Ցանկացած պետական պաշտոն ունի սկիզբ և ավարտ։ Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական գրել և տեղափոխվելու եմ մասնագիտական ոլորտ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Տևական ժամանակ քննարկվում էր այս հարցը: Երեք տարի եղել եմ օրենսդիր մարմնում, մեկ տարուց մի փոքր ավելի աշխատել եմ գործադիրում: Բազմաթիվ հմտություններ է տվել այս աշխատանքը, բայց կարծում եմ, որ հետայսու իմ հնարավորությունները, գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեմ այլ բնագավառում՝ ի նպաստ Հայաստանի։ Մասնագիտությամբ ես իրավաբան եմ»,- ասաց Բաղդասարյանը՝ չհստակեցնելով՝ ՄԻՊ-ի՞, թե՞ արդարադատության փոխնախարարի պաշտոնն է ստանձնելու․ «Այս պահին քննարկումներ են, կարծում եմ, մոտ օրերս պաշտոնական տեղեկություն կլինի»։
«Ինչ վերաբերվում է իմ եղբորը, հասուն քաղաքացի է ունի իր դիրքորոշումը, իսկ այն թեզերը, որ տարածվեցին իրեն բերման ենթարկելու հետ կապված՝ ոստիկանությունը պարզաբանում տվել է, որ որևէ բան չեն գտել»,- պատասխանեց Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ չի ցանկանում մանրամասնել ընտանեկան հարաբերությունները: