Նրա մտահոգությունը այժմ դարձել էր խոր վիշտ ու մորմոք...
copy image url

Նրա մտահոգությունը այժմ դարձել էր խոր վիշտ ու մորմոք...

Մշակույթ 2 տարի առաջ - 22:59 17-03-2023
1864 թվականի մարտի 18-ին Շապին Գարահիսարում ծնվել է հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը։

Մեծ գիտնականի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում գրող Ստեփան Զորյանի հուշերից մեկը, որն անասելի հետաքրքիր է, միևնույն ժամանակ տխուր ու հուզիչ։



«Թորամանյանը... Կարծես դարեր ապրած մարդ էր. դարեր տեսած ու դարերի փորձով լցված` դարձել էր սակավախոս ու խոհուն...

Ես նրան ծանոթացա Թիֆլիսում, 18 թ. այն տխուր օրերին, երբ տաճկական արշավանքը հասել էր Ալեքպոլ և Ղարաքիլիսա։ Այդ դեպքերի մասին նոր լուրեր առնելու համար ես գնացի մի ընկերոջ մոտ։ Եվ երբ սովորականի պես երեկոյան մտա նրա առատ լուսավորված առանձնասենյակը - այնտեղ նստած էր թուխ դեմքով, թուխ, թավ հոնքերով, բեղերով մեկը` 50-անց ամրակազմ մի տղամարդ, որի ինչ լինելը դժվար էր որոշել. գյուղացի՞ էր - հագուստներն այլ էին։ Քաղաքացու էլ նման չէր։ Ուներ հանդարտ, ծանրախոհ հայացք ու ծանր, չափավոր շարժումներ։ Եվ երբ ընկերս տվեց «Թորամանյան» անունը, ես որքան էլ կատարվող դեպքերից տխուր. ուրախացա, որ ծանոթանում եմ Զվարթնոցը վերածնողի հետ։ Բայց նա բարևելիս տնքաց հառաչաձայն։
Այս աղետալի օրերին հասկանալի էին և՛ տնքոցը, և՛ հառաչանքը։ Սակայն Թորամանյանի մեջ կար առավել խոր մի տխրություն, ընկճված մի բան։

Վերջին պարագան բացատրեց արդեն ընկերս։ Ալեքպոլից Ղարաքիլիսա գալով` այստեղ Թորամանյանը կորցրել էր տարիների ընթացքում կատարած, մեծ դժվարություններով գլուխ բերած մեր հուշարձանների չափագրություններ, վերակազմություններ ու ձեռագրեր` մի սնդուկի մեջ։

Ահա ինչու՛ տխուր էր և արտակարգ մտահոգ։



Երբ հարցրի, թե շա՞տ էին արդյոք այդ չափագրությունները` նա նորից տնքաց.
- Բավականին...
Ասաց ու լռեց։ Բացահայտ դժվարանում էր խոսել այդ մասին։ Բայց հետաքրքրություն ինձ ստիպեց հարցնել.
- Իսկ վերականգնե՞լ հնարավոր չէ, պ. Թորամանյան։
- Ձեռագրերը գուցե, բայց չափագրություննե՞րը...
Նրան մխիթարելու համար ես ու ընկերս այն կարծիքը հայտնեցինք, թե դրանք այնպիսի նյութեր են, որ կգտնվեն և գտնողը չի փչացնի... Հիմա խավար դարերը չեն, ժողովուրդը գրագետ է... Կգտնվեն...
- Այս տարերային խառնակության մեջ` չեմ հուսար,- նորից տնքաց նա։ Ապա ավելացրեց, թե իր չափագրությունների և մյուս նյութերի ճակատագիրը, ըստ երևույթին, այդ է` կորչել... Ու պատմեց, որ պատերազմից առաջ դրանց մեծ մասը ինքը տարել է Վիեննա, և շարունակվող պատերազմի պատճառով, այդ նյութերը մնացել են այնտեղ։ Այս մասն էլ ` այսպես...

Լսել էինք, որ ավստրիացի խոշոր արվեստաբան-գիտնական Ստրժիգովսկին մտադիր է հրատարակել հայակական ճարտարապետությանը նվիրված մի գիրք, օգտագործելով մեծ մասամբ Թորամանյանի նյութերը։ Եվ որովհետև այդ ժամանակ ամեն կապ խզված էր դրսի աշխարհի հետ, Թորամանյանը հուսահատության մեջ էր։ Մասնավորապես չէր հավատում, թե վերջին կորուստը կգտնվի։

- Չե՛մ հուսար...
Եվ, դժբախտաբար, նա չէր սխալվում։ Տարիներ հետո, երբ մենք նորից հանդիպեցինք այս անգամ արդեն Էջմիածնում, իմ առաջին հարցը եղավ.
- Ձեր կորուստը գտա՞ք։
- Ոչ,- ասաց ծանոթ հառաչանքով։

Այդ ժամանակ նա արդեն ընտանիքով բնակություն էր հաստատել Էջմիածնում և գրում էր մի ուսումնասիրություն։ Ու քանի որ ես մի երկու ամիս մնացի Էջմիածնում. առթիներ ունեցա մի փոքր ավելի ծանոթանալու նրան։



Նա աշխատում էր ամբողջ օրը, երբեմն միայն դուրս էր գալիս կանգնում էր ժայռի պես ամուր, անշարժ, և հաստ գլանակի ծուխը բարձրանում էր նրա գլխից վեր, ինչպես առավոտյան շամանդաղը ժայռի ճակատից։

Այդ պահերին երբեմն ցանկություն էի ունենում խոսել հետը, սակայն զգուշանում էի խանգարել նրա հանգիստն ու խոհերը։ Բարևում էի հարգանքով ու անցնում։

Մի անգամ կանգնեցրեց ինքը.
- Միշտ կշտապիք...
Պատճառաբանեցի, թե տպարանում գործ ունեմ...
- Տպարանը հեռու չէ,- ասաց նա, և ես զգացի նրա խոսելու ցանկությունը։

Ու խոսեցինք. նախ` Անիի մասին, ու աշխատել էր երկար տարիներ, պրոֆ. Մառի հետ, որին հշում էր մեծ երախտագիտությամբ, սիրով։ Անին, նրա ասելով, ուներ ճարտարապետական բացառիկ նշանակություն հայկական արվեստի համար և ընդհանրապես։ Ապա իմ հարցին, թե ստացե՞լ է արդյոք Ստրժիգովսկու գիրքը, հայտնեց, թե տեսել է, բայց անձամբ չի ստացել տակավին։

Իսկ չափագրություննե՞րը... Նույնպես չէր ստացել։

- Եթե դոքա էլ կորչին` չգիտեմ ինչ պիտի ընեմ...

Նրա մտահոգությունը այժմ դարձել էր վիշտ, խոր վիշտ ու մարմոք...

Չնայած աշխատում էր, բայց և այնպես... Հե՞շտ էր կորցնել տարիների, տասնյակ տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը. կորցնել այն, ինչ պետք է լիներ իր հետազոտությունների հիմքը։ Ու պարզ երևում էր, որ մարդու մտքից չէին հեռանում տանջանքով ձեռք բերած, փայփայած չափագրությունները, նույնն է թե` իր գյուտերը։ Խոսելով այդ մասին` կարծես կարիք էր զգում, որ մեկը հուսադրի իրեն։

Շատ դիմումներից հետո, վերջապես, 26 թ. նա Վիեննայից ստացավ իր կորցրած ու երազած չափագրությունները, բայց, ցավոք, ոչ լրիվ... Սակայն դա էլ մեծ բան եղավ նրա համար... մի մեծ պարգև... իր կրած տառապանքների դիմաց»։

Պատրաստեց՝ Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