ԲԴԽ-ի համար սկզբունքային է, որ Շիրակում դատավոր չլինի՞
copy image url

ԲԴԽ-ի համար սկզբունքային է, որ Շիրակում դատավոր չլինի՞

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:22 14-03-2023
Շիրակցի փաստաբանները նախօրեին մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտնելով, որ մարզում դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է դարձել։

Փաստաբանները ստեղծված իրավիճակի համար մեղադրում էին Բարձրագույն դատական խորհրդին և նշում, որ խնդրի մասին հայտնել էին ԲԴԽ-ին, անգամ խնդրել են, որ Փաստաբանների պալատը նամակով դիմի Խորհրդին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չէին ստացել։

Oragir.News-ը դիմեց ԲԴԽ՝ ճշտելու համար, թե արդյոք ԲԴԽ-ն պատասխանել է փաստաբաններին ու, առհասարակ, որքանով են տեղյակ խնդրից։

Խորհրդի լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ պատասխանից տեղյակ չէ, բայց խնդրի մասին խորհուրդը տեղյակ է։ «Մենք արձանագրում ենք, որ ունենք աննախադեպ իրավիճակ, սակայն այս իրավիճակը կշտկվի և չի կրկնվի, այդ ուղղությամբ բոլոր քայլերը կձեռնարկվեն։ Մենք շատ լավ գիտակցում ենք պահի լրջությունը, բայց քանի որ դատաիրավական համակարգը շատ լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, մեզ մոտ բարեփոխումների շրջան է մեկնարկել՝ համանման իրավիճաներից էլ խուսափել չենք կարող, բայց խորհուրդը ցանկացած որոշում կայացնելիս հաշվի է առնում դրա հետևանքները և, եթե դատավորը դիմում է տեղափոխության համար, ի դեպ, դատավորների իրավունքն է տեղափոխման համար դիմումներ ներկայացնելը, խորհուրդը ամեն դիմում առանձին քննարկում է և, երբ տեսնում է, որ դիմումները, դատավորի փաստարկներն այնքան հիմնավոր են, որ կա անհրաժեշտություն նրան տեղափոխելու՝ նաև տուրք է տալիս այդ դիմումներին»։

Նա ընդգծեց, որ Խորհրդի կազմը վերջին փոփոխություններից հետո սկզբունք է դրել, որ եթե հաստիք է առաջանում Երևանում, ապա առաջին հերթին նախապատվությունը տրվում է մարզերում աշխատած դատավորներին, որպեսզի նրանց էլ հնարավորություն տրվի Երևանում իրենց պաշտոնավարումը շարունակելու։

«Ամենավերջին տեղափոխման հարցը, որը մեծ աղմուկ բարձրացրեց, շատ նեղ անձնական խնդրի հետ էր կապված, բնականաբար, այդ մասին բարձրաձայնել չենք կարող, բայց պատճառներն այնքան հիմնավոր էին եղել, որ խորհրդի կողմից ի գիտություն է ընդունվել և դատավորի տեղափոխման հարցը լուծվել է։ ԲԴԽ-ն բոլոր տեսակ քննարկումներին մասնակցում է և դատավորների ծանրաբեռնվածությանը տեղյակ է, քայլեր է ձեռնարկվում նաև այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Հիմնական խնդիրը դատավորների քիչ լինելն է։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բնակչության թվի համեմատ դատավորների թիվը քիչ է և խորհուրդը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի դատավորների թվաքանակն ավելացնել, և թվաքանակն ավելացնու հաշվին նաև խուսափել դատավորների գերծանրաբեռնվածության խնդրից։

Բացի այդ՝ նաև մի շարք օրենսդրական ճանապարհներով լուծումներ են փնտրում, որպեսզի կարողանան դատավորների վրա կուտակված բեռը թոթափել և համանման իրավիճակներից խուսափել»։

Նա նշեց, որ այս իրավիճակը միայն Շիրակի մարզում չէ, տարբեր մարզերից էլ տեղափոխման հարցեր լինում են։ «Վերջին դեպքը, երբ Շիրակի մարզից մարդ են տեղափոխել՝ իրենց հետ նաև ևս 3 դատավոր Արմավիրից, Սյունիքից և Լոռուց են տեղափոխվել Երևան»։

Դիտարկմանը, թե փաստաբանները վրդովված էին այն հանգամանքից, որ նախապատվություն է տրվում Երևանում հաստիքների համալրմանը՝ նշելով, որ ստացվում է, որ Երևանում մարդիկ արդար դատաքննության իրավունք ունեն, իսկ Շիրակի մարզում բնակվողները՝ ոչ, նա նշեց, որ իրենք հասկանում են, որ ստեղծված իրավիճակում իրենց գործընկերները կարող են դժգոհել, կարող են վիրավորվել։

«Բայց հայցելով բոլորի ներողամտությունը և շեշտելով, որ այս իրավիճակի շտկման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են և առաջիկայում, կարծում ենք՝ հնարավոր կլինի պայքարել ոչ միայն հետևանքների, այլև պատճառների դեմ և կանխել համանման իրավիճակների կրկնությունը։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Երևանում մարդիկ արդարադատության կարիք ունեն, իսկ Շիրակում՝ ոչ, ՀՀ ցանկացած քաղաքացի, անկախ նրանից, թե որ մարզում է գտնվում, ունի արդար դատաքննության իրավունք, ունի իր գործը դատարաններում քննելու և արդար դատաքննության հասնելու իրավունք։

Խորհուրդը հենց այդ նպատակով էլ փորձում է ամեն ինչ անել, որ պահպանվի թե հավասարության, թե քաղաքացիների արդար դատաքննության սկզբունքը։ Ուղղակի, քանի որ տարիներ ի վեր Երևան տեղափոխվելը հատկապես տարբեր մարզերում աշխատած դատավորների համար շատ դժվար գործընթաց է եղել՝ խորհրդի ձևավորված կազմի համար սկզբունքային հարցերից մեկն է եղել, որ, այո, պետք է հնարավորություն տրվի մարզում աշխատած դատավորին նաև Երևան տեղափոխվելու և այստեղ շարունակելու աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի