Կառավարական էսկորտներով մարդկանց վրաերթի ենթարկելը և սպանելը կօրինականացվեն․ նոր նախագիծ
copy image url

Կառավարական էսկորտներով մարդկանց վրաերթի ենթարկելը և սպանելը կօրինականացվեն․ նոր նախագիծ

Ներքին 2 տարի առաջ - 19:56 22-12-2022
ՀՀ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացրել է որոշման նոր նախագիծ, որով առաջարկում է որոշ փոփոխություններ կատարել կառավարական էսկորտների երթևեկության կանոններում։ Մասնավորապես, առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության համար պատասխանատվությունը դնել վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները: Մեկ այլ կարգավորմամբ էլ առաջարկվում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչև 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։ Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ ստացվում է, որ Կառավարության որոշումն է ամրագրում, որ պատասխանատվությունը նման դեպքերում դրվելու է միայն վարորդի վրա։ Սա արդեն իսկ անընդունելի է, քանի որ նման իրավիճակում հստակ գործում են սուբորդինացիոն հարաբերություններ, այսինքն՝ աստիճանակարգված ենթակայության վրա հիմնված հարաբերություններ են․ եթե այդպես է, ապա ի՞նչ ունի անելու շարասյան ղեկավարը։

«Ես կարծում եմ, որ պատասխանատվությունը նրանց վրայից վերցնելը որևէ կերպ արդարացված չէ։ Ըստ էության՝ տեսնելով, որ Սոնա Մնացականյանի գործով տուժողի իրավահաջորդները բացի վարորդներից պահանջում են նաև պատասխանատվություն շարասյան ղերավարի համար՝ առաջարկել են այս փոփոխությունները, որոնք ուղղված են նրան, որ հետագայում նման դեպքերում զերծ պահեն պաշտոնատար անձանց հնարավոր նման իրավիճակներից»։

Նա ընդգծեց, որ Սոնա Մնացականյանի գործով ապօրինի կերպով շարասյան ղեկավարին զերծ են պահել պատասխանատվությունից։

«Այսինքն, նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում կայացվեց, որն իմ կողմից բողոքարկվել է դատարան, հիմա փորձում են սա օրինականացնել։ Իմ կարծիքով, սա որևէ կերպ արդարացված չէ։ Հակառակը, Սոնա Մնացականյանի դեպքը պետք է առիթ դառնար, որպեսզի հատուկ տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման մեջ հակառակ փոփոխությունները կատարվեին, որոնք ավելի կհստակեցնեին, օրինակ, արագության վերաբերյալ տվյալները, թե կոնկրետ արագությունն ընտրելիս ինչով պետք է առաջնորդվեն։ Բայց իրենք այնպիսի փոփոխություններ են առաջացնում, որոնք ավելի բարդ իրավիճակներ են ստեղծելու։ Ինչ վերաբերում է առավելագույն արագությունը անսահմանափակ դարձնելուն, ես որևէ տրամաբանություն դրանում չեմ տեսնում։ Իհարկե, նախատեսել են որևէ վավերապայման, մասնավորապես, եթե կա հարձակում կամ հարձակման սպառնալիք, բայց դա էլ շատ վերացական է։ Ինչ է նշանակում հարձակման սպառնալիք, արդյո՞ք խոսքը վերաբերում է հրազենով հարձակմանը, թե՞ օրինակ, վերաբերում է մի 70-ամյա տատիկի հայհոյանքներին։ Ի՞նչ է նշանակում հարձակում, ո՞վ պետք է գնահատի այդ սպառնալիքը։ Գուցե շարասյան ներսում գտնվող մարդը գտել է, որ իր նկատմամբ սպառնալիք կա, դա բավարա՞ր է։ Հետևաբար, ես կարծում եմ, որ սա պարզապես վերջին դեպքով պայմանավորված իրենց ապահովագրելուն ուղղված գործողություն է, կարծում եմ նաև, որ իրենք ապացուցել են, որ սա այսօրվա պաշտոնատար անձանց բնորոշ վարքագիծ է»։

Նա ընդգծեց, որ եթե Սոնա Մնացականյանի պարագայում Կառավարության որոշումը նման ձևակերպում ունենար, մարդուն մահ կպատճառեին ու կասեին՝ ազգային անվտանգությունը հարձակման սպառնալիք է տեսել։

«Մի ներքին օպերատիվ գրություն կդնեին մեջն ու կպրծնեին, հետևաբար, արագության գերազանցումը իրավաչափ է։ Ինչպես հայտնի է, փորձագետը տվել է արագության գերազանցում։ Պատկերացրեք, մի նման դեպք տեղի ունենա Կառավարության նման որոշման պայմաններում․ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Միայն մեկ գրություն, իսկ ես լավ գիտեմ իրավապահ մարմինների ներքին խոհանոցը, միայն մեկ գրություն դնելը իրենցից որևէ ջանք չի պահանջվելու։ Ես կարծում եմ, որ առհասարակ պետք է հակառակ մեխանիզմներ նախատեսվեն, թե ինչու պետք է, օրինակ, քաղաքում 100 կմ/ժ արագություն բացվի, ինչու հենց առավելագույն արագությունը, որ պայմաններում։ Պատկերացրեք , թե Երևան քաղաքում 100 կմ/ժ արագությամբ որևէ մեկը մեքենա վարի, դա, ըստ էության, անուղղակի դիտավորությամբ սպանության նման մի բան է։ Ստացվում է, որ հենց իրենք են դառնում սպառնալիք քաղաքացիների համար։ Այո՛, և ես չեմ կարծում, որ շարասյան մեջ գտնվող անձանց կյանքը ավելին է, քան մնացած քաղաքացիներինը, իրենց համար գուցե այդպես է, և իրենք ապացուցել են, որ այդպես է, բայց իրավական պետության մեջ այդպես չպետք է լինի»։

Նա նաև նշեց, որ ծանոթ է 4-5 ԱՊՀ երկրների փորձին և նման ձևակերպումների ու կարգավորումների չի հանդիպել։

«Նման կարգավորումներ չեն էլ կարող լինել։ Փոխանակ իրենք կարգավորեն հարցեր, որոնց արդյունքում քաղաքացիների կյանքը կապահովենագրվի, երթևեկությունն ավելի անվտանգ կդառնա, իրենք առաջին հերթին ապահովագրում են իրենց, որպեսզի քաղաքացիներին վնաս պատճառելու դեպքում պատասխանատվության հարց չառաջանա։ Մինչդեռ, առաջին հերթին պետք է կանոնակարգվի ոլորտը, և հաշվի առնվեն երթևեկության բոլոր մարսնակիցների իրավունքները։ Սակայն նշած նախագիծն ուղղված է բացառապես հատուկ նշանակության տրանսպորտային միջոցում գտնվող անձանց շահերի պաշտպանությանը, և ամեն ինչ արվում է, որ հետագայում Սոնա Մնացականյանի դեպքի նման դեպքերի կրկնության պարագայում բոլորը զերծ մնան պատասխանատվությունից՝ արագության գերազանցումը պայմանավորելով ինչ-որ վերացական սպառնալիքով»։

Նախագծի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2023թ–ի հունվարի 5–ին, որից հետո հավանաբար կներկայացվի Կառավարության հաստատմանը։ Այս պահին նախագծին դեմ է քվեարկել մասնակիցների 89 տոկոսը։

Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

Ամենից շատ դիտված