Ադրբեջանը մի նպատակ ունի՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումները. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:17 16-02-2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

«Երեկ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը վերականգնել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Բայց երկու ժամ անց կրկին փակել է գազատարը:

Հիշեցնեմ, որ նախորդ անգամ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին: 2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում: Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը:

Եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում մեր այս պնդմանը, հիմա ժամանակի հետ սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Պատահական չէ, որ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի միջազգային ինստիտուտը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության վերաբերյալ վերջին երեք ամսում երեք անգամ հայտարարությամբ է հանդես եկել: Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 18-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության սպառնալիքին:

Այս ահազանգն ամբողջ աշխարհում պետք է ամեն օրվա հետ ավելի ու ավելի ահագնանա, և այս ուղղությամբ ջանքերի գործադրումը պետք է լինի շարունակական»,- ասել է Փաշինյանը: