Հայկական հետքն ու Ստամբուլի շքեղ ճարտարապետությունը
copy image url

Հայկական հետքն ու Ստամբուլի շքեղ ճարտարապետությունը

Մշակույթ 2 տարի առաջ - 19:41 28-02-2023
Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը, որն աշխարհի ամենահին ու ամենահայտնի քաղաքներից մեկն է, քրիստոնեության երբեմնի կարևորագույն կենտրոններից է։ Լինելով բյուզանդական քաղաքակրթության զարդը՝ Կոստանդնուպոլիս անունով հայտնի այս քաղաքը, մշտապես եղել է նվաճողների ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ այս քաղաքը ենթարկվեց Խաչակրաց չորրորդ արշավանքին։



Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի վերջնական նվաճումն ու անկումը տեղի ունեցավ 1453 թ․ ապրիլի 6-ին, երբ այն գրավվեց Օսմանյան բանակի կողմից։ Քաղաքը նվաճելուց հետո Սուլթան Մեհմեդը Օսմանյան կայսրության մայրաքաղաքը Ադրիանապոլիսից տեղափոխեց Կոստանդնուպոլիս և հիմնադրեց իր արքունիքն այնտեղ։

Բայց այս քաղաքը շարունակեց առանձնանալ իր մշակույթով ու ճարտարապետությամբ, այն չկորցրեց իր երբեմնի դեմքը, և այդ գործում իրենց ներդրումն ունեցան հայ ճարտարապետներ Պալյանները։

Պալյան ընտանիքի ներկայացուցիչները Օսմանյան արքունիքի ճարտարապետներն էին։ Այս գերդաստանի առաջին նշանավոր ճարտարապետը եղել է Պալի Քալֆայի թոռը` Մակարը: Սակայն Մակարը, դառնալով օսմանյան արքունիքում բարձր դիրք գրավող ճարտարապետ, շուտով դառնում է Պալյան գերդաստանի առաջին անդամը, ով արքունի խարդավանքների պատճառով աքսորվում է, սակայն, բարեբախտաբար, շուտով կարողանում է ապացուցել իր անմեղությունը և վերադառնում է արքունիք:



Մակարի որդին` Գրիգոր Պալյանը, վերջնականապես ամրապնդում է իր գերդաստանի փառքը որպես արքունի ճարտարապետներ: Նրան նույնպես սպառնում էր հոր ճակատագիրը, քանի որ Օսմանյան արքունիքում նման փառքի արժանանալը չէր կարող վրիպել սուլթանի մերձավոր շրջապատի ուշադրությունից, և զրպարտության արդյունքում հայազգի այլ նշանավոր գործիչների հետ նա աքսորվում է Կեսարիա:

19-րդ դարում՝ ընտանիքի ներկայացուցիչներ Գրիգոր Ամիրայի և նրան հաջորդած Կարապետ Ամիրա, Նիկողոս Բեյ, Հակոբ Բեյ և Սարգիս Բեյ Պալյանների օրոք, թուրքական ճարտարապետությունը մեծ վերելք է ապրում։ Նրանց կողմից նախագծվել են Թուրքիայի և հատկապես Ստամբուլի ամենանշանավոր կառույցները, որոնք անմիջապես առանձնանում են արևելյան և արևմտյան ավանդների յուրօրինակ ու շքեղ համադրությամբ։

Աբդուլ Համիդի կառավարման տարիներին Սարգիս Պալյանի հեռացումը վերջ դրեց Օսմանյան կայսրությունում դեռեւս 18-րդ դարում հաստատված և բավականին երկար տևած հայ ճարտարապետական ընտանիքի արքունի լիազորություններին` Թուրքիային թողնելով ճարտարապետության անգնահատելի նմուշներ:

Ներկայացնենք մի քանի կառույցներ, որոնք կառուցվել են Պալյանների շնորհիվ․

Դոլմաբահչե պալատը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում՝ Բոսֆորի եվրոպական ափին։ Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործերը պլանավորում էր այստեղ։ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թ։



Չըրաղան պալատը այսօր հինգաստղանի հյուրանոց է։ XX դարի սկզբին այստեղ զինվորականների խիստ հսկողության ներքո ապրել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը, իսկ 1909 թվականին այստեղ տեղի ունեցան երիտթուրքական խորհրդարանի առաջին նիստերը։



Յըլդըզ պալատը գտնվում է Ստամբուլում։ Եղել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը 1876-1909 թվականներին։ Պալատը կառուցված է բարոկկո ոճով։ Միապետության տապալումից հետո Յըլդըզը նախատեսված է եղել օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների համար որպես կեցավայր։ Հետագայում այն վերակազմակերպվեց և վերածվեց թանգարանի։



Բեյլերբեյի պալատը Օսմանյան սուլթանների ամառային նստավայրն էր, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։ Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861-1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։



Օրթաքյոյ մզկիթը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում: Գտնվում է Օրթաքյոյի հրապարակի մոտ: Մզկիթը Ստամբուլի և Բոսֆորի տեսարժան վայրերից մեկն է: Մզկիթը ունի երկու մինարեթներ, որոնք կառուցված են սպիտակ մարմարյա սալաքարերից, որոնցից յուրաքանչյուրը ունի առանձին պատշգամբ:



Դոլմաբահչե մզկիթը գտնվում է Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ։ Մզկիթը կառուցված է ամպիր և բարոկկո ոճերով։ Մզկիթի առանձնահատկությունները դարձան խոշոր լուսամուտները։ Մզկիթը ունի մեկ գմբեթ և երկու մինարեթներ։



Օվսաննա Իսրայելյան





Ամենից շատ դիտված