Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել
copy image url

Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել

Մշակույթ 2 տարի առաջ - 19:07 30-12-2022
Մի քանի ժամից կավարտվի 2022 թվականը, և մենք կհայտնվենք նոր տարում։ 2023-ի շեմին մենք միմյանց Ամանորի բարեմաղթանքներ կշռայլենք։ Դրանք կլինեն շատ հաճախ մտածված, ի սրտե, անկեղծ խոսքեր, կլինեն նաև հերթական, ծեծված ու մաշված մտքեր։ Յուրաքանչյուրս մեր ընդունակությունների, բառապաշարի հարստության, մտածողության ու տրամադրության սահմաններում կձևակերպենք մեր խոսքը։ Իսկ մինչ այդ` առաջարկում ենք կարդալ հայ մեծերի Ամանորի խոհերն ու բարեմաղթանքները, որոնք տարբեր տարիներին ընդգրկվել են լրատվական տարբեր հարթակներում ու գրքերում (մի քանիսը` Կլարա Թերզյանի «Բյուր մեծաց» գրքից են)։

Տարբեր տարիներին հայ մտավորականների ասած ու գրած խոսքն այսօր էլ արդիական է։ Նրանց բոլորի բարեմաղթանքներում պարտադիր կա «խաղաղություն» բառը, քանի որ, ինչպես Մարտիրոս Սարյանն է ասում. «Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել»: Եվ այսպես` ի՞նչ են մաղթել հայ մեծերը.

1926 թվականի դեկտեմբերի 31-ին Վենետիկում, իր «Հիշատակարանում» բանաստեղծ Ավետիք Իսահակյանը գրում է.

«Ժամը 12-ին հնչեց 12 ժամը: Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ: Նորը սկսվեց: Լուսամուտը բացել, նայում եմ: Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթև, կապույտ ամպեր: Լսում եմ, գնացքը գնում է` սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ… 15 վայրկյան… Պառկել վերհիշում եմ բոլոր նոր տարիները, որ դիմավորել եմ. ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս… Սուլում են նավերը, մեկը կտրում, մյուսը սկսում… Մարդկությունը ուրախանում է. ինչի՞ համար, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնի՞ց դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ով գիտե ի՞նչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, և շատերս չենք հասնելու, անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՞նչ բնազդ է… »։



Քանդակագործ Երվանդ Քոչարը 1966 թվականի իր Ամանորի բարեմաղթանքում ասել է.

«Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անելը շատ դյուրին բան է, քանի որ մարդանց սրտերում մի իղձ և ցանկություն կա, եթե միլիոնավոր հայերին խնդրենք իրենց սրտի մաղթանքն անեն 1967 թվականին, բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն` «Թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը»: Այո՛, չարը կորչի և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլ բոլոր մարդկության սրտերում, աշխարհից վերանան թշնամությունը, ատելությունը և պատերազմը: Մեզ` հայերիս համար միակ ցանկալին և երանելին խաղաղությունն է: Մենք փոքրաթիվ, փոքր ազգ ենք, մեր գոյության իմաստն ու առավելությունը` մեր տաղանդն է, որը իրավունք է տալիս մեզ մեծ` բազմամիլիոն ազգերի շարքում կանգնել և ապրել այս արևի տակ: Դրա համար մաղթում եմ, որ 1967 թվականը լինի հայ ժողովրդի համար առավել բեղմնավոր և ստեղծագործ տարի: Թող շատանան տաղանդավոր և ձեռներեց հայերը բոլոր ասպարեզներում, և հայ անունը լինի դրոշակ ազգերի հառաջադիմության, արվեստի և գիտության բոլոր բնագավառներում»:



1963 թվականի դեկտեմբերի 31-ին ռադիոյով եթեր է հեռարձակվել բանաստեղծ Պարույր Սևակի շնորհավորական խոսքը` ուղղված սփյուռքահայությանը.

«Սիրելի՛ ազգակիցներ, Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավո՛ր հարազատներ: Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար` աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք: Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:

Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք` ձեր ճանապարհը, դուք` մեր ու ձեր հայրենիքի: Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան: Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի: Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը` որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը...»։



Դերասան Վահրամ Փափազյանի Ամանորի այս խոսքը ռադիոյով եթեր է հեռարձակվել 1966 թվականին.

«Սիրելի և թանկագին մարդի՛կ: Ինձ խնդրել են շնորհավորական մի քանի խոսք ասել Նոր տարվա առթիվ: Եվ նախքան թե գրիչս ձեռքս առնեմ, հիշեցի մեր հինավուրց ասացվածքը, թե մեր տունը նեղ է, այո՛, բայց սրտներս է լայն: Եվ այդ լայն սրտի շնորհիվ է, որ ավելի քան հազարամյակներ ահա մեր ժողովուրդը ոչ միայն կարողացել է ապրել, այլև հակառակ անհուն տառապանքների, իր տունն ապրելու համար նեղ անել, հյուրի համար տեղ անել` հավաքելով բոլոր ցաքուցրիվ հայերին, տուն բերել ու տունը մեծացնել: Այո, մեծացնել, որովհետև հայ ժողովուրդը շնորհիվ երկար ժամանակ նեղ ապրելակերպի, եղել է և շինարար ժողովուրդ: Լցնենք ուրեմն մեր խոպան ու անմարդաբնակ վայրերը շեն գյուղերով, հարուստ քաղաքներով, մի թիզ ազատ հող չթողնենք առանց կառուցման մեր Հայաստանի պայմաններում, որ իրավունք ունենանք մեծ տան մասին խոսելու: Եվ ես հանուն այդ երջանիկ օրվա լցնում եմ բաժակս լիքը մեր հողի ու արևի տված գինով ու խմում ձեր բոլորի կենացը` Հայաստանի աշխատող, խելացի և քաղցր ժողովրդի կենացը»:



1966 թվականի հունվարի 1-ին Նկարիչ Մարտիրոս Սարյանի հղած բարեմաղթանքը.

«Ամեն նոր տարի, շատ նոր բարիքների հետ միասին, նոր խոսք է բերում, բայց ուժի մեջ թողնում մեր նախնիների ստեղծած դարերի փորձով ու սերունդների իմաստությամբ ստուգված խոսքերը: Հայ մարդը միշտ Նոր տարին դիմավորելիս գինու բաժակը առել է ձեռքը, շշնջացել է` խաղաղություն աշխարհին: Աշխարհում խաղաղությունը երևի ամենից շատ հայ ժողովրդին է պետք եկել: Դարեր շարունակ Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղիներում ընկած Հայաստանն ասպաատկվել է, ավերվել, բաժանվել հզորների միջև, բայց, երբ հայ ժողովուրդը խաղաղության կարճատև պահեր է ունեցել, ստեղծագործել է, կերտել արվեստի հրաշքներ, մարդակային մշակույթն ու քաղաքակրթությունը հարստացրել յուր հոգու գեղեցկություններով: Նա աշխարհին Խորենացի ու Շիրակացի է տվել, Զվարթնոց ու Աղթամար է կերտել, բաձրացրել միջնադարի փառքերից մեկը` Անի մայրաքաղաքը, որն իրավամբ տիեզերական քաղաք է կոչվել: Այդպես է եղել դարերի ընթացքում, այդպես եղավ նաև մեր դարում, երբ հայ ժողովուրդն իրեն վիճակված մեծագույն ողբերգությունից հետո, բզկտված ու արյունածոր, նորից ոտքի ելավ, հավատարիմ իր նախնիների ավանդին, սկսեց նոր քարեր դնել իր մշակույթի հին շենքին, զարգացնել իր գիտությունը, գրականությունը, արվեստը: Խաղաղություն աշխարհին և աշխարհի հետ` Հայաստանին, որ հայ ժողովրդի ընդերքում եղած ստեղծագործական հորդառատ ուժերը նոր հրաշքներ գործեն, որ էլ առավել ծաղկի Հայաստանը, իր գրկում հավաքի աշխարհով մեկ ցրված իր տարագիր զավակներին, որ հավետ հնչի քաղցր ու սրտաբուխ հայոց լեզուն»:



1988 թվականի դեկտեմբերի 31-ին մամուլում տպագրվել է բանաստեղծ Համո Սահյանի շնորհավորական խոսքը.

«Նոր տարի է գալիս: Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների և կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար: Ուզում եմ հետ նայել, հետ գնալ, վերապրել անցածը, մեկ տարվա անցածը: Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի փետրվարյան խիստ ու խելոք ընդվզումների համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության և միաբանության նրա աստեղային ժամի համար, իր ինքնաճանաչման գիտակցությունը դարի ճակատին արձանագրելու համար, իր երդաշեն վաստակի և երդանվեր ոգու համար, կորցրածը ետ բերելու իր առաջին հանդուգն փորձի համար: Մենք տոկալու և ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա և մարդկության մեջ` մարդկայնություն: Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին և բոլոր սրտով բոլորին մաղթենք` շնորհավո՛ր Նոր տարի:



Մեկ տարի անց` 1989 թվականի դեկտեմբերի 31-ին Համո Սահյանը գրել է.

«Նոր տարի է գալիս: Դառնանք ու մաղթենք, որ այս տարին իրենց տուն ու տեղից քշված հայերի համար գաղթականության վերջին տարին լինի, որ նրանք իրենց հող դարձած պապերի հողի վրա տիրաբար քայլեն, ծաղկեցնեն այդ հողը ապահովեն իրենց սերունդների ծաղկումը: Նոր տարի է բացվում, բարով է բացվում ու բացվում է բարի»:

Պատրաստեց Նաիրա Եղիազարյանը

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում