«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման երաշխավորը Ռուսաստանն է, հետևաբար Արցախում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատուն նույնպես Ռուսաստանն է»։
Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը։
«Եվրոպան որևէ դերակատարություն չունի, նրանց և Միացյալ նահանգներին Արցախի ղեկավարության մասնակցությամբ ռուսներն, ըստ էության, զրկել են բոլոր տեսակի լծակներից։ Անգամ հանդիպման չէին գնում իրենց հետ։ ՀԵտևաբար, հիմա ինչ-որ բողոքներ կան՝ ուղղված միայն Ռուսաստանին»,- ասաց նա։
Ըստ Արա Պապյանի՝ Ադրբեջանի գործողությունների ետնաբեմում կանգնած է ՌԴ ղեկավարությունը։
«Այդ ծրագիրն է պարտադրել Հայաստանին, այսպես ասած, «միջանցքների» փոխադարձ տրամադրում իրականացնել։ Մենք ձեզ համար բաց ենք թողնում Լաչինի միջանցքը, դուք Հայաստանի վրայով միջանցք եք տրամադրում դեպի Նախիջևան»,- ասաց նա։
Քաղաքագետն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ եթե Ռուսաստանը նպատակ ունենար ստեղծելու ներկա իրավիճակը, դեռևս 2 տարի առաջ խաղաղապահ ուժեր չէր մտցնի Արցախի Հանրապետության տարածք։ Իր խոսքով՝ Արցախում խաղաղապահ առաքելությունը Ռուսաստանի համար երազանքի իրականացում է եղել։
«Այդ պատերազմն էլ Ռուսաստանի կողմից հրահրված էր հենց այդ պատճառով, որպեսզի ինքն այդտեղ ունենար իր խաղաղապահները։ Ինչպես հենց երեկ ռուս վերլուծաբաններից մեկը ճիշտ ասաց՝ այդ խաղաղապահները ո՛չ ձեզ համար են, ո՛չ Ադրբեջանի։ Ասաց՝ դա մեզ համար է։ Մեր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ի՞նչ է նշանակում Ռուսաստանը չէր մտցնի։ Բա Ռուսաստանի համար ամենակարևոր նպատակը դա է եղել։ 5 հազար մարդու կոտորել տվել, ինչ է թե զորք մտցնի։ Մենք չէինք համաձայնում, կոտորել տվեց, որպեսզի ստիպված համաձայնեինք։ Դա միանշանակ է, որ Ռուսաստանն է այս ամբողջն իրականացրել»,- ասաց նա։
Ըստ Պապյանի՝ նախկին Սովետական տարածքում միայն Արցախի հակամարտությունում էր, որ ռուսները ներկայացված չեն եղել, ինչը միշտ ցանկացել են։
«Իրենց ցանկությունն էր նաև այդ ձևով լծակ ձեռք բերել Ադրբեջանի վրա։ Դրա համար էլ իրենք պարբերաբար առաջարկում էին հակամարտության կողմերին, կողմերը դեմ էին։ Ստեղծեցին մի վիճակ, երբ երկու կամ երեք կողմերն էլ համաձայնեցին»,- ասաց նա։
Ստեղծված վիճակն, ըստ Պապյանի, ինքնաբերաբար հանգուցալուծման է գնում՝ որոշ հանգամանքներով պայմանավորված։
«Այս կոնֆլիկտի նկատմամբ շատ կտրում դիրքորոշում է որդեգրել Արևմուտքը, այսինքն՝ ԱՄՆ-ն։ Սա հումանիտար աղետ են բնութագրել։ Իսկ այդ ձևակերպումն իրավունք է տալիս միջամտելու և գործողություններ անելու։ Դրա համար սա առավելագույնս մի երկու օր էլ կձգեն, հետո կբացեն։ Իհարկե, սա կլինի ժամանակավոր բացում։ Իրենք արդեն իսկ որոշ բաներ պոկել են ռուսներից։ Մասնավորապես, ինչ-որ մաքսակետերի հաստատում և այլն։ Այսպես՝ Բարսելոնայի քաղաքականությամբ, «տաշելով» կգնան։ Ինչ է նշանակում «Բարսելոնայի քաղաքականություն»՝ դա այն է, որ բարակ շերտերով ինչ-որ բաներ են պոկում։ Ամեն կտրված շերտից հետո չափի փոփոխությունը չի նկատվում, բայց մեկ էլ ինչ-որ մի ժամանակահատված հետո պարզ է դառնում, որ ոչինչ չի մնացել այդ «բաստուրմայից»։ Դա իրականացնում է Ադրբեջանը, որի թիկունքն է Ռուսաստանը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Եվրոպայից հնչող հայտարարություններից ու դատապարտող խոսքից այն կողմ որևէ բան սպասելն անիրատեսական է, Արա Պապյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե ինչ դատողությունների հիման վրա են ասում, որ իրենք թուրքական ու ադրբեջանական շահերի կողմից են։ Բնականաբար, ինչպես կարող է Եվրապան մեզ ռազմական օգնություն ցուցաբերել, եթե Եվրոպայի մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Այսինքն՝ մենք պաշտոնապես Եվրոպայի թշնամին ենք։ Դուք երբևէ տեսե՞լ եք, որ թշնամուն ռազմական օգնություն ցուցաբերեն։ Դրա համար նախ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գաս, ռուսական բազային էլ good bye կամ Давай до свидания ասես, որ ակնկալես, որ Ռուսաստանի թշնամիները քեզ օգնեն։ Հակառակ դեպքում, եթե դու Ռուսաստանի շահերն սպասարկողն ես և Ռուսաստանի գլխավորությամբ թշնամի ես նրանց, ապա իրենք ինչի՞ պետք է մեզ օգնեն։ Մենք պետք է շնորհակալ լինենք, որ նրանք գոնե չեն մոռանում, ժամանակ են հատկացնում ու գոնե դատապարտում են Ադրբեջանի գործողությունները»,- ասաց նա։
Պապյանն անդրադարձավ նաև տեսակետին, որ տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալուց հետո Հայաստանն ինքն իրեն չի կարողանա պաշտպանել ու ընդամենն օրերի ընթացքում կկորցնի տարածքների մեծ մասը։
«Դրա համար էլ ասում ենք․ գնացեք Ամերիկայի ու Եվրոպայի դուռը ծեծեք ու բերեք Հայաստան։ Բա որ հասկանում են, որ Հայաստանն իրենց չի կարող պաշտպանել։ Մի օր կամ երկու օր, բա ինչո՞ւ են դիվանի վրա քնել։ Դրանով դիվանագիտությո՞ւն է լինում։ Այո՛, Հայաստանը չի կարող իրեն պաշտպանել։ Հազար անգամ ասել ենք։ Ռուսաստանն էլ չի կարող և չի էլ ուզում պաշտպանել։ Ռուսաստանը գնալու է։ Այն, որ ասում են՝ եթե Ռուսաստանը գնա․․․ Ռուսատսանի գնալը մեր ցանկությամբ չէ, Ռուսաստանը գնում է։ Ռուսաստանը կործանվող կայսրություն է։ Ռուսաստանը, որպես կայսրություն, ունի կես տարուց մինչև մեկ տարի ժամանակ։ Եթե չեք ուզում, որ մեզ կոտորեն, ուրեմն բերեք ամերիկացիներին»,- ասաց նա։
Նազելի Ստեփանյան