Միայն երկաթե շերեփն է իրավունքը․ ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյանը հայտարարում է
copy image url

Միայն երկաթե շերեփն է իրավունքը․ ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյանը հայտարարում է

Ներքին 2 տարի առաջ - 16:34 08-02-2023
Ահաբեկչություն բառն արդեն հաճախ է օգտագործվում, անգամ տարերային աղետների հետ կապվելով։ ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը չի զարմանում․ «Ժամանակը թելադրում է իրենը»,-ասում է։

Վազգեն Սիսլյանը մտահոգ է․ արհեստածին երևույթները չեն կարող կապվել մարդու պայքարի, ժողովրդի ապրելու իրավունքի հետ։ «Ուզում են մարդու իրավունքները ճնշել։ Առաջին խնդիրը ասելն է՝ կատարվածը ահաբեկչություն է։ Ազատագրական պայքարի հետ կապվող ամեն բան հարվածի տակ է, անհատներն էլ իրենց պայքարով: Ազգեր կան, որ խնդիր ունեն և իրավազրկված են, պետք է ձև գտնեն պայքարելու համար։ Իրավունքը միայն մեծ պետություններին կամ ուժ ունեցողերին չի տրված։ Այս պարագայում ո՞ւր մնաց արդարությունը»,- նկատում է։

Շրջափակված Արցախ, գույներով հագեցած Երևան։ Վազգեն Սիսլյանն ասում է․ «Միշտ կգտնվեն անհատներ, որ կգործեն հանուն ազգային շահի։ Ազատագրական պայքարը երբեք չի մարելու, եթե կան ազգի նվիրյալներ, ուրեմն կա պայքար»։

«Վան» գործողության հրամանատարը վստահեցնում է՝ միայն երկաթե շերեփն է իրավունքը։ «1990-1994-թթ հայը հաղթեց, բայց սրիկայությունը առավել հաղթող էր։ Ազատագրված տարածքները մնացին Ադրբեջանին՝ 30 տարի անց։ Մարդիկ տուն տեղ էին ստեղծել ու ապրում էին։ Ինչքան մեր ազգը կորցնի ստեղծածը։ Մեր ապրելու իրավունքը մեզնից խլում են։ Դարձել ենք ուժեղների ձեռքի խաղալիք՝ ռուսը մի կողմից է խաղում, Ադրբեջանը՝ մի կողմից, Ամերիկան էլ՝ մյուս․․․»։

Վազգեն Սիսլյանն ափսոսում է, որ մենք կորցնում ենք մեր պետականությունը․ «30 տարի մեզ պետություն ընձեռնվեց ու արժեքը չիմացանք։ Մեզ երկիր տրվեց՝ արժեքը չիմացանք։ Այս ամենը դրա հետևանքն է»։

Վազգեն Սիսլյանը ասում է՝ քանի կան ճշմարիտ պայքարողներ երկիրը կապրի։ «Վիճակը ծանր է, բայց ելք կա։ Շատ խոսել չի կարելի, պետք է գործել։ Մեր երկրի մեջ էմիգրանտ ենք դարձել, սրան վերջ պետք է տրվի»,- հավելեց Վազգեն Սիսլյանը։

Հիշեցնենք՝ 1981 թվական: Սեպտեմբերի 24: Փարիզ: Քսանից քսանչորս տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով` մոտ վաթսուն հոգու պատանդ վերցնում: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյան» մարտախմբի«Վան» գործողությունը:

Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը` վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում:

Սակայն նրանց մարտընկերներ Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են և երկար բանակցություններից հետո համաձայնում են պատանդներին բաց թողնել միայն պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա: Տեղի ունեցավ դատը՝ «Հայերի դատը Փարիզում»:

Դատի ընթացքում բավականին հուզիչ ու փաստացի պատկերներ՝ լույս սփռեցին աշխարհասփյուռ հայերի ճակատագրի վրա:

Լուսին Ղազարյան