Թուրքիան քրտնաջան աշխատում է՝ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգելու համար. Չավուշօղլու
copy image url

Թուրքիան քրտնաջան աշխատում է՝ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը երկարաձգելու համար. Չավուշօղլու

Արտաքին 2 տարի առաջ - 21:00 05-03-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան քրտնաջան աշխատում է՝ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու համար։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ՄԱԿ-ի զարգացող երկրների խորհրդաժողովում։

Չավուշօղլուն հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է համաձայնագիրը երկարաձգելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը սևծովյան հացահատիկի վերաբերյալ համաձայնագրի սահուն իրականացման և հետագա երկարաձգման համար», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Դոհայում տեղի ունեցող ՄԱԿ-ի թույլ զարգացած երկրների խորհրդաժողովում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը հայտարարել է, որ Կիևը դիմել է Թուրքիային և ՄԱԿ-ին՝ կոչ անելով հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկրաձգելու շուրջ բանակցություններ սկսել, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտնել է, որ հացահատիկի գործարքի շարունակությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն ռուս արտադրողների շահերը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակներում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրը ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, դրա ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։

Ամենից շատ դիտված