1881 թվականի դեկտեմբերի 17-ին Շուշիում ծնվել է քանդակագործ Հակոբ Գյուրջյանը։
Արևելքի հնագույն և Արևմուտքի նորարարական արվեստների ավանդույթները միահյուսած այս արվեստագետը նախ սովորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Հենց այստեղ էլ սկսել է հետաքրքրվել արվեստով, կավից ու փայտից ստեղծել մարդկանց ու կենդանիների մարմիններ։
Այնուհետև Գյուրջյանը ուսումը շարունակել է Մոսկվայի Ֆիդլերի անվան ռեալական ուսումնարանում, իսկ 1907 թվականին մեկնել է Փարիզ և ընդունվել Ժյուլիենի գեղարվեստի ակադեմիան։ Այստեղ տարբեր տարիներին նրա ուսուցիչները եղել են քանդակագործներ Պոլ Լանդովսկին, Ռաուլ Շառլ Վերլեն և Հանրի Լեոն Գրեբերը։
Ակադեմիային զուգահեռ Հակոբ Գյուրջյանը հաճախել է Օգյուստ Ռոդենի արվեստանոցը, որտեղ աշակերտելով ֆրանսիացի մեծ քանդակագործին` ինքն իր համար բացահայտել է քանդակագործության գաղտնիքներն ու գրավչությունները։

Ուսանողական տարիներին արդեն Գյուրջյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների` Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։
Փարիզում քանդակագործը կապված էր հայ համայնքի ու հայ մշակույթի հետ։ Նա ակտիվ անդամակցում էր «Անի» հայ արվեստագետների միությանը, մասնակցում ցուցահանդեսներին։ Քանդակագործ Երվանդ Քոչարը հիշում է, որ Գյուրջյանը «ձեռքից եկածն անում էր հայ արվեստագետներին օգնելու, քաջարելու, ասպարեզ հանելու համար։ Ասածիս վկայությունն է նկարիչ Լաքայի, Ալխազյանի նկատմամբ նրա վերաբերմունքը։ Հիշում եմ, թե ինչպես իմ խնդրանքով ընդառաջեց և գործ հայթայթեց արձանագործ Ահարոնյանի համար»։
Հակոբ Գյուրջյանն ու Երվանդ Քոչարը ծանոթացել են 1917 թվականին` Թիֆլիսում «Հայ արվեստագետների» ցուցահանդեսի ժամանակ, ինչի մասին Երվանդ Քոչարը գրել է իր հոդվածներից մեկում. «Նրա արտաքինը ցնցող տպավորություն գործեց. հսկա էր, թիկնեղ, սև սաթի պես փայլող մազերով, վառվող ածուխների պես աչքերով` սևով բոլորված ակնախորշերով, թավ հոնքերով։ Զարմացնող ու ցնցող էր, որ այդ բնությանն այնքան մոտ արտաքինով մարդը կերտում էր նուրբ ու զգայուն մարմարներ։ Ո՞վ չէր զմայլվում, կախարդվում Մելիքյան ամուսինների պորտրեներով. այնքան կենդանի և ազնիվ շնչով տոգորված էին այդ արձանները, որ տղաները թաքուն համբուրում էին կնոջ շուրթերը, իսկ աղջիկները` տղամարդու մամարե ազնվական ուսերը... ի՛նչ նրբություն, ի՛նչ երազական քնքշություն... Կովկասի համար Գյուրջյանը մի արև էր, որ շլացրեց և շշմեցրեց իր փայլով...»։

Հակոբ Գյուրջյանը իր ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է ոչ միայն պատմական, կրոնական, դիցաբանական կերպարներ, այլ նաև ռեալիստական դիմաքանդակներ։ Նա պատկերել է Արշակ Չոպանյանին, Մաքսիմ Գորկուն, Անդրանիկին, Ալեքսանդր Շիրվանզադեին, Վահան Տերյանին, Լև Տոլստոյին, այլոց։
Գյուրջյանի քանդակների արժեքը շատ բարձր էր հենց իր կենդանության օրոք։ Ըստ Քոչարի` «այնպիսի բարձր գին էր նշանակում, որ Թիֆլիսը դեռևս չէր տեսել։ Հայ բուրժուան շշմել էր։ Նա պետք է լայն բանար քսակը, որպեսզի գոնե մի փոքր բարելիեֆ գներ Գյուրջյանից»։

Հայ քանդակագործը Փարիզում ուներ երկու արվեստանոց, որտեղ իտալացի, ֆրանսիացի վարպետները գրանիտի, մարմարի ու բրոնզի վրա իրականացնում էին նրա գործերը։ Շատերն էին երազում, որ Գյուրջյանը քանդակեր իրենց կիսանդրին։

Երվանդ Քոչարը պատմում է. «Փարիզում Քելեքյան խանը (հայ կոլեկցիոներ, մեկենաս) իր կիսանդրու համար Գյուրջյանին վճարեց այնքան, որ կարելի էր ամբողջ կյանքում այդ գումարի եկամտով ապրել։ Ամբողջ կյանքում Գյուրջյանը երբեք չիջավ բարձունքից, երբեք չեղավ իր արվեստի ծառան... Իսկական «Maitre»-ի կյանք էր վարում, եվրոպացիներն ու ամերիկացիները երկրպագում էին նրան։ Հիշում եմ` բելգիացի մի միլիոնատեր սեփական ինքնաթիռով էր գալիս նրա մոտ Փարիզ` սեանսների։ Նուբար փաշան, Գյուլբենկյանը, որոնք սովոր չէին արվեստագետի ոտը գնալ, պարծենում էին, որ Գյուրջյանը քանդակում է իրենց, և ճիշտ ժամին գալիս էին նրա Լատինական թաղամասի աշխատանոցը...»։
Արվեստների մայրաքաղաք Փարիզում ապրող ու ստեղծագործող Հակոբ Գյուրջյանը իր մեջ կրում էր արվեստի բոլոր ոճերն ու ուղղությունները` սկսած Եգիպտոսի, Հին Հունաստանի, Հռոմի ու հին հայկական արվեստից մինչև իմպրեսիոնիզմ ու կուբիզմ։ Նա, սակայն, ստեղծագործում էր իր յուրահատուկ ոճով ու ձևով, իր ուրույն լեզվով ու սեփական մտածողությամբ։

Հակոբ Գյուրջյանը երբեք մեծ ու խոշոր արձաններ և քանդակներ չստեղծեց։ Նրա կերպարները փոքր ու միջին չափերի մարգարիտներ էին։ Սրա բացատրությունը յուրահատկորեն տալիս է Երվանդ Քոչարը. «Իր արձանների փոքրադիր լինելու պատճառը միայն գեղագիտական և ոճական նախնադասությունը չէր. նա որքան էլ մեծ ու ճանաչված արվեստագետ, բայց փաստորեն աներկիր, օդի մեջ կախված մարդ էր և չէր էլ կարող երազել մեծ և մոնումենտալ գործերի մասին, քանի որ չուներ հող և ռեալ հայրենիք... Ես կարծում եմ` այդ պատճառով նա իր ամբողջ սերը և ուժը տվեց փոքր արձաններին. դա նրա տրագեդիայի ենթագիտակցական արտահայտությունն էր...»։

Հակոբ Գյուրջյանը մահացավ 1948 թվականին Փարիզում, 66 տարեկան հասակում։ 1958 թվականին քանդակագործի այրին` Տատյանա Էրիքսոն-Գյուրջյանը ամուսնու մոտ 450 քանդակները նվիրեց Հայաստանին։ Դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Նաիրա Եղիազարյան