Բանակցություններ են վարվում Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կրկնապատկելու վերաբերյալ․ Վահե Դավթյան 
copy image url

Բանակցություններ են վարվում Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալները կրկնապատկելու վերաբերյալ․ Վահե Դավթյան 

Ներքին 2 տարի առաջ - 18:40 25-02-2023
Փետրվարի 14-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունից հետո, թե Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի ունեցած վթարի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները՝ համացանցում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 2022-ի հուլիսին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը նոր պայմանագիր է ստորագրել, ըստ որի՝ առաջիկա տասը տարին Հայաստանը պարտավորվում է միայն ռուսական գազ սպառել։

Oragir.News-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ասաց, որ խոսքը 10 տարվա պայմանագրի մասին է, որով իրականում պայմանավորվածություն է ձեռք բերվել գնի վերաբերյալ, մասնավորապես, այն մասին, որ ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել սահմանին գինը չբարձրացնել և պահպանել 165 դոլար՝ 1000 խմ դիմաց արժեքը։

Ինչ վերաբերում է գազատարի վնասվելուց հետո տարածվող տեղեկություններին, թե գազատարը ոչ թե վթարվել է, այլ քաղաքական դրդապատճառներով ռուսական կողմը դադարեցրել է գազի մատակարարումը՝ Դավթյանն ասաց, որ դրանք միայն խոսակցություններ են, որովհետև բազմիցս եղել են դեպքեր, երբ Ռուսաստանը տեխնիկական պատճառներով դադարեցրել է գազամատակարարումը։

«Կարծում եմ, հարցը բացառապես տեխնիկական տիրույթում է, ես չեմ կարծում, որ դա քաղաքականացնելը ճիշտ է։ ի վերջո, Ռուսաստանն ունի պարտավորություններ ՀՀ գազ մատակարարելու վերաբերյալ, այդ պարտավորությունները ամրագրված են ոչ միայն վերջին տարիներին կնքված պարտավորություններով, այլ դրա հիմքերը կարելի է գտնել 2013 թ-ին կնքված հայտնի գազային համաձայնագրերով։ Մյուս կողմից էլ, եթե գազամատարարաման խափանում լինի՝ մենք ունենք այլընտրաքային աղբյուր դա՝ Իրան -Հայաստան գազամուղն է, որի թողունակությունն ամբողջությամբ կարող է բավարարել ՀՀ ներքին պահանջարկը։ Այնպես, որ այլընտրանքային աղբյուր մենք ունենք, բայց եթե խոսքը գնում է մատակարարումների կարճաժամկետ խափանումներին, ապա մենք ունենք Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարան, որը որքանով հայտնի է՝ կարող է ապահովել մեր գազի մատակարարումները 2,5-3 ամիս։ Եթե խոսքը գնում է երկարաժամկետ գազամատակարարման խափանմանը, մենք ունենք Իրան-Հայաստան գազամուղ, որը հենց դրա համար էլ նախատեսված է»։

Ինչ վերաբերում է մեր կողմից պարտավորություն ստանձնելուն՝ առաջիկա 10 տարին միայն ռուսական գազ սպառելու՝ Դավթյանն ասաց, որ վերոհիշյալ՝ 2013 թ-ի Գազային համաձայնագրում առկա է մի դրույթ, որտեղ նշվում է, որ մինչև 2045 թ-ը Հայաստանը պարտավորվում է որոշակի քանակով գազ ներկրել Ռուսաստանից։ «Այն, ինչ ստորագրվել է 2022 թ-ին՝ դրա վերահստատումն էր՝ մի նորարարությամբ, որ ռուսական կողմը պարտավորվում է չբարձրացնել գազի գինը՝ երկարաժամկետ կտրվածքով։ Մենք նման պարտավորություն չենք կարող վերցնել։

Նման պարտավորությունը բացարձակ անհեթեթություն կլիներ, որովհետև մենք շարունակում ենք ներկրել գազ Իրանից, ավելին՝ հիմա բանակցություններ են վարվում այդ մատակարարման ծավալները կրկնապատկելու վերաբերյալ, սա ըստ իրանական կողմի հայտարարությունների։ Խոսքը, իհարկե, գազ՝ էլեկյտրաէներգիա բարտերի շրջանակներում է։

Իհարկե, այսօր մենք սուվերենության շատ մեծ խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում, սակայն բացարձակ ապասուբեկտայնացված երկիրը կարող է պարտավորվել որևէ տեսակի ապրանք, հատկապես բնական գազ ներմուծել բացառապես մեկ մատակարարից»։