Երաշխիքի հարց կա․ ԼՂ ներկայացուցիչները գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ. Փաշինյանի` Ադրբեջանի առաջարկի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:21 14-03-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողի հարցին՝ Երևանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու քննարկման և արդյոք Ադրբեջանի հետ ինտեգրման թեմայի քննարկումը զիջում է համարում, պատասխանեց. «Ես ասացի, որ իրավունքների ու անվտանգության հարցերը մեկ ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ: Մեր խնդիրը այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում, և դինամիկան ավելի համոզիչ է դարձնում, որ միջազգային մեխանիզմի հարց կա:

Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա, որ գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ: Այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու: Դա քմահաճույք չի: Խոսացողը պետք է լինի ԼՂ ներկայացուցիչը:

Երբ Հայաստանը այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից խեթ հայացքներ, կասկածներ կան, թե ինչ դավադրություններ կան: Դա նաև իրենց կարիքների բավարարման, ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանալ է: Դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի էֆեկտիվ խոսակցություն»:

Նրա կարծիքով` պետք է միջազգային որոշակի մեխանիզմ լինի, որը կերաշխավորի խոսակցության շարունակականությունը։

«Որովհետև, ասենք` Ադրբեջանն է, երկու անգամ խոսեց, ասաց` «հոգնեցի, էլ չեմ խոսում»։ Կամ անվտանգությունն ու իրավունքները դարձան հանկարծ ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան ուրիշ բան։ Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ տալ»,- շեշտեց Փաշինյանը։

Ըստ նրա` միջազգային մեխանիզմի մի քանի գաղափարներ կան, դրանցից մեկն, օրինակ, կարող է փաստահավաք առաքելությունը դառնալ։

Հիշեցնենք` Ալիևի աշխատակազմից առաջարկ էր ուղարկվել Արցախ` Բաքվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։