Լաչինի միջանցքի փակ լինելը չի կարող ՀՀ-ի համար խոչընդոտ լինել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա նշել է, որ Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը։ «Ներկայում այդ առաջարկությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»,- ասել է Խանդանյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցության գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցին՝ Խանդանյանը նշել է, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուս համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մյուս բոլոր հարցերն ու ասպեկտները։ «Դա համանախագահի հերթական այցն էր Հայաստան։ Արդյունքները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում»,- նշել է կառավարող խմբակցության պատգամավորը։