Երկու Նատալյա. Սոլժենիցինի սիրած կանայք
copy image url

Երկու Նատալյա. Սոլժենիցինի սիրած կանայք

Մշակույթ 2 տարի առաջ - 23:00 10-12-2022
1918 թվականի դեկտեմբերի 11-ին ծնվել է Ալեքսանդր Սոլժենիցինը։

Ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր ու այլախոհ Ալեքսանդր Սոլժենիցինի սիրո պատմությունը դրամատիկ ու ոչ սովորական է, բնորոշ իր կենսագրությանը ու մարդկային տեսակին։



Ալեքսանդր Սոլժենիցինն ու Նատալյա Ռեշետովսկայան ծանոթացան 1936 թվականին։ Երկուսն էլ Ռոստովի համալսարանի ուսանողներ էին. Սոլժենիցինը սովորում էր ֆիզիկայի ֆակուլտետում, իսկ Նատալյան՝ քիմիայի։ Հետքարքիրն այն է, որ սիրահարված ապագա գրողը իր սիրած աղջկա սիրտը գրավեց ոչ թե բանաստեղծություններով ու գեղեցիկ սիրո խոստովանություններով, այլ պարերով։ Նրանք նաև նույն պարային ստուդիայի սաներ էին։



Երիտասարդ զույգի զգացմունքներն այնքան արագ զարգացան և վերածվեցին բուռն ու ուժգին սիրո, որ 4-րդ կուրսում որոշեցին ամուսնանալ։ Նրանք գիտեին, որ երկուսի ծնողներն էլ դեմ կլինեն վաղաժամ ամուսնությանը։ Այդ պատճառով էլ ամուսնացան բոլորից գաղտնի ու մեղրամիսն անցկացրեցին Տարուսայում։ Այստեղ երեկոները Ալեքսանդրը կնոջ համար բարձրաձայն կարդում էր Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը» ու նրան համեմատում Նատաշա Ռոստովայի հետ: Երբ մեղրամսից վերադարձան, ծնողներն արդեն հասկացել էին, որ նրանց երջանկությանը որևէ կերպ միջամտելն արդեն անիմաստ է։

Առաջին տարաձայնություն-անհամաձայնությունը ի հայտ եկավ հենց ամուսնության սկզբում։ Նատալյան երազում էր երեխաներ ունենալ, իսկ Սոլժենիցինը լսել չէր ուզում այդ մասին։ Ուստի և, երբ կինը հղիացավ, Սոլժենիցինը պնդեց` ընդհատել հղիությունը։ Այս դեպքից հետո Նատալյան այլևս չկարողացավ մայրանալ։ Սա վատ իրադարձությունների շղթայի առաջին օղակն էր միայն։ Հաջորդը` պատերազմն էր։

Չնայած վատ առողջությանը` Սոլժենիցինը մեկնեց ռազմաճակատ։ Ռեշետովսկայան հուզիչ, ջերմ ու սիսրառատ նամակներով աջակցում ու գոտեպնդում էր ամուսնուն։ 1945 թվականի մայիսին Սոլժենիցինին ուղղված Նատալյայի նամակը հետ վերադարձավ հետևյալ գրառմամբ. «հասցեատերը չկա»։ Պարզվեց, որ Սոլժենիցինին ձերբակալել էին` նամակում Ստալինին վիրավորելու համար։



Նատալյայի համար սկսվեց վատ իրադարձությունների նոր փուլը։ Նա մեծ դժվարությամբ, բայց կարողացավ հաղթահարել այս ծանր տարիները ևս։ Իրեն զրկելով ամեն ինչից` նա փորձում էր օգնել ամուսնուն: Սովի ու քարտային համակարգի պայմաններում նա Սոլժենիցինին ուղարկում էր շաքար, թուղթ ու գրքեր։ Գրողի անձնական արխիվում պահվում է ավելի քան 170 նամակ, որոնք այս շրջանում Նատալյան գրել է ամուսնուն։

Կինը հավատարմորեն ու մեծ հույսերով սպասում էր ամուսնուն մինչև այն պահը, երբ Սոլժենիցինը հայտնեց ու նաև պնդեց, որ կինը զբաղվի իր անձնական կյանքով, քանի որ իրեն դեռ երկար բանտային տարիներ են սպասում։

Լսելով ամուսնու խորհուրդը` Ռեշետովսկայան մտերմացավ պրոֆեսոր Սոմովի հետ, ով նրա գործընկերն էր Ռյազանի բժշկական համալսարանում: Սոմովը միայնակ մեծացնում էր երկու որդիներին, որոնք էլ իր նոր կնոջ համար դարձան մղձավաջից դուրս գալու հնարավորություն։ Սոմովի երեխաները օգնեցին Նատալյային` իրականացնել մայրանալու իր երազանքները։ Նա հետո խոստովանեց, որ Աստված է իրեն ուղարկել Սոմովին և նրա որդիներին։ Նատալյայի սերը երեխաների հանդեպ փոխադարձ էր։ Ռեշետովսկայան որոշեց, որ եկել է պահը` Սոլժենիցինին խոստովանելու իր նոր սիրո մասին։ Կնոջ հեռանալու լուրը Սոլժենիցինը ընդունեց հանգիստ, հավասարակշռված ու առանց որևէ նախատինքի։

Տասը տարի բանտում ու աքսորավայրում անցկացնելուց հետո Ալեքսանդր Սոլժենիցինը 1956-ին վերադարձավ Դոնի Ռոստով և սկսեց զբաղվել ուսուցչությամբ։ Նատալյան ամուսնու ազատման լուրն առնելով` թողեց ընտանիքը և վերադարձավ Սոլժենիցինի մոտ։ 1957-ին նրանք ամուսնացան երկրորդ անգամ։ Թեև հետագայում երկուսն էլ խոստովանել են, որ դա սխալ որոշում էր։

