Առավոտը սկսվեց կրկին սարսափելի
լուրերով․ վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, կան վիրավորներ:
Ինչպես ասում են՝ ամեն ինչ լավ էր, միայն սա էր մեզ պակասում․ պատերազմին, դրանից հետո ինչքան զոհեր ունեցանք ԶՈՒ-ում, և «անզգուշության» հետևանքով կրկին զոհեր ունենալը մարդու ուղեղում չի տեղավորվում:
Արդեն
տեղեկություններ կան, որ ՊՆ-ում մի շարք ազատումներ կլինեն՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:
Բայց սա բավարար չէ,պետք է հանգամանորեն պարզվի, թե այս անձանցից ով ինչում է թերացել: Ազատումները, իհարկե, կարևոր են, սակայն դրանով մարդկանց չենք սփոփի:
Հատկապես, որ այս դեպքը բավականին կասկածելի է թվում և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, այդ ինչպես եղավ, որ վառարանից այսպիսի հրդեհ բռնկվեց և այսքան զոհ ունեցանք:
Վերջիվերջո, թերևս դա միակ զորամասը չէ, որտեղ վառարան կա ու եղել է, բայց այսքան տարիների ընթացքում նման դեպքերի մասին չենք լսել:
Ի՞նչ է, վառարաննե՞րը դարձան վտանգավոր, թե՞ զինվորները դարձան անզգույշ, նման տարրական հարցերը ԶՈՒ-ում տասնամյակներ շարունակ կարգավորված են եղել, այդ է պատճառը, որ անզգուշությամբ պատահարները մեզանում եղել են զենքի կանոնների խախտման տեսքով, ոչ հրդեհի, ու ոչ 15 մարդու կյանքի գնով: Սրանք հարցեր են, որոնք այսօր յուրաքանչյուրը քննարկում է և ցանկանում է ստանալ պատասխաններ:
Իրավասու մարմինները՝ ՊՆ, քննչական, ճիշտ կանեն օպերատիվ և համապարփակ ինֆորմացիա տալ՝ փարատելու օդում կախված կասկածները: Առանց այդ էլ, հասարակություն-պետություն հաղորդակցության մեջ վաղուց վստահություն և հավատ չկա, այնպես որ, այս կասկածները չպետք է զարմացնեն: