Էդ ամեն ինչը թափվել ա իմ գլխին․ ո՞րն է լինելու Փաշինյանի պատիժն այս երկրային կյանքում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:31 10-01-2023
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել՝ «ցանկացած մեղավորություն ենթադրում է որոշակի պատիժ, ո՞րն է լինելու Ձեր պատիժն այս երկրային կյանքում», ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․

«Պատիժը քրեաիրավական հասկացություն է և համոզված եղեք, որ եթե պատժի արժանի որևէ գործողություն իրականացրել եմ, այդ պատիժն անխուսափելի է և վրա կհասնի որևէ պահի, որովհետև ՀՀ-ում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը: Եվ մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներն ուղղված են հենց դրան, որ պատժի անխուսափելիության սկզբունքը իրապես գործի»։

Փաշինյանը նշեց, որ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկն իրեն կարող է ասել՝ դավաճան, կամ նույնիսկ կարող է հայհոյել իրեն: Խնդիրն այն է, որ այդ ամենն իրականում ծառայեցվում է չհասկանալու մեր խնդիրը։

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին և դիտարկմանը, որ ինքն ասում էր՝ ՌԴ-ի հետ երբեք այսքան վստահելի հարաբերություններ չեն եղել, իսկ այսօր քննադատության թիրախում է նաև Ռուսաստանը, Փաշինյանն ասաց․ «Ես հիմա էլ եմ ասում՝ մեր և Ռուսաստանի միջև ավելի վստահելի հարաբերություն չի եղել: Այն, ինչ այսօր ձեզ հետ խոսել եմ, այդ ամենը շատ ուղիղ, շատ բաց խոսվում է նաև իրենց հետ: Շատ վստահելի է, բայց դրանից իրողությունները չեն փոխվում:

ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում փոխադարձ պարտավորությունների կատարման առումով պրոբլեմը գոյություն է ունեցել դեռ ինձնից առաջ: Էս պատմության ոչ մի բան նոր չի: Որ ասում եք՝ պատիժ, ամենամեծ պատիժն այն է, որ այդ ամեն ինչը թափվել է իմ գլխին: Դրանից լավ պատի՞ժ, եթե ձեզ թվում է, որ դրանից ավելի մեծ պատիժ հնարավոր է որևէ մեկին տալ, էնքան եք սխալվում: Ես բանտում եղել եմ, և մինչև հիմա իմ մտերիմները գիտեն՝ բանտում իմ անցկացրած շրջանը հիշում եմ շատ պոզիտիվ երանգներով: Եթե որևէ մեկին թվում է, որ դրանով ինձ պատժած է եղել, չարաչար սխալվում է: Մարդկանց թվում է, թե էդ պատիժ ասածը սղոցով կտրտելն է, դա էլ է պատիժ, իհարկե: Դուք հասկանո՞ւմ եք, որ էն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, ոչ 100 տոկոսով, բայց սոցիալ-հոգեբանական առումով 100 տոկոսով, շատ երկար իրադարձությունների կուլմինացիա է: Ձեզ թվում է, որ էն, ինչ-որ այսօր աշխարհում տեղի է ունենում, դա կապ չունի՞ 2020թ․ իրադարձությունների հետ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուզում է բոլորն ավելի լավ հասկանան այն, ինչ տեղի է ունենում։

«Տեղի է ունենում մի բան՝ աշխարհը փլուզվում է։ Այո, 2020թ․ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը կարող էին զոհեր չլինեին, բայց դա չի նշանակում, որ 2021թ․ հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը այդ նույն զոհերը կամ կրկնակի զոհեր չէին լինի: Խոսքը սրա մասին է, որովհետև ամեն ինչը գին ունի: Մենք այդ գինը վճարել ենք, վճարում ենք և պիտի վճարենք: Մենք չգիտեի՞նք, որ էս պատմության վերջը էս է լինելու: Մենք բոլորս պատրաստ էինք գնալ թուղթ ստորագրել, որ տարածքներից 5-ը վերադարձվում են, մյուս երկուսը ժամանակավորապես են վերադարձվում՝ առանց ԼՂ կարգավիճակի հեռանկարի, հա՞, մենք բոլորս դրան պատրա՞ստ էինք դրան: Հիմա հետահայաց կարող ենք ասել, որ այդպես ավելի լավ կլիներ: Իհարկե, կարող ենք ասել: Մենք գուցե «հայի հետին խելքի» զոհն ենք»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված