Ո՞վ է Արայիկ Հարությունյանն՝ ըստ Ադրբեջանի․ եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության  ներկայացուցիչ է, այդ վարքագիծը լավ հետևանքների չի բերելու
copy image url

Ո՞վ է Արայիկ Հարությունյանն՝ ըստ Ադրբեջանի․ եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության  ներկայացուցիչ է, այդ վարքագիծը լավ հետևանքների չի բերելու

Ներքին 2 տարի առաջ - 15:58 02-03-2023
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախօրեին ռուս խաղաղապահների կենտրոնակայանում արցախցիների և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած հանդիպմանը՝ նշեց․ «Եթե անգամ նվազագույն ինչ-որ հարցեր են փորձում լուծել՝ դա չպետք է դիտարկվի այն գլոբալ համատեքստում, որ Արցախ-Ադրբեջան երկխոսություն է գնում, մանավանդ որ, ադրբեջանցիների կողմից մասնակիցների հայտարարությունները ի սկզբանե թիրախավորում են՝ ձևակերպելով, որ դա հնարավորություն է՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ: Եթե այսպիսի բառապաշարը դառնում է արդեն վարքագիծ, նորմատիվ, նշանակում է, որ միջազգային հանրությունն ընկալելու է այդպես: Ամեն ինչ պետք է անեն թե՛ Արցախի իշխանությունը, թե՛ արցախահայությունը, որ երբեք, նույնիսկ նվազագույն հումանիտար խնդիրներ լուծելու համար որոշակի կոնտակտը չդառնա Ադրբեջանի ներքին հարցի շրջանակում ինչ-որ կարգավորման ուղղված գործողություն»:

Պատգամավորի խոսքով, եթե Արցախի գործող իշխանությունն ունենար կամք, վճռականություն, այս օրի չէինք հասնի:

«Անընդհատ այս վարքագիծը տանել, գնալ զիջումների՝ անընդունելի է: Պարզ է՝ լավ հետևանքների չի բերի: Այո, պետք է անել ամեն ինչ, որ որոշակի լարվածության մեղմացում լինի, բայց ոչ ի հաշիվ Արցախի ինքնորոշման։ Այս վարքագիծը լավ հետևանքների չի բերելու։ Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ ըստ Ադրբեջանի։ Եթե նա ընդամենը Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչ է, այդ դեպքում ակնհայտ է, որ մենք գործ ունենք անդեմ, անատամ, անողնաշար մի մարդու հետ, որը պետք է համաձայնի որևէ բանակցությունների մեջ մտնել։ Հայաստանը ներկայացնող բոլոր անձինք միազգային կազմակերպություններում Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ական իշխանության հանձնվողական, պարտվողական և իրենց անփառունակ իշխանությունը երկարացնելու ձգտումներով են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը նաև նշեց, որ Բերձորի միջանցքում անցակետ և տեսահսկող սարքի տեղադրումը կլինի ամենախայտառակ զիջումը․ «Արդեն 90 օր է, Արցախը շրջափակման մեջ է, ինչ-որ քայլեր պետք է իրականացվեն, այդ թվում՝ միջազգային դատարանի որոշման շրջանակներում պահանջները պետք է խստացվեն, որպեսզի որոշակի լուծում տրվի: Բայց որևէ զիջում, համաձայնություն, որտեղ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը կամ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է իրականացնեն Արցախի Հանրապետության մուտք ու ելքի նկատմամբ նման կարգի հսկողական գործառույթներ, դա նշանակում է՝ մենք ուղղակի դանդաղ մահվան ենք դատապարտում մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին ու չպետք է գնալ նման զիջումների»,- հավելեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված