Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
copy image url

Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է

Արտաքին 2 տարի առաջ - 14:00 17-11-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի հացահատիկային համաձայնագրի ժամկետը, որը լրանալու էր նոյեմբերի 19-ին, երկարաձգվել է։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է 120 օրով՝ սկսած նոյեմբերի 19-ից։

Էրդղղանն ընդգծել է, որ համաձայնագիրը երկարաձգվել է Թուրքիայի հյուրընկալությամբ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ընդունված որոշման համաձայն։ Նա միևնույն ժամանակ կարևորել է վերջին չորս ամիսների ընթացքում համաձայնագրի շնորհիվ իրականացված փոխադրումները։

«Հստակ երևում է, թե աշխարհի պարենային մատակարարման և անվտանգության տեսանկյունից որքան կարևոր և շահավետ է այս համաձայնագիրը, որի շրջանակներում վերջին 4 ամսվա ընթացքում մոտ 500 նավով ավելի քան 11 միլիոն տոննա հացահատիկ և սննդամթերք է մատակարարվել կարիքավորներին»,- իր թվիթերյան էջում գրել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ին, կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ համաձայնագիրը երկարաձգելու կամք դրսևորելու համար։ Նա նաև շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս գործարքի կայացման գործում։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են կարճ ժամանակում բանակցություններ վարել հացահատիկի միջանցքի շուրջ, եթե անհրաժեշտ լինի։ Պեսկովը նաև հավելել էր, որ իրենց փորձագետները ներկայումս աշխատում են այդ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված