37 թվականի դեկտեմբերի 15-ին Հռոմի մերձակա Անտիումում ծնվել է Հռոմի կայսր, Հուլիսո-Կլավդիոսների հարստության վերջին ներկայացուցիչ Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը։

Ներոնն այսօր ընկալվում է որպես վախի, սարսափի և անօրինականությունների խորհրդանիշ: Նրա կյանքի մասին մեզ հասած անհավանական ու սահմռկեցուցիչ փաստերը հաստատում են այն, որ պատմական հայտնի այս կերպարը ապրել է ոչ միայն օրենքից, այլ նաև մարդկային բոլոր արժանիքներից ու բարոյականությունից դուրս:
Հռոմում բռնկված Մեծ հրդեհից հետո, երբ ժողովուրդը սկսեց ընդվզել ու բողոքել Ներոնի իշխանությունից, քաղաքական առումով երբեք առաջադիմությամբ աչքի չընկած այս կայսրը քրիստոնյաներին օգտագործեց որպես «քավության նոխազ»՝ հավերժական քաղաքը հրի մատնելու մեղքը վերագրելով նրանց։ Սկսվեցին քրիստոնյաների սարսափազդու մահապատիժները։ Ներոնը հրամայեց քրիստոնյաներին խմբերով գամել խաչին և ողջ-ողջ այրել: Կայսերական հաճախակի տոնակատարությունների համար լույսի աղբյուր էին դառնում այրվող մարդիկ: Զոհերի սարսափելի ու աղեկտուր ճիչերի ներքո Ներոնը հաճելի զրույցներ էր ունենում իր հյուրերի հետ։

Մեզ է հասել պատմություն նաև այն մասին, թե ինչպես էր Ներոնը նվագում իր սիրելի մեղեդին, երբ Հռոմն այրվում էր։ Կայսրը սիրում էր երաժշտություն ու թատրոն և ելույթ էր ունենում յուրաքանչյուր հնարավորության դեպքում։ Նա նույնիսկ կողպում էր թատրոնի դռները՝ պահանջելով, որ մարդիկ ուշադիր լսեն իր անասելի երկար ելույթներն ու մենախոսությունները և ծափահարեն։ Երբեմն հանդիսատեսը մեծ դժվարությամբ բարձրանում էր պատերի վրա կամ մեռած ձևանում, որ կարողանա դուրս փախչել թատրոնից։

Ներոնի մյուս նախասիրությունը սպորտն էր։ Այս կայսրը իր օլիմպիական հաղթանակների թվով համաշխարհային ռեկորդակիր է. նա ստացել է 1808 օլիմպիական դափնեպսակ, որը համարժեք է այժմյան ոսկե մեդալներին։ Այսպիսի զարմանալի արդյունքների նա հասնում էր միմիայն խաբեությամբ։
Օրինակ, կառքավազքներից մեկի ժամանակ Ներոնը հրամայել էր իր մրցակիցներին օգտագործել չորս ձիերով կառքեր, իսկ ինքը հայտնվել էր 10 ձիերով լծված կառքով։ Չնայած իր այս մեծ առավելությանը, Ներոնը, սակայն, ընկել է կառքից ու չի կարողացել հատել վերջնագիծը։ Բայց մրցավարները, այնուամենայնիվ, մրցավազքի հաղթող են հռչակել իրենց կայսրին։

Ներոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը «Ոսկե տան» կառուցումն էր։ Դա միապետի քաղաքային նստավայրն էր և իր մեծությամբ միակն էր Եվրոպայում։ Այն տարածքի մեծությամբ զիջում էր միայն Պեկինի Արգելված քաղաքին։ Սա ոսկով, փղոսկրով և մարգարիտով զարդարված հսկա շինություն էր։ Պալատը «հսկում էր» Ներոնի 37 մետրանոց արձանը։ Առաստաղին շարժական պանելներ էին տեղադրվել, որոնց միջից ծաղիկների ու օծանելիքի «անձրև» էր տեղում հյուրերի վրա։ Այս շինությունն օգտագործվել է պարբերական դարձած օրգիաների համար։
Գերշքեղ պալատում տիրող շվայտ ու անբարո վայելքները տեղի էին ունենում Հռոմի Մեծ հրդեհից անմիջապես հետո, երբ մարդիկ հուսահատության մեջ էին և անսահման օգնության կարիք ունեին: Ոսկե տունը կամ Domus Aurea-ն բացահայտ եսասիրության, ցինիզմի ու այլասերության խորհրդանիշ էր: Ներոնի մահից կարճ ժամանակ անց Հռոմի քաղաքացիները թալանեցին պալատը ու գողացան ողջ ոսկին:
Ներոնի իրագործած մահապատիժները պատմության մեջ մնացել են որպես չգերազանցված դաժանության դրսևորումներ։

