Բերտա Մորիզո. իմպրեսիոնիզմի մուսան
copy image url

Բերտա Մորիզո. իմպրեսիոնիզմի մուսան

Մշակույթ 2 տարի առաջ - 23:11 13-01-2023
1841 թվականի հունվարի 14-ին ծնվել է ֆրանսիացի նկարչուհի Բերտա Մորիզոն, որին անվանում են իմպրեսիոնիզմի մուսա։ Նա առաջին կին իմպրեսիոնիստն էր, ում հավասարի պես ընկալեցին ու ընդունեցին իր տղամարդ գործընկերները։

Բուրժուական հարուստ ընտանիքում ծնված Բերտան և նրա քույրը՝ Էդման, մանկուց տարված էին նկարչությամբ և միասին հաճախում էին գեղարվեստի դպրոց։ Սակայն պրոֆեսիոնալ նկարիչ դարձավ միայն Բերտան։



Նրա ուսուցիչը՝ Կամիլ Կորոն էր, որն էլ առաջինը նկատեց երիտասարդ նկարչուհու տաղանդի մեծությունը։

Բերտան այնպիսի արագությամբ ու անհագորեն էր կլանում արվեստը, որ կարողացավ 23 տարեկանում ներկայանալ Փարիզի Սալոնում։ Նրա կտավներն անընդմեջ ընտրվում էին Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսների համար։ Դա ոչ այլ ինչ էր, քան նրա տաղանդի պաշտոնական ճանաչում և ընդունում։

Հետագայում Բերտա Մորիզոն հրաժարվեց ցուցադրվել Սալոնում՝ ի աջակցություն իմպրեսիոնիստների, որոնք դեմ էին ակադեմիական պաշտոնական ոճին։ Շուտով Մորիզոյին նկատեց իմպրեսոնիստների առաջնորդը` Էդուարդ Մանեն։ Նա հիացած էր ոչ միայն Մորիզոյով, այն նաև նրա արվեստով։

Կարճ ժամանակ անց նկարչուհին դարձավ Մանեի մուսան։ Վեց տարի շարունակ նա ոգեշնչում էր Էդուարդ Մանեին` ստեղծելու իր կտավները։ Իմպրեսիոնիզմի հայրը իրար հետևից ստեղծում էր Բերտա Մորիզոյի դիմանկարները։ Դրանց թիվն անցնում է մեկ տասնյակը։ Նրանց միջև նուրբ ու յուրահատուկ հարաբերություններ էին ձևավորվել, սակայն դա բնավ էլ սիրավեպ չէր։ Նկարիչը աղջկա հանդեպ ոչ մի սիրային ոտնձգություն թույլ չէր տալիս, Բերտան էլ իր լուռ ու զուսպ պահվածքով չէր նպաստում սիրավեպի զարգացմանը, թեև խորը համակրանք ուներ Մանեի հանդեպ։ Այդ ժամանակ Մանեն ամուսնացած էր և երեխա ուներ։ Իսկ 27-ամյան Բերտան հայտարարել էր ծնողներին, որ ընդհանրապես մտադիր չէ երբևէ ամուսնանալ։ Մայրը խիստ մտահոգված էր, քանի որ մի անգամ տեսել էր, թե ինչպես էր Մանեն նկարում Բերտային և հետո աղջկան ասել էր. «Նա խելագարի է նման»:



Մանեն այնքան տարված էր Բերտա Մորիզոյի դիմանկարներով, որ հրաժարվեց մնացած պատվերներից։ Մանեն տարված էր ոչ միայն Մորիզոյին նկարելով, այլ անկեղծորեն հավանում էր նրա արվեստը։ Նա հաճախ էր գովում Բերտայի նկարները ու ոգևորում նրան։ Յուրօրինակ տեղծագործական այս տանդեմը անսպասելիորեն փլուզվեց այն պահին, երբ Բերտա Մորիզոն հանդիպեց Մանեի եղբորը։

1870 թվականին Մանեի եղբայր Էժենը սկսեց հաճախակի հյուր գալ եղբորը։ Նա մտերմացավ Բերտայի հետ՝ հիանալով նրա արվեստով։ Չորս տարի անց, երբ Բերտան արդեն 33 տարեկան էր, նրանք ամուսնացան։

Որպես անհնարին սիրո ու հրաժեշտի նշան՝ Մանեն նկարեց իր «Մանուշակների փունջը» կտավը, որտեղ պատկերել էր մանուշակներ` Բերտայի առաջին դիմանկարից, հովհար՝ երկրորդից, և թղթի մի կտոր՝ «Օրիորդ Մորիզո» մակագրությամբ։ Մանեն նկարն ուղարկեց Բերտային։ Նկարիչն իր մուսային ևս մեկ անգամ նկարեց 1874 թվականին, որտեղ Բերտային պատկերել էր ամուսնական մատանիով։ Սա վերջին կտավն էր, նա այլևս երբեք չանդրադարձավ Բերտա Մորիզոյին։



Հարսանիքից հետո Բերտան քրոջը գրեց. «Ես ամուսնացա հրաշալի, ազնիվ մի երիտասարդի հետ։ Կարծում եմ, որ նա իսկապես սիրում է ինձ: Ես երկար ժամանակ վազում էի պատրանքների հետևից, որոնք ինձ այդպես էլ չերջանկացրեցին, հիմա սկսվում է իրական կյանքը»։

Մորիզոյի ամուսինը դարձավ նրա օգնականն ու մենեջերը և աջակցեց կնոջն ամեն ինչում։ Հարսանիքից 4 տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Ջուլին։

Բերտան աշխատում էր օրնիբուն։ Նա վստահեցնում էր, որ «Նկարչությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս պատկերել յուրաքանչյուր անցողիկ բան»։



Նրա ստեղծագործական թեմաները շատերին թվում էին չափազանց նեղ, սահմանափակ՝ լեցուն կանանց կյանքով, ընտանիքով, հարմարավետությամբ և երեխաներով։ Անկախ մարդկանց վերաբերմունքից ու գնահատականներից՝ Մորիզոյի կտավները սպասված էին բոլոր ցուցահանդեսներում և սպառվում էին շատ արագ։



1892 թվականին մահացավ Մորիզոյի ամուսինը` Էժեն Մանեն, սակայն նկարչուհին իր մեջ ուժ գտավ ու հենց նույն տարում բացեց իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա արվեստի հանդեպ մեծացող հետաքրքությունը ու ճանաչումը նոր թափ էր սկսել ստանալ, սակայն 1895 թվականին Մորիզոն հիվանդացավ թոքաբորբով և մահացավ 54 տարեկան հասակում։

Տաղանդավոր նկարչուհուն թաղեցին Փարիզի Պասսի գերեզմանատանը` Էժեն և Էդուարդ Մանեների կողքին։



Բերտա Մորիզոյի ստեղծագործական ժառանգությունն այսօր կազմում է շուրջ 400 կտավ, որոնցից մի քանիսի գինը հասնում է մինչև 4 միլիոն դոլարի։



Ավելին` 2013 թվականին Բերտա Մորիզոն համարվեց ամենաթանկ նկարչուհին, երբ Քրիստիի աճուրդում նրա «Ճաշից հետո» կտավը վաճառվեց 10.9 միլիոն դոլարով։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի