Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մայրաքաղաք Թբիլիսիում շտաբ է ստեղծում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։
Վերջինս կարևորել է, որ կուսակցությունը մայրաքաղաքում ուժեղ լինի՝ այդ թվում նաև կառուցվածքային տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով բացված շտաբը լինելու է նաև «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության Թբիլիսիի կենտրոնական գրասենյակը։
Խաբեիշվիլին կոչ է արել կուսակցության համակիրներին գալ գրասենյակ, գրանցվել և դառնալ «ռուսական երազանքի» (նկատի ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որին ընդդիմությունը մեղադրում է ռուսամետ քաղաքականություն վարելու մեջ-խմբ) դեմ տարած հաղթանակի մասնակիցը։
«Որպեսզի կուսակցությունը Թբիլիսիում ուժեղ լինի, մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել՝ Իրակլի Նադիրաձեի գլխավորությամբ։ Նրա խնդիրն է լինելու վերակազմավորել «Ազգային շարժումը» Թբիլիսիում, բարելավել դրա կառուցվածքը, որպեսզի կուսակցությունն ավելի ուժեղ լինի, քան երբևէ։ Զուգահեռաբար Ազգային շարժման պաշտոնական էջում կտեղադրվի հստակ հավելված, որի միջոցով յուրաքանչյուրդ կկարողանա գրանցվել:
Նրանք, ովքեր ապրում են Թբիլիսիում եւ չեն ցանկանում ապրել Ռուսաստանում, եվրոպական ապագա են ցանկանում մեր երկրի համար, ապա Բրոսսե փողոցում սպասում են ձեզ՝ բոլորիդ, ովքեր ցանկանում են մասնակցել ապառուսականացմանը, դեբիդինիզացմանը եւ ապաօլիգարխացմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով բանտից ազատ արձակել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Բանաձևում նշվել է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով և քաղաքական բեւեռացումը նվազեցնելու համար Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի և արտասահմանում պատշաճ բուժօգնություն ստանա։ Վերջինս կալանքի տակ է գտնվում 2021 թվականի հոկտեմբերից։