«Երբ Աստված երկնքում ձանձրանում է, բացում է պատուհանը ու նայում Փարիզին», - գրել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն։ Կարծում եմ ոչ միայն Աստված, այլ յուրաքանչյուր մահկանացու ևս հնարավորության դեպքում սիրով կբացի պատուհանը ու կնայի Փարիզին` առաջինը այնտեղ փնտրելով քաղաքի խորհրդանիշ դարձած Էյֆելյան աշտարակը։
Էյֆելյան աշտարակը աշխարհի երևի ամենահայտնի կառույցն է, որը ճանաչելի է ցանկացած հատվածից ու ռակուրսից։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքն անհնար է պատկերացնել առանց այս աշտարակի։ Միշտ չէ, սակայն, որ այդպես է եղել։ Ավելին. ինչպես ֆրանսիացիներն են ասում, «Երկաթե տիկինը» (La Dame de Fer) հնարավոր էր, որ չհասներ մինչև մեր օրերը։

Փարիզի գլխավոր խորհրդանիշը դարձած Էյֆելյան աշտարակը սկսել են կառուցել 1887 թվականին։ Ի սկզբանե այն նախատեսված էր որպես մուտք` 1889 թվականին բացվելիք Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Այս նախագիծը հաղթեց` ունենալով 107 մրցակից, որոնք նույնպես հիմնականում աշտարակի տեսքով էին ներկայացրել իրենց կառույցները։
Աշտարակի հեղինակը ճարտարապետ և ինժեներ Գուստավ Էյֆելն է, ով դեռ այն ժամանակ արդեն հայտնի էր երկաթե կոնստրուկցիաներ կառուցելու ունակությամբ։ Կառույցի մշակումն ու կերտումն իրականացնում էին Էյֆելի ընկերության աշխատակիցները։ Գուստավը ծրագրի ղեկավարն էր, նաև մասամբ ֆինանսավորում էր շինարարությունը։ Եվ նա, բնականաբար, նախագիծն արտոնագրեց իր անունով: Թեև անհրաժեշտ գումարի մեծ մասը տվել են քաղաքային իշխանություններն ու երեք բանկեր` ակնկալիքով, որ կառույցը այնքան կգրավի այցելուներին, որ այն տեսնելու համար նրանք պատրաստ կլինեն վճարել:

Երկու տարի տևած շինարարությունից հետո Էյֆելյան աշտարակը հանրության համար բացվեց 1889 թվականի մայիսի 15-ին։ Ներդրումներն արդյունք տվեցին միանգամից. մայիսից հոկտեմբեր տևած ցուցահանդեսի ընթացքում աշտարակ այցելեց 2 միլիոն մարդ։
Ի դեպ, Էյֆելյան աշտարակի նախագիծը մինչև կյանքի կոչվելը արդեն արժանացել էր բազմաթիվ քննադատությունների։ Արվեստագետների մի մեծ խումբ նամակ-բողոք գրեց Համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպիչ Շառլ Ալֆանդին։ Նամակում ասվում էր.

«Մենք՝ գրողներս, նկարիչներս, քանդակագործներս և մինչ այժմ ապրող Փարիզի ժրաջան ջատագովներս, լինելով ֆրանսիական նուրբ ճաշակով օժտված, մեր ողջ ուժով և արժանապատվությամբ բողոքում ենք ընդդեմ աշտարակի կառուցմանը… դեմ ենք այդ անօգուտ և հրեշավոր Էյֆելյան աշտարակի կառուցմանը… մեկ վայրկյան պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ թեթևամիտ և ծաղրական աշտարակը վեր խոյանա Փարիզի կենտրոնում ինչպես մի հսկայական սև ծխնելույզ՝ իր բարբարոսական շղարշի տակ թողնելով Փարիզի Աստվածամոր տաճարը, Լուվրը, Հաղթանակի կամարը։ Բոլոր այս համեստ հուշարձանները կոչնչանան այդ տգեղ երազի ներքո։ Եվ քսան տարով... մենք դատապարտված կլինենք տեսնելու այդ մետաղի ջարդոնի ատելի ստվերը ինչպես թանաքի տարածվող բիծ»։

Գուստավ Էյֆելն անտարբեր էր բոլոր բողոքների նկատմամբ և կարծում էր, որ երեխայական արարք է` միայն թղթի վրա եղած պատկերներից կանխակալ դատողություններ անել Փարիզի վրա աշտարակի ազդեցության մասին։ Նաև, Մարսյան դաշտը, որտեղ պիտի տեղադրվեր աշտարակը, բավականին հեռու էր բողոքներում թվարկված բոլոր այն հուշարձաններից, որոնք ակտիվիստների կարծիքով, աշտարակի կառուցումից հետո կհայտնվեն նրա ստվերում։ «Արդյոք բնության օրենքները մի՞շտ են համապատասխանում ներդաշնակության գաղտնի կանոններին», - ամփոփել էր իր միտքը ճարտարապետը։
Էյֆելյան աշտարակի կառուցումից հետո բողոքարարներից ոմանք մտափոխվեցին, ոմանք շարունակեցին ատել կառույցը։ Դրա վկայությունն է հայտնի պատմությունը, թե ինչու էր ֆրանսիացի նովելիստ Գի դե Մոպասանը ամեն օր նախաճաշում Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում։ Նա պատճառաբանում էր, որ դա միակ վայրն է Փարիզում, որտեղից «զզվելի այդ կառույցը» չի երևում ։

Էյֆելյան աշտարակն ունի 324 մետր բարձրություն։ Սա համարժեք է 81 հարկանի շենքի բարձրությանը։ Ստեղծումից հետո աշտարակն արժանացավ աշխարհում մարդու ստեղծած ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի. մինչ կառուցվեց Նյու Յորքի Քրայսլեր երկնաքերը։ 1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքներ տեղադրվեցին, և այն այժմ 5,2 մետրով ավելի բարձր է, քան Քրայսլերը։
Էյֆելյան աշտարակի շերտավորված մետաղային կառուցվածքը կշռում է 7300 տոննա, ամբողջ շինության կշիռը ավելի քան 10000 տոննա է։
Աշտարակն այցելուների համար ունի երեք մակարդակ։ Առաջինում և երկրորդում ռեստորաններ են, իսկ երրորդը` դիտակետ է, որը գետնից բարձր է 276 մետր։

Բացման պահին առաջին մակարդակը բարձրանալու համար այցելուները պետք է վճարեին երկու ֆրանկ, երեք ֆրանկ՝ երկրորդի համար, և հինգը՝ աշտարակի վերին մակարդակին, գագաթին հայտնվելու համար։ Կիրակի օրերին վճարները 50%-ով զեղչվում էին։
Էյֆելյան աշտարակը, ըստ պայմանագրի, Փարիզում պիտք է կանգնած մնար 20 տարի։ Փարիզի քաղաքային իշխանությունը ծրագրել էր այն ապամոնտաժել նախանշված ժամանակահատվածում` 1909 թվականին, սակայն, քանի որ աշտարակը բավականին արժեքավոր էր հասարակական նպատակներին ծառայելու համար, որոշվեց այն պահպանել ևս քսան տարի։
Եվ Էյֆելյան աշտարակը շարունակեց կանգուն մնալ։

1940 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Ֆրանսիա, տեղացիները փչացրել էին աշտարակի վերելակը, իսկ պատերազմական իրավիճակում անհնար էր այն նորոգել։ Նացիստները չկարողացան բարձրանալ աշտարակի վերնահարկ և կախել իրենց ֆաշիստական դրոշը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին կատակել, թե Հիտլերը «կարողացավ գրավել ամբողջ Ֆրանսիան, բայց չկարողացավ գրավել Էյֆելյան աշտարակը»։
Էյֆելյան աշտարակը հաղթահարեց և՛ պատերազմը, և՛ դրան հաջորդող բազմաթիվ այլ փորձություններ։ Գեղեցիկ այս շինությունը կանգուն է արդեն 134 տարի։ Կառուցման օրվանից սկսած աշտարակն ունեցել է ավելի քան 300 միլիոն այցելու։ Այն համարվում է աշխարհի ամենաշատ այցելված վճարովի հուշարձանը։
Նաիրա Եղիազարյան