Ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, հանկարծակի օգնության եկան․ քուրդ գործիչը շնորհակալություն է հայտնել նաև հայերեն
copy image url

Ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, հանկարծակի օգնության եկան․ քուրդ գործիչը շնորհակալություն է հայտնել նաև հայերեն

Արտաքին 2 տարի առաջ - 22:00 16-02-2023
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով ներակայումս գտնվում է կալանքի տակ, շնորհակալություն է հայտնել ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքային աջակցություն ցուցաբերած երկրներին։ Այս մասին Դեմիրթաշը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Դեմիրթաշը հնչեցրել է Էրդողանի հայտնի՝ «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը, որով նա սպառնացել էր Հունաստանին։ Նա նկատում է, որ այն երկրները, որոնց երկրի իշխանությունները թշնամի էին համարում, մի առավոտ հանկարծակի եկել են օգնության։

«Որքան էլ «թշնամիներին» մարտահրավեր նետելով և ասեցին «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ», նրանք մի առավոտ հանկարծ եկան օգնության։ Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,- նշել է Դեմիրթաշը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերենով, գրել «շնորհակալություն» բառը։

Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին՝ «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով։ ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Դեմիրթաշին, սակայն Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են կատարել որոշումը։