Երևանից նման կարևոր կառույցները հանելը այս իշխանության պարագայում կարող է խոսել Երևանը հանձնելու մասին. Հայրապետյան
copy image url

Երևանից նման կարևոր կառույցները հանելը այս իշխանության պարագայում կարող է խոսել Երևանը հանձնելու մասին. Հայրապետյան

Ներքին 2 տարի առաջ - 21:08 23-02-2023
Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից դուրս բերելու և արդարադատության թաղամաս կառուցելու մասին:

«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից դուրս բերելու ծրագրի մասին, ասաց. «Ինձ թվում է՝ դա Նիկոլ Փաշինյանի կպչուն մտքերն են, որովհետև մի օր առավոտյան արթնանում, որոշում է համալսարանները տանել, հետո մի օր արթնանում է, որոշում է՝ պետական կառավարման մարմինները տանի, ինչ-որ ապակենտրոնացված կառավարում է անում, անկեղծ ասած՝ դա իմ համար անհանգստացնող բան է, որովհետև Երևանից նման կարևոր կառույցները հանելը այս իշխանության պարագայում կարող է խոսել Երևանը հանձնելու մասին, օրինակ, չգիտեմ, որոշվում է, որ այստեղ հնարավոր չի լինի կառավարում իրականացնել կամ պետական շենքեր դնել։ Միգուցե հայրենի Իջևանում աշխատելու, հանգրվանելու կամ իջևանելու ցանկություն ունի այդ մարդը»,- ասաց Հայրապետյանը։

Նա նշեց նաև, որ դա նորմալ, ադեկվատ մարդու գլխում տեղավորվող ցանկություն չէ. «Առանց այն էլ Երևանում գտնվող պետական կառավարման մարմինները չեն կարողանում աշխատել էլեկտրոնային համակարգով, ես ինքս այսօր Արդարադատության նախարարության ռեգիստրի պետական գործակալություն զանգել եմ 34 անգամ և չեմ կարողացել կապվել, եթե պայմանական ասենք՝ Արդարադատության նախարարությունը տանեն Գյումրի, ես Երևանից ամեն անգամ պետք է գնամ, հասնեմ այնտեղ, ինչ-որ թուղթ մուտք անե՞մ։ Ես չեմ կարծում, որ դա լինելու է, դա, ժողովրդական խոսքով ասած, շուխուռ է, որի վրա ժողովուրդը կկանգնի, կտատանվի, կքննարկի, մինչև տակը ինչ-որ այլ կարևոր պրոցեսներ տեղի կունենան»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ սա միջոց լինի պետական կառավարման շենքերի օտարման համար, Հայրապետյանն ասաց. «Դա, հնարավոր է, միջոց լինի օտարման, որովհետև ժամանակին նաև մեծ աղմուկ էր բարձրացվել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի շուրջ, որ դա օտարվել է Փաշինյանի մերձակա շրջապատում գտնվող ինչ-որ օլիգարխի, ով այդտեղ պատրաստվում է սարքել հյուրանոց, եթե այդ նպատակով է, Նիկոլ Փաշինյանի համար, չեմ կարծում, որ կոմֆորտը էական նշանակություն ունի, որովհետև գիտենք՝ այդ մարդը ինչ պայմաններում է ապրել և որտեղ է ապրել։ Չեմ կարծում, որ եթե ուզենա օտարել, օրինակ, Խաչատուր Սուքիասյանին, Արդարադատության նախարարության շենքը, հավատացեք՝ Նիկոլ Փաշինյանը դա ավելի շուտ կտեղադրի Հանրապետության հրապարակի կենտրոնում գտնվող ինչ-որ բուտկայում, քան դա կտանի, կհեռացնի ինչ-որ տեղ»։

Դիտարկմանը, որ Փաշինյանը ասել էր, որ այդ շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար շատ միջոցներ են ծախսվում, Հայրապետյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ ջեռուցման համար շատ է վճարվում, հիմա եթե պայմանական տեղափոխենք, օրինակ, Լոռու մարզ, այդ շենքը ձմռանը չի՞ ջեռուցվելու։ Ես չեմ պատկերացնում մի պետական կառավարման շենք, կառույց, որում ձմեռը ջեռուցում չլինի։ Միգուցե Փաշինյանի ընտրազանգվածը կկերակրվի նման միֆերով, բայց բանական մարդու համար դա ծիծաղելի է»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանը նշեց նաև, որ ամբողջ պետական ապարատում աշխատողները հիմնականում երևանաբնակ ՀՀ քաղաքացիներն են և ոչ միայն։

«Պայմանական տեղափոխեց այլ մարզ, ի՞նչ է անելու, Արտարադատության նախարարության աշխատակազմին ամբողջությամբ նոր, զրոյից հավաքագրելո՞ւ է այդ մարզից կամ այդ մարզի այդ քաղաքից, թե՞ ապահովելու է ինչ-որ տրանսպորտի գիծ, որ աշխատողներին ամեն առավոտ հինգին տանի, որ իննին սկսեն իրենց աշխատանքը, վեցին վերջացնեն և գիշերը մեկին հասնեն տուն․ դա աբսուրդ է։ Խնայելու մասին խոսելը ծիծաղելի է»,- ասաց Հայրապետյանը։