Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասել է, որ իր խորթ մայրը՝ թագուհի կոնսորտ Կամիլան, «վտանգավոր չարագործ է», որն իր ուզած կարգավիճակին հասնելու ճանապարհին «մարմինները թողնում է փողոցներում»: Համապատասխան հայտարարությունը նա արել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տվել է իր ինքնակենսագրական «Spare» («Պահեստային») գրքի հրատարակման կապակցությամբ:
Հարրին պնդում է, որ հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի կինը, որի հետ միապետը սիրավեպ է ունեցել դեռևս ամուսնացած լինելով արքայադուստր Դիանայի հետ, կազմակերպել է լրատվամիջոցներում տարբեր արտահոսքեր՝ բրիտանական ազդեցիկ մամուլի աջակցություն ստանալու և հասարակության մեջ իր դիրքերն ամրապնդելու համար:
«Նա չարագործ էր, ամուսնության մեջ երրորդ անձը», - ասել է արքայազնը:
Նրա խոսքով՝ Կամիլային անհրաժեշտ էր «վերականգնել» սեփական կերպարը։ Ինչպես բացատրել է Հարրին, Կամիլան «վտանգավոր» է դարձել բրիտանական մամուլում իր ստեղծած կապերի պատճառով:
Հարրին հավելել է, որ բրիտանական թագավորական ընտանիքը կարդում է տաբլոիդները, երբ հավաքվում է նախաճաշին։ Ինչպես նա նշել է, դրանցում հրապարակված նյութերի բովանդակությունը «հետք է թողնում մտքում» անկախ նրանից՝ հավատո՞ւմ ես գրվածին, թե՞ ոչ։
Արքայազն Հարին հայտարարել է նաև, որ երկար տարիներ վստահ է եղել, որ մայրը չի մահացել, այլ որոշել է որոշ ժամանակով անհետանալ։
«Երկար ժամանակ ես պարզապես հրաժարվում էի ընդունել, որ նա չկա», - ասել է Հարին՝ նշելով, որ իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, ևս նման մտքեր ուներ։
Հարին խոստովանել է, որ երկար տարիներ հավատացել է՝ որոշ ժամանակ անց մայրը կզանգահարի և իրենք կրկին միասին կլինեն։
«Ես հաճախ էի ինքս ինձ առավոտյան ասում. «Գուցե սա այդ օրն է: Միգուցե սա այն օրն է, երբ նա նորից կհայտնվի»», - գրել է Հարին իր գրքում։
Նա նաև պատմել է, որ մինչև 23 տարեկանը լրանալը և առաջին անգամ Փարիզ այցելելը հավատում էր, որ Դիանան կարող է դեռ ողջ լինել։
Արքայադուստր Դիանան զոհվել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարում 1995 թվականին, երբ Հարին ընդամենը 12 տարեկան էր։