Գրող Վուդի Ալենը
copy image url

Գրող Վուդի Ալենը

Մշակույթ 2 տարի առաջ - 22:25 12-02-2023
Վուդի Ալենը, որին բոլորը ճանաչում են որպես դերասան և ռեժիսոր նաև հրաշալի գրող է։ Նա կինոյում որպես դերասան հանդես է եկել 52 ֆիլմում, 45 ֆիլմի սցենարի հեղինակ է և 36 ֆիլմի` ռեժիսոր։ 4 անգամ Օսկարի արժանացած ռեժիսորը նաև տաղանդավոր գրող է։ Նա հումորիստական 6 գրքի հեղինակ է։



1935 թվականին Բրուքլինում, հրեական ընտանիքում ծնված Վուդի Ալենի մայրը հաշվապահ էր, հայրը` ոսկերիչ։ Սկզբում հրեական, ապա սովորական դպրոցում ուսանելու տարիներին Վուդի Ալենն արդեն հետաքրքրված էր գրականությամբ ու կինոյով։ Դպրոցն ավարտելուց հետո Ալենն ընդունվում է Նյու Յորքի համալսարան, սակայն քիչ անց քննությունները չհանձնելու պատճառով հեռացվում է։ Քանի որ կրթական հաստատությունների հետ Վուդի Ալենի հարաբերություններն անհարթ էին, նա սկսում է զբաղվել ինքնակրթությամբ։ Տարվում է ընթերցանությամբ, կարդում արևմտաեվրոպական գրականություն, սակայն շատ սիրում է ռուսականը։ Նրա սիրած գրողը անփոփոխ մնում է Ֆեոդոր Դոստոևսկին։ Շատ կարճ ժամանակահատվածում Վուդի Ալենը ինտելեկտուալի և գրականության գիտակի համբավ է ձեռք բերում։



Առանց կինեմատոգրաֆիական կրթության, Վուդի Ալենն այսօր համարվում է ժամանակակից մեծագույն ռեժիսորներից մեկը։ Չորս օսկարակիր ռեժիսորը շատ հաճախ հանդես է գալիս նաև որպես դերասան և ջազային կլարնետիստ։ Կինոյից ու երաժշտությունից բացի Ալենը հավասարաչափ ու նույն ոգևորությամբ զբաղվում է գրականությամբ։Նա իր գրական գործունեությունը սկսել է սցենարական աշխատանքներից։ Սկզբում սցենարներ է գրում հումորիստ Հերբերտ Շրայների, ապա նաև հեռուստատեսային զվարճալի հաղորդումների համար, որտեղ նրա գործընկերն էր հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնի եղբայրը` Դենի Սայմոնը։ Վուդի Ալենը Դենիին հետագայում միշտ երախտագիտությամբ է հիշում, խոստովանելով, որ նրա շնորհիվ է ձևավորվել իր գրական յուրօրինակ ոճը։



1966 թ. Բրոդվեյում տեղի է ունենում Վուդի Ալենի «Չխմեք այս ջրից» պիեսի պրեմիերան, որը խաղացվում է 598 անգամ։ Հենց այս պիեսն էլ երիտասարդ գրողին դարձնում է բրոդվեյան լավագույն դրամատուրգներից մեկը։ Ալենի հաջորդ թատերական հիթն է դառնում «Նվագիր կրկին, Սեմ» պիեսը, որը բեմ է բարձրանում 453 անգամ։ Այս պիեսն արժանանում է հեղինակավոր թատերական «Թոնի» մրցանակին»։ Յոթանասունականներից սկսած Վուդի Ալենը գրում է մի գործողությամբ փոքր պիեսներ, որոնք հետագայում տեղ են գտնում նրա «Առանց փետուրների» ժողովածուում։ Էսսեների ու պիեսների այս ժողովածուն երեք շաբաթում դառնում է Նյու Յորք Թայմսի բեստսելլերներից մեկը։
2010 թվականին «Առանց փետուրների» ժողովածուն հրատարակվել է նաև աուդիոգրքի տեսքով, որտեղ Վուդի Ալլենը ինքն է կարդում իր ստեղծագործություններ` օգտագործելով Նյու Յորքի խոսելաձևը։։
Esquire ամսագրի գնահատմամբ «Առանց փետուրների» ժողովածուն համարվել է «երբևէ գրված գրքերից ամենածիծաղելին»։



Այս ժողովածուի անոտացիայում կարդում ենք. «Տարեկան մեկ և երեբեմն նույնիսկ երկու ֆիլմ նկարահանող Ալենը իր իսկական ու ամենամեծ կիրքը համարում է պատմվածքներ գրելը: «Եթե հանկարծ չկարողանամ ֆիլմ նկարահանել,- ասում է նա,- շատ չեմ տխրի, բայց մեկ շաբաթ անգամ չեմ դիմանա առանց գրասեղանի»:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված