1908 թվականի դեկտեմբերի 23-ին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում ծնվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, իսկական անունը՝ Հովսեփ Քարշյան։

«Հայրս ոչ կարդալ գիտեր, ոչ գրել, բայց ուներ նուրբ ճաշակ։ Նա ճանապարհորդում էր հեռավոր երկրներում՝ գնում և վաճառում հազվագյուտ ու գեղեցիկ իրեր՝ կահույք, գորգեր, համեմունքներ: Մայրս կրթված կին էր, ինչը եզակի բան էր այդ օրերին։ Նա շատ կարդացած էր, հատկապես լավ գիտեր Աստվածաշունչը»,- իր ինքնակենսագրության մեջ պատմում է Յուսուֆ Քարշը։

Իր հայրենի Մարդինի մասին հիշողությունները խառն են ու հակասական։ Լուսանկարիչն հիշում է Մարդինի բարձրացող շենքերի շերտերը, որոնք նման էին Բաբելոնի կախովի այգիներին, որոնց հյութեղ պտուղների առատությունը բնակիչներին համոզում էր, որ դա Եդեմի այգին է եղել։ Դրախտային տեսարաններից բացի, Մարդինից Քարշը հիշում էր բանտը, ուր ուտելիքի փաթեթներ էր տանում երկու սիրելի հորեղբայրներին, որոնց հետո ողջ-ողջ նետեցին ջրհորը։ Ապա` տիֆի համաճարակը, որի ժամանակ մահացավ քույրը։ Այնուհետև` 1915 թվականի ջարդերը, հարազատների սպանությունները, խոշտանգումներն ու գաղթը... Սա ոչ այլ ինչ էր, քան «թուրքական վայրագությունների թատերաբեմը Բաբելոնի դեմ»: Քարշի բնորոշմամբ` «այդ օրերի հիշողությունները արյան ու գեղեցկության, հալածանքի ու խաղաղության տարօրինակ մի խառնուրդ են»։
Ամեն ինչ կորցնելու գնով, մեծ դժվարություններով, մեկ ամիս անապատներում դեգերելով Քարշի ընտանիքը 1922-ին հասավ Սիրիա։ Հայրը սկսեց քիչ-քիչ ոտքի կանգնել ու զրոյից կրկին ապրուստ ստեղծել։ Ապա որոշեց որդուն ուղարկել լուսանկարիչ հորեղբոր՝ Գևորգ Նաղաշի մոտ` Կանադա, որն էլ դարձավ Քարշի բնակավայրը մնացած ամբողջ կյանքում։

Հորեղբայր Նաղաշը, տեսնելով եղբորորդու ունակությունները` նրան նվիրեց առաջին լուսանկարչական սարքը։ «Հենց այս տեսախցիկով ես գրանցեցի իմ առաջին լուսանկարչական հաջողությունը: Ես նկարեցի մի բնապատկեր, որտեղ երեխաները խաղում էին։ Լուսանկարը Ամանորին նվիրեցի դասընկերոջս: Նա էլ ինձնից գաղտնի այն ուղարկել էր մի մրցույթի։ Ի զարմանս ինձ, նկարն արժանացավ առաջին մրցանակին, որն ինձ համար մեծ գումար էր՝ հիսուն դոլար։ Տասը դոլարը տվեցի ընկերոջս, մնացածը ուրախությամբ ուղարկեցի Հալեպում ապրող ծնողներիս։ Դա իմ առաջին գումարն էր, որ նվիրեցի նրանց»։
Հորեղբայր Նաղաշը որոշեց Քարշին կատարելագործելու ու հմտանալու համար ուղարկել Բոստոն` աշակերտելու հայ մեկ այլ հայտնի լուսանկարչի՝ Ջոն Գարոյին։ Քարշը հիշում է. «Գարոն իմաստուն խորհրդատու էր. նա խրախուսեց ինձ` հաճախել արվեստի երեկոյան դասերի և ուսումնասիրել մեծ վարպետների, հատկապես Ռեմբրանդտի և Վելասկեսի ստեղծագործությունները։ Չնայած ես երբեք չեմ նկարել կամ նույնիսկ արտանկարել, սակայն այդ դասերն ինձ օգնեցին իմանալ լուսավորության, դիզայնի և կոմպոզիցիայի մասին»:

