Բուհում շատ մեծ դասադուլ է. միայն Նիկոլայ Ծատուրյանի կուրսը մի քանի դաս չարեց
copy image url

Բուհում շատ մեծ դասադուլ է. միայն Նիկոլայ Ծատուրյանի կուրսը մի քանի դաս չարեց

Ներքին 2 տարի առաջ - 19:00 20-03-2023
Երեկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները տեղեկացրել էին, որ պատրաստվում են դասադուլ անել: Պատճառը, ըստ ուսանողների, այն է, որ բուհի ռեկտորն արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը ժամանակակից գրող Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա է, բեմադրել:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց որ դասադուլ բուհում եղել է, բայց այս պահին դասերը վերականգնվել են։

«Միայն այդ կուրսը՝ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը, դասադուլ արեց, այնուհետև լրագրողները խոսեցին ռեկտորի պարտականությունները կատարող անձի հետ, ուսանողների հետ լսեցին խնդիրները, հետո թատերականը հրապարակեց նիստի արձանագրությունը, որտեղ չկա արգելել բառը»։

Արզումանյանը նշեց նաև, որ այլ հիմնավորում է ներկայացվել նման իրավիճակի ստեղծման համար. «Ինչպես գիտեք, մեր ուսանողական թատրոնը նույն բեմում է խաղում, որտեղ Համազգայինը և գրաֆիկի կազմման հետ կապված նաև խնդիրներ են առաջանում և դրանով է պատճառաբանվում, որ ուսանողները շատ հնարավորություն չեն ունենում խաղալ կուրսային աշխատանքները»,- ասաց Արզումանյանը։

Արզումանյանը նշեց նաև, որ հրապարակվել է ռեկտրատի նիստի որոշումը, որում արգելել բառը չկա։

«Այնտեղ նշվում է, որ հիմք ընդունելով ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները՝ որոշվել է անընդունելի համարել ուսանողական թատրոնի բեմից նման արտահայտությունների առկայությանը։ Հանձնարարվել է ամբիոնին կուրսային և դիպլոմայինների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոններում և կազմել ընթացակարգ կուրսային և դիպլոմային բեմադրությունների մասին»,- ասաց Արզումանյան։

Խորհրդի անդամի խոսքով՝ նման խնդիրներ տարբեր ոլորտներում լինում են. «Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ արվեստի ոլորտում նման ստեղծագործական բանավեճեր լինում են, և այդ խնդիրը չպետք է այսպիսի մեծ թափ ստանար և ես կարծում եմ, որ սա սա անառողջ խոսակցության արդյունք է, և մի կողմը մյուսին ճիշտ չի հասկացել, և այս ամենը չպետք է բուհի պատերից դուրս գար»։

Հարցին, թե վաղվանից դասերը բնականոն ռեժիմով շարունակվելո՞ւ են, Արզումանյանն ասաց. «Դասերը հիմա էլ շարունակվում են, պրոցեսը նորմալ ընթանում է։ Միայն այդ մի կուրսն է, որ դասադուլ էր արել»։

Հարցին, թե սա առաջի՞ն դեպքն էր, թե՞ էլի էին եղել դեպքեր, երբ արգելվել էր ինչ-որ ներկայացում բեմադրել, Արզումանյանը պատասխանեց․ «Վերջին շրջանում նման աղմկահարույց ներկայացում չի եղել, որ չբեմադրվի, բայց նախկինում կարծեմ եղել է՝ Ծատուրյանն էլ իր հարցազրույցում նշեց, որ մի անգամ Սոս Սարգսյանն է արգելել իր ներկայացումներից մեկը խաղալ, բայց այդ արտահայտությունները հանելուց հետո թողել են, որ խաղան»։