Դավութօղլուն մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ կայացված դատավճիռը
copy image url

Դավութօղլուն մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ կայացված դատավճիռը

Արտաքին 2 տարի առաջ - 14:22 22-12-2022
Թուրքիայի Ապագա կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն, ով Էրդողանի պաշտոնավարման սկզբնական շրջանում զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, իսկ ավելի ուշ նաև վարչապետի պաշտոնը, անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացածված դատավճռին։ Ինչպես փոխանցում է թուրքական T24 լրատվականը, Դավութօղլուն ասել է, որ կայացված որոշումը պայմանավորված չէ հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի հնարավոր մրցակից լինելու հանգամանքով։

Դավութօղլուն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իմամօղլուն 2019 թվականին կայացած Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուին, և Թուրքիայի նախագահը չի կարողանում մոռանալ իր պարտությունը։ «Այստեղ պարտված պատերազմի հարց կա: Պարոն Թայիփի ամենամեծ թերությունն այն է, որ նա չի կարողանում մոռանալ պարտությունը կամ կորուստը: Միշտ կենտրոնացած է մնում այդ թեմայի վրա, պահում է մտքում և սպասում հարմար պահի»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի նախկին վարչապետի համոզմամբ՝ Իմամօղլուին ասպարեզից վերացնելն Էրդողանի համար նաև հոգեբանական խնդիր է, քանի որ նա երկու անգամ ընտրություններում պարտվել է Իմամօղլուին: Դավութօղլուն նաև շեշտել է, որ Իմամօղլուն երկու անգամ հաղթել է Էրդողանի կուսակցության ամենազդեցիկ գործիչներից մեկին՝ Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի նախագահ Բինալի Յլըդըրըմին։

Դավութօղլուի խոսքով՝ Էրդողանը Իմամօղլուին ասպարեզից հանելով և Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակելով՝ տպավորություն է ստեղծում, որ հետ է բերում պատերազմում կորցրածը ու այդպես է գնում առաջիկա ընտրություններին:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Նշենք, որ համաձայն Թուրքիայում իրականացված մի շարք սոցհարցումների արդյունքների՝ Ստամբուլի քաղաքապետը հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսեր ունեցող գործիչներից մեկն է։

Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է 2019 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրությունների արդյունքում։ Առաջին ընտրությունները կայացել էին նույն թվականի մարտի 31-ին, որում կրկին նա հաղթել էր Էրդողանի կուսակցության ներկայացուցչին, սակայն ձայների չնչին տարբերությամբ, որից հետո ընտրությունները չեղարկվել և կրկնակի ընտրություններ էին նշանակվել։ Հունիսին կայացած կրկնակի ընտրություններում Իմամօղլուն գերազանցեց իր մրցակցին ձայների շուրջ 10 տոկոս առավելությամբ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում