Թուրքիայի Մարաշի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել է Տիգրանակերտում (Դիարբեքիր-խմբ) հայ երաժիշտ Ստեփան Եփրեմյանի եղբայր Սամվելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տիգրանակերտցի երաժիշտ Ուդի Երվանդը։
Ուդի Երվանդը նախօրեին նաև տեղեկացրել էր, որ տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսն ու նրա ամուսինը մնացել են փլատակների տակ։ Նրանցից, ինչպես նաև փլատակների տակ մնացած մի շարք այլ հայ ընտանիքներից դեռևս տեղեկություններ չկան։
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով հայ համայնքում զոհերի թիվն աճում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Մալաթիայում երեք զոհերի մասին, որոնք նույն ընտանիքի անդամներ են։
Հայազգի լրագրող Արիս Նալճըն տեղեկացրել է, որ Ալեքսանդրետ քաղաքում նույնպես փլատակների տակ մնացած հայեր կան։ «Արմիկ Բալըքյան, Մեսրոպ Բալըքյան, Թշխուն Բալըքյան, լուր չկա։ Ով տեղյակ է, խնդրում եմ ինձ հայտնի»,- իր թվիթերյան էջում գրել է նա։
Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։