Կես տարով Բոստոն մեկնած Քարշը երեք տարի մնաց այնտեղ` բացահայտելով լուսանկարչության գաղտնիքները։ 1931-ին նա վերադարձավ Օտտավա և բացեց իր սեփական ստուդիան։ «Ինձ հետաքրքրում էին այն անհատները, որոնք ազդել են մեր ողջ կյանքի վրա։ Գարոյի ուսմունքներով խրախուսված՝ ես ձգտում էի արկածների, արտահայտվելու, լուսանկարչության մեջ փորձարկումների: Ամբողջ ունեցվածքս երկու ճամպրուկներում հավաքած՝ տեղափոխվեցի Օտտավա։ Կանադայի մայրաքաղաքում՝ համաշխարհային ճանապարհորդությունների խաչմերուկում, ես հույս ունեի, որ հնարավորություն կունենամ լուսանկարել երկրի առաջատար դեմքերին և բազմաթիվ օտարերկրյա միջազգային այցելուներին», - գրում է Յուսուֆ Քարշը։
Կարճ ժամանակ անց Քարշը աշխատանքի անցավ նաև Օտտավայի Լիթըլ թատրոնում։ Սա ճակատագրական հրավեր էր, որն իր հետքը թողեց լուսանկարիչի և՛ անձնական, և՛ ստեղծագործական կյանքում։ Նա լուսանկարում էր ներկայացումները, դերասաններին ու խոստովանում, որ թատրոնի լուսավորությունը մեծ հնարավորություն էր տալիս իր արվեստը կատարելագործելու համար։ Այս թատրոնում նա ծանոթացավ նաև իր ապագա կնոջ` դերասանուհի Սոլանժ Գոթիեի հետ։ Նրանք ամուսնացան 1939 թվականին։ Ամուսնությունը տևեց երկու տասնամյակ։ 1961-ին Սոլանժը մահացավ քաղցկեղից։ Սիրող ամուսինը վիշտը փարատելու և կնոջ հիշատակը վառ պահելու համար ընտրեց յուրօրինակ մի տարբերակ. «Ես զգացի, որ ամենապատշաճ հարգանքի տուրքը կլինի Օտտավայի փոքրիկ թատրոնում կենդանի հուշահամալիրը, և ես հիմնեցի Սոլանժ Քարշի ամենամյա մրցանակը` լավագույն մեկ գործողությամբ պիեսի համար։ Դրամական պարգևն ուղեկցվում է շքանշանով, որի հիմքում՝ իմ արած լուսանկարն է, որտեղ ես պատկերել էի Սոլանժին մի անհոգ օր՝ ուռենու տակ պարելիս»։

Մինչ Սոլանժի մահը Քարշն արդեն հասցրել էր կնոջ հետ վայելել իր փառքն ու հաջողությունները, որոնք սկսվեցին 1936 թվականից, երբ ԱՄՆ նախագահը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը պաշտոնական այցով մեկնեց Կանադա` հանդիպելու Կանադայի վարչապետ Մաքենզի Քինգին։ Քարշին հրավիրել էին լուսանկարելու նշանավոր հյուրին: Սա հայազգի լուսանկարչի առաջին փորձն էր ֆոտոլրագրության մեջ, նաև առաջին հանդիպումը իր երկրի վարչապետի հետ։ Հանդիպում, որը ճակատագրական եղավ Քարշի համար։ Վարչապետ Քինգը ժամանակի ընթացքում դարձավ լուսանկարչի հովանավորն ու ընկերը: Հենց Քինգն էր, որ հնարավորություն տվեց Յուսոֆ Քարշին 1941 թվականին լուսանկարել Ուինսթոն Չերչիլին։ Հաջողված ու աղմուկ հանած այս լուսանկարին հաջորդեցին Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի, Դուայթ Էյզենհաուերի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի և շատ աշխարհահռչակ մարդկան դիմանկարները։ «Ես գործ ունեմ մարդկանց ամենահրաշալի հատվածի հետ», - գրել է Քարշը և հավելել.

«Կա մի ակնթարթ, երբ մարդու ամբողջ միտքն ու հոգին արտացոլվում են նրա հայացքում, ձեռքերում, շարժումներում։ Հենց այդ ակնթարթն է, որ պիտի որսաս»։
Հրաշալի, եզակի ու անկրկնելի ակնթարթները որսալով` Յուսուֆ Քարշը շատ կարճ ժամանակահատվածում արժանացավ միջազգային ճանաչման ու ձեռք բերեց մեծ հեղինակություն ու փառք։ Նրա մասին New York Times-ը գրել է. «Քարշը հմտորեն լուսավորված և դասական դիրքի ֆորմալ դիմանկարի մեծ վարպետ էր»։ Իսկ Պետեր Պոլակը իր «Լուսանկարչական պատկերի պատմություն» գրքում նշել է. «Յուսուֆ Քարշն իր հզոր դիմանկարների միջոցով մարդու դեմքը դարձնում է լեգենդ»։
Կնոջ մահից տասը տարի անց Յուսուֆ Քարշը ամուսնացավ Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, որը բժշկական հոդվածներ էր գրում տարբեր առողջապահական հանդեսներում։ Զույգը 1972-1992 թվականներին ապրում էր

Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի երրորդ հարկի լյուքս համարում։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կնոջից Քարշը երեխաներ չունեցավ։
1992 թվականի հունիսին, 83 տարեկանում լուսանկարիչը փակեց իր արվեստանոցը, իսկ 1997 թվականին կնոջ հետ մեկնեց Բոստոն` վայելելու իր վաստակած հանգիստը։
1998 թվականին Քարշի 90-ամյակին նվիրված «Քարշը Լոնդոնում» ցուցահանդեսը բացեց Եղիսաբեթ 2-րդ թագուհին։ Նույն թվականին լուսանկարիչը պարգևատրվեց Ֆոքս Թալբոտ մրցանակով։
Աշխարհահռչակ լուսանկարիչը մահացավ 2002 թվականի հունիսի 13-ին, 93 տարեկան հասակում։

Այսօր Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Յուսուֆ Քարշին դասում է 20-րդ դարի ամենահռչակավոր դիմալուսանկարիչների շարքին։ Հայազգի լուսանկարիչը լուսանկարել է միջազգային Who’s Who («Ով ով է») հանրագիտարանային ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից 51-ին։
Նաիրա Եղիազարյան


