաստանի պետականության համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղ կատարած այցելության ժամանակ Ալիևի արած հայտարարություններին։

«Ես դրա մասին հանրային խոսել եմ դեռ 2 տարի առաջ։ Այսինքն, ավելի քան կանխատեսելի էր, որ գնալով Ադրբեջանի կողմից առաջադրվող պայմանների ցանկն ավելի էր մեծանալու և հասնելու էինք այս հանգրվանին։ Դրա համար ափսոս էր այն ժամանակը, որը մենք վատնում էինք ինքներս մեզ խաբելու ու բթացնելու վրա։ Մինչդեռ պետք է առավոտից երեկո աշխատեինք դիվանագիտական, քաղաքական ու ռազմական դաշտերում, քանի որ այդ քաղաքականությունն ավելի քան կանխատեսելի էր»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ «խաղաղության պայմանագիրը» որոշ շրջանակներում համարվում է օկուպացիոն երկրորդ փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունից հետո, Հայրապետյանն ասաց, որ ինքը եռակողմ հայտարարության վերաբերյալ այդպիսի տեսակետ չունի։

«Պետք է հասկանալ, որ դա ընդամենը հայտարարություն էր հրադադարի մասին։ Իհարկե, Հայաստանի վրա ծանր պարտավորություններ դրվեցին, բայց որոշակի պարտավորություններ էլ այդ թղթով Ադրբեջանն է ստանձնել, որոնց իրենք ընդհանրապես հրաժարվեցին կատարել։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նպատակն է Հայաստանը հասցնել այնպիսի վիճակի, որ իրենից ոչինչ չներկայացնի։ Այդ սկզբունքով էլ առաջ են քաշել իրենց պայմանները՝ սկզբում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, հետո շրջանառության մեջ դրեցին նաև Արևմտյան Ադրբեջանի դրույթը, որը հստակ ծրագիր էր՝ ագրեսիաների նախապատրաստման ու գնալու մասին»,- ասաց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ թշնամին միշտ է պատրաստվում պատերազմի, ինչի մասին հայտարարել են ի սկզբանե։

«Ալիևը դեռևս 2013 թվականից սկսած ելույթներ ունի, որտեղ ասում է, որ իրենց նպատակը Երևան և Սյունիք հասնելն է։ Այստեղ որևէ նորություն չկա։ Ուղղակի ագրեսիվ հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ նոր թափ է հավաքում։ Հիմա այդ փուլն է։ Դրանից պետք է համապատասխան հետևություններ անել ու ճիշտ աշխատել դա կանխելու ուղղությամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացն իրենց տարբերակով իրագործելու Ալիևի հայտարարությանը, ադրբեջանագետը համոզմունք հայտնեց, որ այդ ֆոնին հայկական կողմը պետք է առավելագույնս ճիշտ գնահատական տա ադրբեջանական հայտարարություններին ու գործողություններին։

«Կարծում եմ, որ արտգործնախարարության հայտարարությունը այդ առումով դիպուկ էր, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու էր պետք այդքան ժամանակ սպասել նման հայտարարություններով հանդես գալու համար, եթե այդ քայլերն ակնհայտ էին՝ ավելի քան 2 տարվա կտրվածքով։ Ճիշտ տեղեկատվական, ռազմական ու քաղաքական ու մյուս բոլոր ուղղություններով աշխատանք պետք է տարվի՝ դա կանխելու ուղղությամբ»,- եզրափակեց փորձագետը։