«Մենք խնդիր ունենք։ Այն է՝ մենք պետք է միանանք, կանգնենք բանակի կողքին, ստեղծենք հայոց աշխարհազորային բանակ և ուժերի դաշինք ու պահենք երկիրը»,-
Oragir․news-ի հետ զրույցում ասաց լեգենդար հրամանատար, ՀԱԲ-ի Արամո անունով հայտնի գնդապետ Արամ Թորգոմյանը։
Հրամանատարը իր տեսակետն է հայտնում․ «Շուտով բոլորը կռվելու են։ Մեր փոխարեն կռվելու են պարսիկը, հույնը, քուրդը․․»։
ՀԱԲ-ի Արամոն ասում է, որ Իրանը կարևոր զինակից է հայերին, ու կա նաև Հնդկաստանը։
«Պետք չէ ամբողջովին հույս դնել Ռուսաստանի վրա։ Մեզ մեկնված ձեռքերը պետք է բռնել։ Մենք սկսում ենք իրականացնել աշխարհազորի ծրագիրը. առաջին հույսը մեր տղերքի վրա է»,-ասում է։
Հրամանատարը վստահեցնում է՝ Արցախը ինքն իրենով կպայքարի, չի հանձնվի, Իրանն էլ կօգնի։ Արցախը տալը հավասար է Հայաստանը հանձնելուն․ «120 հազար հայի մասին եթե չհոգանք ու մեր հայրենի հողը չպահենք, Սյունիքը, Վարդենիսը կտանք։ Հետո՞․․․»։
Արամոն ասում է, որ դեռ անելիք ունի։ Մարտ ամսվա վերջին պատերազմի վտանգ է կանխատեսում։ «Պատերազմը մեր առաջ է։ Մեր պատերազմը սկսել է ու չի ավարտվել։ Մեր տղերքի արյունը կանչ ունի, ու մենք միշտ պետք է զգոն լինենք։ Ես ինչքան էլ վատառողջ լինեմ, կառաջնորդեմ իմ տղերքին։ Մեր անավարտ պայքարը միայն մի ելք ունի՝ հաղթանակ»,-եզրափակում է։
Լուսին Ղազարյան