Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վեհափառ հայրապետը ո՛չ բաժնետիրական, ո՛չ բարեկամական կապ չունի «Զովք» ընկերության հետ․ փոխտնօրեն
copy image url

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վեհափառ հայրապետը ո՛չ բաժնետիրական, ո՛չ բարեկամական կապ չունի «Զովք» ընկերության հետ․ փոխտնօրեն

Ներքին 2 տարի առաջ - 18:37 02-03-2023
««Զովք» սուպերմարկետները բնականոն կերպով աշխատում են, ինչ վերաբերում է սկսված գործընթացների ազդեցությանը շրջանառության վրա, պատշաճ ուսումնասիրություն չենք կատարել, որ հասկանանք՝ ազդե՞լ են, թե՞՝ ոչ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Զովք» ընկերության փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

«Սուպերմարկետն ունի հավատարիմ հաճախորդներիմեծ բանակ, այնպես որ չեմ կարծում, որ գործընթացներն ազդած լինեն շրջանառության վրա»։

Հարցին, թե եթե կարծում են, որ Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով, ապա ինչով են պայմանավորում այս գործընթացները, նա պատասխանեց, որ ձեռնպահ կմնա հայտարարություններից կամ ենթադրություններից։

Անդրադառնալով շրջանառվող վարկածներին, թե ընկերության նկատմամբ հետապնդումներ են իրականացվում և դրանք կարող են 2 պատճառ ունենալ, որոնցից մեկն այն է, որ կաթողիկողը, ըստ շրջանառվող լուրերի, մասնաբաժին ունի սուպերմարկետների ցանցում, Խաչատրյանն ասաց, որ լուրերը ծիծաղաշարժ են։

«Հասարակության մի զգալի զանգված սիրում է ապրել սերիալային տրամաբանությամբ, սենսացիաներով։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ Վեհափառ հայրապետը կապ չունի «Զովք» ընկերության հետ։ Դա ընդամենը տարածված հերյուրանք է։ Վեհափառ հայրապետը ո՛չ բաժնետիրական, ո՛չ բարեկամական, հարազատական կապ չունի «Զովք» ընկերության հետ։ Վեհափառ հայրապետին անձամբ ես միայն մեկ անգամ եմ տեսել՝ մի քանի մետր հեռավորության վրա»։

Անդրադառնալով մյուս վարկածին, թե մեկ այլ սուպերմարկետների ցանցի հետ մրցակցության հետևանք է, Խաչատրյանը նշեց, որ «Զովք» ընկերությունը բացարձակապես ոչ մեկի հետ չի մրցում։

««Զովք» ընկերությունը առաջինը ինքն իր հետ է մրցում, որպեսզի էլ ավելի մատչելի գնային քաղաքականություն սահմանի»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՔԿ-ն հաղորդագրույթուն էր տարածել այն մասին, որ «Նոր Զովք»-ի սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը կալանավորվել են «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում։ Սրան հաջորդեց ընկերության հայտարարությունը, որով մտահոգություն էին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում կատարված խուզարկությունների առնչությամբ և նշել, որ տարածած հայտարարության մեջ բերված են թվեր ու գումարները, որոնք հաշվարկված են ենթադրությունների հիման վրա:

«Չեն կարող լինել նման խոշոր ու միտումնավոր անճշտություններ, իսկ եթե անգամ կան համակարգում տեխնիկական սխալներ, վստահ ենք, որ ցանկության դեպքում շատ արագ կարելի էր դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ»,-նշված էր հայտարարության մեջ: