Մեզ մնում է ասել. «Հանգչի՛ր խաղաղությամբ»
copy image url

Մեզ մնում է ասել. «Հանգչի՛ր խաղաղությամբ»

Մշակույթ 2 տարի առաջ - 20:20 15-01-2023
Երկարատև հիվանդությունից հետո, 84 տարեկանում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն։

Տաղանդավոր ու խարիզմատիկ դերասանն այս աշխարհը լքեց սիրված, գնահատված ու լիուլի մեծարված։



Թբիլիսիում ծնված, այնուհետև Թբիլիսի համալսարանը, ապա նաև Օտար լեզուների ինստիտուտը ավարտած Կիկաբիձեին կինոյում բախտը լիաժեք ժպտաց երկու անգամ։ Երկու անգամն էլ այդ ժպիտը նրան պարգևեց իր տաղանդավորագույն հայրենակիցը` Գեորգի Դանելիան։ Առաջինը` 1969-ին «Մի վշտանա», իսկ երկրորդը` 1977-ին նկարահանված «Միմինո» ֆիլմերով։ Նա որպես կինոդերասան փայլեց հենց այս երկու ֆիլմում։ Հետո եղան նաև այլ կինոնախագծեր, որտեղ Կիկաբիձեն հանդես եկավ և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր, սակայն դրանք երբեք չկարողացան հասնել նախորդների հաջողությանն ու փառքին։
Վախթանգ Կիկաբիձեն կինոյից բացի, զուգահեռ զբաղվում էր նաև էստրադայով։ Խորհրդային շրջանում նա ուներ բազմաթիվ հիթային կատարումներ, սակայն արդարության համար նշենք, որ երգչի նրա հաջողված կարիերան նույնպես պարտական էր «Միմինո» և «Մի վշտանա» ֆիլմերին։



Հետխորհրդային տարիներին վրաց դերասանի մասին տեղեկանում էինք հիմնականում նրա համերգային ծրագրերից, հեռուստատեսային հաղորդումներից, տարբեր հարցազրույցներից։ ԽՍՀՄ-ի փլուզման հետ, կարելի է ասել, ավարտվեց նաև Կիկաբիձեի կինոկարիերան, սակայն` ո՛չ դափնիները։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից շնորհվող անթիվ անհամար շքանշաններին ու պարգևներին գումարվեց նաև Մոսկվայի «Աստղերի հրապարակում» բացված նրա աստղը։
Հայ հանդիսատեսը Կիկաբիձեին հայ բեմում վերջին անգամ տեսավ 2014-ին, երբ դերասանը համերգային ծրագրով նշում էր իր 75-ամյա հոբելյանը։

Հետո կրկին լռություն... ու նոր ակտիվություն նկատվեց Վախթանգ Կիկաբիձեի անվան շուրջ վերջին երկու տարիներին։ Այս անգամ ակտիվությունը բացարձակ մշակութային չէր։ Դերասանն իր ողջ հնարավորություններով լծվել էր պաշտպանելու Ուկաինային և քննադատելու Ռուսաստանին` երկու երկրների միջև ընթացող պատերազմի առիթով։



Բարոյակա՞ն քայլ էր արդյոք սա մշակույթի գործչի կողմից։ Միգուցե այո, սակայն նույն այդ բարոյականությունը կասկածի տակ է հայտնվում այն պահից, երբ դա գործում է տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ, ազգություն առ ազգություն...
Նախկինում վրացի այս դերասանն իր բոլոր հարցազրույցներում առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ Մհեր Մկրտչյանին սիրում էր հարազատի պես, ծննդավայրի մասին խոսելիս պարտադիր նշում էր, որ իր տունը Փարաջանովի տան կողքին էր, իսկ հայ ժողովրդին իր «ախպերն» էր համարում, սակայն նրա այս «մեծ սերը», բարոյականությունը, ազնվությունն ու արդարամտոիթյունը, չգիտես ինչու, ոչ մի կերպ չարտահայտվեցին Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ։

Բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը... չգիտե՛մ։ Սակայն, հաստատ, շնորհալի էր։ Նա մեր պատանեկության և երիտասարդության տարիների երկու ամենալուսավոր ֆիլմերի հերոսն էր, «Չիտո-գրիտո» երգի հրաշալի կատարողը և իր ազգի հպարտությունը։
Մեզ մնում է ասել. «Հանգչի՛ր խաղաղությամբ»։

Նաիրա Եղիազարյան




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի