Հայաստանում կան կարմրուկն արագ ախտորոշող թեստեր, բայց գրեթե ոչ ոք դրանցից տեղյակ չէ
copy image url

Հայաստանում կան կարմրուկն արագ ախտորոշող թեստեր, բայց գրեթե ոչ ոք դրանցից տեղյակ չէ

Ներքին 2 տարի առաջ - 22:43 08-03-2023
Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին հայտնում են, որ մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:

Oragir.News-ի հետ զրույցում վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը, խոսելով կարմրուկի հայտնաբերման համար նախատեսված թեստերից, ասաց, որ հավանաբար կլինեն ՊՇՌ թեստեր։

«Հիվանդությունների վերահսկաման ազգային կենտրոնը և իրենց հետ համագործակցող հիվանդանոցները ունեն թեստեր, որոնք թույլ են տալիս արագ ախտորոշել, բայց արագ թեստեր ասելով եթե նկատի ունեք դեղատնից առնելու և թեստ անելու տարբերակը, որքանով ես տեղյակ եմ, չկան նման թեսթեր»։

Հարցին, թե քովիդի պարագայում կային թեստեր, որոնք շատ արագ հաստատում կամ հերքում էին վիրուսի առկայությունը օրգանիզմում, կարմրուկի պարագայում հնարավոր՞ է արագ պատասխանն ստանալ, Զաքարյանն արձագանքեց. «Բնականաբար դա այդպես էլ արվում է, բայց հիվանդանոցներում»։

Զաքարյանը նշեց նաև, որ կարմրուկի վիրուսը ունի որոշակի գաղտնի շրջան և տարածվում է միայն այն պահից, երբ կարմիր ցանավորումը ի հայտ է գալիս։

«Կարմրուկով հիվանդները վարակիչ են հիվանդության այն հատվածում, երբ սիմպտոմներն են սկսում դրսևորվել․ ցանի ի հայտ գալու պահից հետո էլ դեռևս 3-4 օր կարող է վարակել։ Այո՛, ունի ինկուբացիոն շրջան։ Այդ հատվածում չի դրսևորվում և որպես կանոն՝ չի վարակում մյուսներին»,- ասաց վարակաբանը։

Փաստորեն Հայաստանում կան կարմրուկի համար նախատեսված ՊՇՌ թեստեր, որոնց մասին մարդիկ տեղյակ չեն։