Նատալյան վստահ էր, որ անախորժություններն այլևս անցյալում են ու իրենց սերը շարունակվելու է հավերժ։ Նա իր ամբողջ ժամանակը նվիրեց ամուսնուն` դարձավ Սոլժենիցինի քարտուղարն ու մեքենագրուհին։ Նա կարգի էր բերում գրողի ձեռագրերը, մեքենագրում էր անթիվ անհամար էջեր, զբաղվում էր կենցաղային հարցերով, ամեն կերպ փորձում էր հեշտացնել ամուսնու կյանքը։ Նատալյան Սոլժենիցինի համար ամեն ինչ էր` բացի կնոջից։

Այս դերում նա անտեսված էր ու չգնահատված։ Թեև Սոլժենիցինը հանդարտեցնում էր կնոջը, համոզում ու խոստանում, որ կսիրի նրան նույնիսկ խորը ծերության ժամանակ։ 1959-ին «Նովի միր» ամսագրում Նիկիտա Խրուշչովի թույտվությամբ տպագրվեց «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը։ Սոլժենիցինը հաջորդ օրն արթնացավ արդեն հայտնի։ Բոլորից ավելի երջանիկ ու հպարտ էր Նատալյան։

Չնայած մինչև կյանքի վերջ սիրելու խոստմանը, այնուամենայնիվ, արդեն հայտնի դարձած Ալեքսանդր Սոլժենիցինի կյանքում նոր ու լուրջ սիրավեպ սկսվեց։ Նատալյան անմիջապես զգաց դա։ Գրողի նոր սիրուհին շատ ավելի երիտասարդ էր և արդեն հղի։ Ալեքսանդրը որոշեց, որ պետք է ամուսնանա նրա հետ: Նատալյան, ով ամբողջովին իրեն նվիրել էր ամուսնուն ու կորցրել իր անհատականությունը, մոլորված էր ու չգիտեր` ինչ աներ։ Նա որոշեց, որ առանց ամուսնու անիմաստ է ապրելը և ինքնասպանության փորձ կատարեց։ Սոլժենիցինը կնոջը գտավ հատակին ընկած` անգիտակից վիճակում։ Նա ընդունել էր քնաբերի մեծ չափաքանակ։

Երեք օր անց բժիշկների ջանքերով ու օգնությամբ Նատալյան դուրս եկավ կոմայից։ Երբ նրան հաջողվեց ողջ մնալ, որոշեց, որ մի յուրօրինակ «ծիսակարգով» պիտի փորձի մոռանալ Սոլժենիցինի հանդեպ ունենցած աննորմալ սերը։ Ամառանոցում Նատալյան մի փոքրիկ փոս փորեց և այնտեղ թաղեց ամուսնու լուսանկարը։ Այդ «գերեզմանաթմբին» հիշատակի խաչ տեղադրելով` նա վերջ դրեց իրենց հարաբերություններին։

Սոլժենիցինը, չնայած կնոջ ինքնասպանության փորձին, այնուամենայնիվ բաժանվեց նրանից և 1968-ին ամուսնացավ մեկ այլ Նատալյայի հետ։ Սոլժենիցինի երկրորդ կինը` 29-ամյա Նատալյան Սվետլովան Մոսկվայի համալսարանի ասպիրանտ էր։ Նա գրողի համար կատարյալ օգնական դարձավ և հիացնում էր նրան իր աշխատասիրությամբ ու կենսախնդությամբ։ Սվետլովան նաև Սոլժենիցինի համախոհներից էր։ Գրողը երկրորդ կնոջն անվանում էր Ալյա և նրան համարում իր մուսան ու ուղեկցող աստղը։ Ալյան ամուսնուն պարգևեց երեք որդի։ Սոլժինիցինը ընտանիքի հետ ապրեց մինչև կյանքի վերջը։ 1974-ին Սոլժենիցինին զրկեցին ԽՍՀՄ քաղաքացիությունից և արտաքսեցին երկրից։ Նատալյա Սվետլովան միայն վեց տարի անց երեք որդիների հետ կարողացավ միանալ ամուսնուն։ Նրանք միասին ապրեցին ևս քսան տարի։





Իսկ Նատալյան Ռեշետովսկայան այլևս չամուսնացավ։ Նա նախկին ամուսնու մասին գրեց հուշերի վեց գիրք, որտեղ նրա հիշողությունների մեծ մասը Սոլժենիցինին պախարակող պատմություններ են։ Դրանք այնքան վիրավորական տողեր էին, որ երբ գրողը վերադարձավ հայրենիք, չհանդիպեց նախկին կնոջը։ Թեև մինչև կյանքի վերջ, երկրոդ կնոջ միջոցով, ֆինանսապես օգնեց բազմաթիվ հիվանդություններով տառապող Նատալյա Ռեշետովսկայային։

Ի տարբերություն առաջին կնոջ գրած բազմաթիվ հատորների` Սոլժենիցինի երկրորդ կինը ամուսնու մահից հետո հարցազրույցներում ոչինչ չուներ պատմելու իրենց ամուսնական կյանքի մասին, քանի որ ինչպես ինքն էր ասում. «Մենք ապրում էինք միասին, աշխատում էինք միասին ու միասին մեծացնում էինք մեր երեխաներին։ Մենք պարզապես երջանիկ էինք»։




Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում