Կոչումով՝ ընդդիմադիրների դեմ ցուցմունք տվողների փաստաբան
copy image url

Կոչումով՝ ընդդիմադիրների դեմ ցուցմունք տվողների փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 21:33 10-03-2023
Հայաստանում ոչինչ պատահական չի լինում, թերեւս այս պատահականություններից դուրս է նաեւ փաստաբանների ընտրությունը։ Օրինակ՝ ինչպես կարող է պատահական լինել այն, որ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված, նրա դեմ հարուցված գործով վկա, Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանի փաստաբանը՝ Յուրա Ավայանը, մի շարք քաղաքական գործերով ներգրավված է որպես իշխանությունների ներկայացուցիչների փաստաբան։

Մասնավորապես, հենց Յուրա Ավայանն է դատավոր Բորիս Բախշյանի, Սյունիքի համայնքապետներ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Արթուր Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձանց փաստաբանը։ Կարելի է ասել՝ փաստաբանը հատուկ մասնագիտացել է ընդդիմադիրների դեմ ցուցմունք տվողների շահերը պաշտպանելու գործերով, նրա պաշտպանյալները «քաղմասներում գրողներն են»։

Հենց Յուրա Ավայանն է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Առուշ Առուշանյանի և նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի գործողություններից «տուժած» Գ. Հ.-ի պաշտպանը, նա նաեւ ներկայացնում էր Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի իրավունքները։

Ճիշտ է՝ պաշտպանյալներին չեն ընտրում, բոլորն էլ իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն, բայց «ասա՝ ով է պաշտպանյալդ, ասեմ՝ ով ես դու» ասույթը դեռ ոչ մեկը չի ջնջել։ Ու նման պաշտպանյալների աստղաբույլը պատահական չէ։