«Փնթին ո՞րն է, չհասկացա», «Դուք պիտի ինձ բառեր տաք, նախադասություն կազմե՞մ»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում

Ներքին 2 տարի առաջ - 16:49 01-02-2023
Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով կա ընթացակարգ՝ նախագիծը կառավարության ներսում քննարկվելու, հաստատվելու, և նոր ԱԺ ուղարկվելու։ Շատ պարզ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է կարծիք տան Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունները։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ես ծանոթացել եմ այդ եզրակացություններին, ինձ մոտ տարօրինակ տպավորություն է առաջանում առ այն, որ Արդարադատության նախարարությունը, որ տվել է այդ փորձագիտական եզրակացությունը, այդ թվում նաև սահմանադրականության հետ կապված, ինչո՞ւ են այդպես մատների արանքով նայել, ժամանակ չունեն, թե՞ լուրջ չեն վերաբերվում։ Սա պետք է արձանագրենք։ Դիտողություններ և առաջարկներ, ամեն դեպքում, կան, բայց նախագիծը հասնում է ԱԺ, նոր պարզվում է, որ նախագիծն իր էական մասով Սահմանադրությանը հակասող դրույթներ ունի։ Սենց փնթի ձևով նախագծերը շրջանառվում են, կառավարությունը կնիքը դնում է վրան, ուղարկում է այստեղ։ Ես հո չեմ ուզում ձվի մեջ մազ ման գամ»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վրդովվեց փնթի բառից՝ ասելով․ «Փնթին ո՞րն է, չհասկացա, բառերը ճիշտ ընտրեք»։

Ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց․ «Այ քեզ բան, այսինքն Դուք պիտի ինձ բառեր տաք, ես նախադասություն կազմե՞մ, էդ ոնց կարող է էդպես լինել»։