Առաջնահերթ խնդիրներից մեկը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը
copy image url

Առաջնահերթ խնդիրներից մեկը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է. Լավրովը՝ Միրզոյանի հետ հանդիպմանը

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:33 20-03-2023
Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար:

Այս մասին ՄՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք հնարավորություն կունենանք քննարկելու որակյալ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական կապերի աճը, հարաբերությունների խորացումը, քննարկելու համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ասել է Միրզոյանը։

Ռուսաստանցի պաշտոնյան հանդիպմանը նշել է, որ Մոսկվայի համար անփոփոխ կարևորություն են ներկայացնում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և, որ երկիրը պատրաստ է զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը Հայաստանի հետ:

Լավրովն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսությունը:

«Իհարկե, մենք այսօր ուշադրություն կհատկացնենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին. առաջնարհերթ խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Մենք կասկած չունենք առ այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են այն բոլոր որոշումների իրականացման բանալին, որոնք անհրաժեշտ են թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման համար:

Ինչպես և գրված է եռակողմ հայտարարություններում, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել տրանսպորտային, հեռահաղորդակցային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», - ասել է Լավրովը: