Ցատկ դեպի ազատություն. մի լուսանկարի պատմություն
copy image url

Ցատկ դեպի ազատություն. մի լուսանկարի պատմություն

Մշակույթ 2 տարի առաջ - 22:30 05-02-2023
Բեռլինի պատը, որը բաժանում էր Արևելյան Բեռլինը Արևմտյան Բեռլինից, կառուցվել էր 1961 թվականին և կանգուն մնաց մինչև 1989 թվականը։ Ըստ պաշտոնական վիճակագրության` իր գոյության 28 տարիների ընթացքում, արևելյան կողմի քաղաքացիները Բեռլինի պատը փորձել են հատել ավելի քան 60 հազար անգամ։ Պատը հաղթահարել ու փախուստը հաջողվել է միայն 5 հազար հոգու։ Դրանցից մեկը առանձնակի հետաքրքիր պատմություն ունի։ Սահմանապահ Կոնրադ Շումանը, ով ծառայության մեջ էր ու պարտավոր էր հսկել սահմանը` ցատկեց Բեռլինի «պատի» վրայով:



Թեև 1961 թվականի օգոստոսի 15-ին, երբ 19-ամյա Կոնրադ Շումանը փախավ, պատը` որպես այդպիսին, դեռ չկար։ Նրա փախուստից մեկ օր առաջ էին նոր-նոր սկսել պատի կառուցումը։ Մինչ այդ, որպես սահման օգտագործվում էր փշալարը։

Ականատեսների վկայությամբ՝ փախուստի օրը Շումանը շատ անհանգիստ էր, անընդհատ հետ ու առաջ էր քայլում, ծխում էր, նույնիսկ ոտքով մի քանի անգամ հարվածելով` փորձել էր պոկել փշալարը։ Հակառակորդի անհանգստությունը նկատած արևմտյան սահմանապահները սկսել էին ամեն կերպ Շումանին փախուստի դրդել։ Նրանք «Դե թռի՛ր», «Արդեն արի՛» ու նմանատիպ այլ արտահայտություններով քաջալերել էին իրենց հայրենակցին: Ի վերջո, Շումանը արագ վազքով մոտեցել ու ցատկել է փշալարի վրայով։ Սահմանն անցնելուց հետո նա նետել է զենքը և անմիջապես հեռացել ոստիկանական մեքենայով։
Սահմանին հաճախակի դարձած հյուրերը, այցելուներն ու հեռուստալրագրողները հասցրել էին ֆիքսել Շումանի ցատկը։ Ընդ որում, պահպանվել է նույնիսկ այդ միջադեպի տեսագրությունը։ Ամենահաջողվածը, սակայն, Պիտեր Լեյբինգի արած լուսանկարն է, որը հետագայում դարձավ տվյալ դարաշրջանի ու իրադարձության խորհրդանիշը։



Ցավոք, որքան որ բարեհաջող ավարտվեց Շումանի փախուստը, նույնքան անհաջող ու տխուր ավարտ ունեցավ նրա կյանքը։ Կոնրադ Շումանը հաստատվեց Բավարիայում, ընտանիք կազմեց։ Ավելի քան 25 տարի նա աշխատում էր Audi-ի գործարանում՝ որպես բանվոր։ Սակայն նրան տանջում էր միայնությունը և մեղքի զգացումը։ Սահմանի այն կողմում էին մնացել Շումանի բոլոր հարազատները։ Բացի այդ, նրան անընդհատ հետապնդում էր միտքը, որ իրեն հետապնդում են ԳԴՀ-ի պետական անվտանգության աշխատակիցները: Նա վստահ էր, որ վաղ թե ուշ իրեն կսպանեն։
Չդիմանալով կարոտին, մտատանջություններին և հոգեկան տառապանքին՝ 1998 թվականին Կոնրադ Շումանը կախվեց իր տան մոտ գտնվող պուրակում։ Նա ոչ մի գրություն չէր թողել։



Մահից հետո սկսվեց ծավավել պատմությունների ու վարկածների մի մեծ շարք, որտեղ քննարկվում էին փախուստի և ինքնասպանության պատճառները։ Վարկած կա նաև, որ այս ամենը բեմականացում էր։
Շումանի փախուստի հիմնական պատճառը համարում էին այն, որ լեգենդար ցատկի ժամանակ նա արդեն ամուսնացած էր և երիտասարդ կինը Բեռլինի պատի մյուս կողմում էր։ Հենց նրան միանալու ձգտումն էր ստիպել երիտասարդ սահամանապահին` գնալ այդ քայլին։



Այնուամենայնիվ, շատ թերահավատներ մինչ օրս կարծում են, որ այս ցատկի հետ կապված ողջ պատմությունը հորինված է, քանի որ հիմնավոր կասկած հարուցող բազմաթիվ հանգամանքներ կան այս գործում։ Օրինակ. հենց այն փաստը, որ լուսանկարիչներն ու օպերատորները ցատկի պահին եղել են դեպքի վայրում և կազմ-պատրաստ սպասել են։ Մեկ այլ հարց ևս. ինչո՞ւ ոչ ոք չփորձեց կալանավորել փախածին։ Մյուս հանգամանքը, որն ամենակասկածելին է. ինչո՞ւ Շումանը չփորձեց վերականգնել հարազատների հետ կապը։ Նա ինքնասպան եղավ 1998-ին, իսկ Բեռլինի պատը քանդվել էր դեռևս 9 տարի առաջ` 1989-ին։

Այս բոլոր վարկածներից ու կասկածներից անկախ, որոնք շարունակում են մնալ որպես ենթադրություն, այնուամենայնիվ այս պատմությունն ու այն փաստող տպավորիչ լուսանկարը շարունակում են մնալ հետաքրիքր պատմական իրադարձություն։ Լուսանկարը, որը հետագայում անվանել են «Ցատկ դեպի ազատություն», հիմք դարձավ քանդակագործներ Ֆլորիան և Միխայել Բրաուերների ու Էդվարդ Անդերսի համար` Բեռլինի Բրունենստրասսեում, գրեթե փախուստի վայրում «Պատի վրայով ցատկողը» քանդակը տեղադրելու համար։

Նաիրա Եղիազարյան