Հայաստանի դպրոցները կանգնած են փաստի առջև, նրանք սկսել են ֆինանսավորվել մասամբ
copy image url

Հայաստանի դպրոցները կանգնած են փաստի առջև, նրանք սկսել են ֆինանսավորվել մասամբ

Ներքին 2 տարի առաջ - 09:36 20-02-2023
Այս տարի դպրոցների ֆինանսավորումը եղել է ընդամենը առաջիկա 8 ամսվա համար։

Բանն այն է, որ սեպտեմբերից, պետական կրթական չափորոշիչի փոփոխության արդյունքում, փոխվելու է նաև դպրոցների ֆինանսավորման կարգը։

Մասնավորապես, եթե այժմ ֆինանսավորումն իրականացվում է աշակերտի թվով, ապա փոփոխության արդյունքում ֆինանսավորումը կլինի դասարանի թվով։ Սա բազում խնդիրներ է ստեղծում կրթական հաստատությունների համար, կարող են լինել հաստիքների կրճատումներ։ Հատկապես գյուղական փոքր դպրոցներն այս փոփոխության արդյունքում փաստի առաջ կկանգնեն։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ նոր ներդրվող համակարգը, հակառակը, կարող է դրական լինել փոքր դպրոցների համար, քանի որ եթե այդ դպրոցների աշակերտների թվաքանակը քիչ է, ապա դրանց ֆինանսավորումն էլ է քիչ։

«Սեպտեմբերից հաշվի է առնվելու դասարանների թիվը, այստեղ ինձ այնքան ֆինանսավորման բանաձևը չի մտահոգում, որքան ֆինանսավորման չափը»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում այսօր դեռ չկա հաշվարկ, թե մեկ աշակերտին նորմալ կրթություն տալու համար որքան գումար է անհրաժեշտ։ «Սա է ամենակարևորը, որ մենք չենք անում։ Սա է պատճառը, որ մեր դպրոցները մինչև հիմա էլ ֆինանսական խնդիրներ են ունենում, հատկապես ձմռան ամիսներին նորմալ չեն կարողանում ջեռուցել շենքերը։

Իմ կարծիքով միայն բանաձևի փոփոխություն չէ, որ պետք է անել, այլ մեկ աշակերտի հաշվարկով ֆինանսավորման նշաձողը պետք է բարձրացվի։ Հակառակ դեպքում, եթե տալիս եք X գումար, դա Y բանաձևով կհաշվարկեք ու կտաք, թե Z բանաձևով՝ դա այնքան էլ էական չէ։

Խնդիրն այն է, որ պետք է ֆինանսավորումը մեծացնել, գումարն ավելացնել, ոչ թե բանաձևերը փոխել»։