Այն ժամանակի հայտնի վարձու մարդասպան Լոկուստան մասնագիտացած էր մարդկանց թունավորելու գործում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ներոնի մայրը՝ Ագրիպինան Լոկուստային վարձել է, որպեսզի նա թունավորի իր ամուսնուն՝ Կլավդիուսին, ապա նաև՝ խորթ որդուն՝ Բրիտանիկուսին։ Ներոնի իշխանության գալուց որոշ ժամանակ անց, Լոկուստան իր հանցագործությունների համար սարսափելի կերպով պատժվեց։ Միապետի հրամանով նրան հրապարակավ բռնաբարեց «հատուկ վարժեցված ընձուղտը», որից հետո կնոջը պատառոտեցին վայրի կենդանիները։
Ներոնը 64 թվականին մահապատժի է ենթարկել Հիսուսի առաքյալներից Պետրոսին, ով իր ուսուցչի մահից 3 տասնամյակ անց էլ փորձել է Հռոմում քրիստոնեություն տարածել։ Ներոնի հրամանով Պետրոսին գլխիվայր խաչեցին, ապա սպանեցին կրկես արենայում, որը Ներոնը հատկապես օգտագործում էր` քրիստոնյաների հրապարակային մահապատիժների համար։
Ներոնին է վերագրվում նաև իր մորը՝ Ագրիպինա Կրտսերի սպանությունը։ Թեև պատմաբանները հերքում են վարկածը, որ հենց Ներոնն է սպանել մորը, սակայն կասկած չկա, որ սպանությունը տեղի է ունեցել նրա հրամանով։ Ըստ պատմաբան Դիոն Կասիոսի՝ Ներոնը մորն ուղարկել է ճամփորդելու հատուկ նախագծված նավով։ Նավարկության ժամանակ նրա խցիկի հատակը բացվել է և Ագրիպինան ընկել է ծովը, սակայն հրաշքով ողջ մնալով` լողացել է դեպի ափ, որտեղ նրան արդեն սպասել է Ներոնի ուղարկած մարդասպանը։ Ագրիպինան տեսնելով իր դահճին` խնդրել է նրան «խոցել իր արգանդը, որը նման զզվելի որդի է ծնել»։

Որոշ պատմաբանների վկայությամբ` Ներոնը մորը սպանել է իր երկրորդ կնոջ` Պոպեայի դրդմամբ։ Պոպեան իր հմայքով և խելքով մեծ ազդեցություն է ունեցել ամուսնու վրա։ Նա կարողացել է Ներոնին համոզել, որ սպանի նախ առաջին կնոջը՝ Օկտավիային, ապա նաև մորը։ Պոպեան կարծում էր, որ այս կերպ Ներոնի վրա ունեցած իր կանացի իշխանությանը ոչ ոք չի կարող խանգարել։
Որոշ ժամանակ Ներոնն ու Պոպեան լիակատար երջանիկ էին, բայց դա երկար չի տևել։ Ժամանակի ընթացքում սկսել են լուրջ տարաձայնություններ: Հերթական վիճաբանության ժամանակ Ներոնը հղի կնոջն այնպես է ծեծել, որ Պոպեան մահացել է։
Մի քանի տարի անց Ներոնն իր թախիծն ու ձանձրույթը փարատելու համար գտել է Սպորուս անունով մի տղայի, ով շատ նման էր իր նախկին կնոջը։ Նա ամորձատելով տղային` հագցրել է Պոպեայի հագուստը և ամուսնացրել նրա հետ ողջ Հռոմի աչքի առաջ։

Ներոնին հաճախ անվանում են «նեռ», և դա անհիմն ու մերկապարանոց մեղադրանք չէ։ Տեսություններից մեկի համաձայն՝ Ներոնը հնարավոր է, որ հենց Աստվածաշնչում նկարագրված հակահերոսն է։ Նախ` «Ներոն Կեսար» անվան տառերի հերթական թվերի գումարը «666» թիվն է, և բացի այդ, Հայտնության գրքում ասվում է, որ «գազանը թագավորելու է քառասուներկու ամիս»։ Հենց այդքան ժամանակ էլ Ներոնը թագավորել է Հռոմը Մեծ հրդեհից հետո:
Հռոմի արյունարբու այս կայսրը մահացավ 68 թվականին։ Նա ինքնասպան եղավ՝ կտրելով իր կոկորդը։
Նաիրա Եղիազարյան