ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ վերջին տարիներին Միության տնտեսական զարգացումը տեղի է ունենում բարդ պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ ընթացիկ իրավիճակն ազդում է Միության բոլոր անդամ պետությունների բազային տնտեսական ցուցանիշների վրա։
«Բոլորիս համար այս դժվար պահին պետք է կենտրոնացնել ջանքերը, որպեսզի առավելագույնի հասցվեն եվրասիական ինտեգրման հետևանքները՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ փոխադարձ առեւտրում նկատվում է աճի դինամիկա»,- հավելել է Փաշինյանը։