Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցից առաջ Հայաստանը ոչ մի աշխատանք չէր կատարել․ փորձագետ
copy image url

Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցից առաջ Հայաստանը ոչ մի աշխատանք չէր կատարել․ փորձագետ

Ներքին 2 տարի առաջ - 18:45 16-01-2023
Ֆրանսիայի Աժ նախագահի այցին ընդառաջ ՀՀ իշխանությունները չէր կատարել իրենց տնային աշխատանքը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Իր գնահատմամբ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությունը, որ իր իրենք չեն ճանաչում ԼՂ անկախությունը, խնդրահարույց էր մեզ համար։

«Ավելի լավ էր առհասարակ այդ հարցին չանդրադառնալ, քան անդրադառնալ ու հենց այն կոնտեքստով, որով արտահայտվեց։ Սա, առաջինը, նշանակում էր, որ ՀՀ-ն առնվազն այս ուղղությամբ աշխատանք չէր կատարել, նախապես չէին ճշտվել այն սահմանները և այն թեզերը, որոնք պետք է հնչեին Երևանում։ Մենք հիշում ենք, որ Ֆրանսիայի ԱԺ նախագահի այցը Հայաստան նաև ուներ այնպիսի ենթատեքստ, որ գալիս է աջակցելու հայ ժողովրդին, նաև արցախահայությանը՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված։ Այս իմաստով՝ իր այցելությունը և իր մեսիջները պետք է կրեին հայկական կողմին բացառապես աջակցող թեզեր՝ ուղղված աշխարհին ու հատկապես Ադրբեջանին»,- ասաց նա։

Իրականությունը, սակայն, ըստ քաղաքագետի, այլ էր։ Այս այցի արդյունքները Ադրբեջանի մոտ ավելի մեծ ոգևորություն է առաջացրել այն առումով, որ Արցախը չի կարող ճանաչվել միջազգային հարթակում։

«Ավելին, Ադրբեջանը ոգևորվել է այն փաստից, որ աշխարհը չի ճանաչում։ Գիտենք, որ Ֆրանիան Ադրբեջանում համարվում է Հայաստանի դաշնակից, և նրանք հայտարարում են, որ նույնիսկ այդ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Դա խնդրահարույց կողմն էր»,- ասաց նա։

Անդրադառնալով Բերձորի միջանցքում փաստահավաք առաքելության համար Ֆրանսիայի չդիմելու հարցին՝ քաղաքագետն ասաց, որ հայկական դիվանագիտությունը որևէ պրոֆեսիոնալ տնային աշխատանք չէր իրականացրել։

«Ամեն ինչ ցրված, ամեն ինչ հախուռն կերպով էր։ Անգամ զգացվում էր, որ նույնիսկ շոշափվող հարցերը փոխհամաձայնեցված չէին, այն թեզերը, որոնք պետք է հնչեին։ Սա խոսում է հայկական կողմի ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ մասնագիտական մոտեցման, դիվանագիտական աշխատանքի բացակայության մասին։ Սրանք ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ժամանակ առ ժամանակ ստեղծում են ավելի շատ խնդիրներ, քան փորձ է արվում որևէ լուծում գտնել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Ֆրանսիայի ԱԺ նախագահի հայտարարությանը, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քաղաքագետն ասաց, որ միջազգային հարաբերությունները կառուցվում են միայն փոխադարձ շահերի հիմքով։ Այս պահին միջագային հանրությունն առավել մեծ ակնկալիքներ ունի Ադրբեջանից, քան Հայաստանից։

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ միջազգային հարաբերությունները տալու և առնելու հարաբերություններ են։ Այն պահին, երբ Ադրբեջանը՝ կլինի Ֆրանսիան, թե մեկ այլ երկիր, կունենա տալու երևէ բան, նրա շահերը գերակա կլինեն։ Անգամ այն դեպքում, եթե նույնիսկ առերևույթ քննադատի այդ երկրի վարած քաղաքականությունը, ապա առնվազն կիրառական քայլեր չեն ձեռնարկվի, որոնց կսահմանափակեն Ադրբեջանի հնարավորությունները»,- ասաց նա։

Սա, ըստ փորձագետի, առավել ակնհայտ դարձավ հատկապես ռուս- ուկրաինական պատերազմի ընթացքում Եվրոպայում ռուսական էներգակիրներից ազատվելու գործընթացից հետո։ Արդյունքում Ադրբեջանի կշիռն, ըստ նրա, Եվրոպայում առավել մեծացավ։

«Ադրբեջանի էներգակիրները, տարանցվելով դեպի Եվրոպա, այդ երկրի համար հնարավորություն են ստեղծում դա ծառայեցնել իր քաղաքական նպատակներին։ Այսինքն, դա՝ որպես քաղաքական կապիտալ, օգտագործվում է՝ ստանալու համար այն, ինչ այդ պահին իրեն պետք է։ Իսկ մինչև այժմ գոնե տեսնում ենք, որ Ադրբեջանն առնվազն ստանում է այն, ինչ պետք է։ Այսինքն, իր նկատմամբ չեն կիրառվում պատժամիջոցներ, և, այսպես կոչված, միջազգային հանրությունը որևէ էական քայլ չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ։ Օրինակ՝ 10 տարի առաջ երևակայությունից դուրս կլիներ պատկերացնել, որ աշխարհի աչքի առջև կարող է որևէ շրջանում 120․000 բնակչություն կտրվել աշխարհից, բլոկադայի ենթարկվել, և աշխարհը լռի ու միայն ասի՝ այս ինչ վատ բան է պատահել։ Իսկ այժմ մենք տեսնում ենք, որ սա իրական է։ Որ կարող է ցեղասպանվել ժողովուրդ, ու աշխարհը լավագույն դեպքում կարող է միայն բանաձևեր ընդունել և միայն քննադատել, թե ինչ վատ բան է կատարվում մեր աչքերի առաջ։ Բայց կիրառական քաղաքականության մեջ մենք գործնական քայեր չենք տեսնում»,- ասաց նա։ Այս առումով, փորձագետը սահմանեց, որ աշխարհում առավելապես գերակա են շահերը։ Ըստ նրա՝ դրանք այս պահին ավելի շահ համընկնում են ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հետ։

«Ուստի, դա կլինի ՀՀ որևէ պաշտոնյա, թե որևէ քաղաքացի, եթե պատրանքներ ունի, որ որևէ միջազգային օրենքի համաձայն՝ գալու են և ՀՀ-ին հանելու են այս վիճակից, կարծում եմ, որ միայն մոլորություն է։ Այս պարագայում ես բազմիցս շեշտել եմ, որ ՀՀ միակ ապավենն իր բանակն է, իր սեփական ուժերով սեփական ճակատագիրը որոշելու հնարավորության ստեղծումը»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված