Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվել է ավելացնել ներքին սպառման համար այդ երկիր մատակարարվող գազի ծավալները։ Այս մասին Նովակն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության տված հարցազրույցում։
Նովակն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ մատակարարումներն ավելացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, քանի որ Ադրբեջանում դեռևս գազի դեֆիցիտ է առկա։ Նրա խոսքով՝ այդ երկրում գազարդյունահանման ավելացումից հետո հնարավոր կդառնա նրա հետ սվոփների քննարկումը։
«Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաեւ սվոփները»,-ասել է Նովակը։
Հիշեցնենք, որ այս տարվա ոյեմբերի 15-ին «Գազպրոմը» նոր պայմանագրով սկսել է գազ մատակարարել Ադրբեջանին։ Ըստ այդմ, մինչև 2023 թվականի մարտը Ռուսաստանի Դաշնությունը կմատակարարի 1 միլիարդ խորանարդ մետր գազ։
Ավելի վաղ, 2021 թվականին ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, նախատեսում է ամառային սեզոնին Ադրբեջանից Ռուսաստան գազի փոխադրում, ինչպես նաև ձմեռային սեզոնին Ռուսաստանից Ադրբեջան գազի համանման ծավալ։