1791 թվականի դեկտեմբերի 5-ին Վիեննայում մահացավ հանճարեղ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Նա լքեց այս աշխարհը, երբ ընդամենը 35 տարեկան էր։ Ընտանիքին ժառանգություն թողեց մեծ պարտքեր, իսկ գործընկերներին՝ առանց մրցակցության աշխատելու հրաշալի հնարավորություն։

Մեծագույն այս կոմպոզիտորի մահվան շուրջ հյուսվեցին մի շարք լեգենդներ, որոնք ավելի քան երկու հարյուր տարի չհանգուցալուծվելով` շարունակում են առասպել մնալ։
Մոցարտի մահվան մասին կան մի շարք վարկածներ, որոնցից ամենատարածվածը երեքն են։
Վարկած N 1. Մոցարտին սպանել է Սալիերին
Մինչ օրս ամենահայտնին շարունակում է մնալ թունավորման վարկածը։ Բանն այն է, որ իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Մոցարտի հետ մրցում էր մեկ այլ վիեննացի կոմպոզիտոր` Անտոնիո Սալիերին։ Ըստ ժամանակակիցների հուշերի՝ Սալիերիի համար անասելի դժվար էր Մոցարտի հետ կիսել հանրության սերն ու փառքը։ Ասում են, թե նա բառացիորեն այրվում էր նախանձից, նույնիսկ` Մոցարտի հետ նույն սրահում հայտնվելու մտքից։

Նախանձի ու փոխադարձ համակրանքի բացակայության պայմաններում նրանք միասին Պրահա կատարած ճանապարհորդություններից մեկի ժամանակ գնացել են օպերա։ Այս մասին Մոցարտը հայտնել է կնոջը հոկտեմբերի 14-ով թվագրված նամակում։ Դա կոմպոզիտորի մահից մի քանի շաբաթ առաջ էր։ Ըստ լեգենդի ենթադրվում է, որ հենց այս ճանապարհորդության ժամանակ էլ Սալիերին թունավորել է Մոցարտին, սակայն, այս վարկածը ունի նաև հերքումներ:
Իր կյանքի մայրամուտին Անտոնիո Սալիերին Բեթհովենի ուսանողներից մեկին պատմել է. «Չնայած ես չեմ ապաքինվի այս հիվանդությունից, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ անիմաստ այդ լուրերի մեջ ճշմարտության կաթիլ չկա: Դուք գիտեք, որ ինձ մեղադրում են Մոցարտի մահվան մեջ, բայց այդ բամբասանքը պարզապես չարություն է, մաքուր չարություն։ Հարգելի Մոշելես` փոխանցեք ամբողջ աշխարհին, որ հենց այդպես է ասել մեռնող Սալիերին»։
Այս հերքմանը գումարվում էր նաև այն հանգամանքը, որ Սալիերին Մոցարտի մահից հետո հանձն էր առել նրա որդիներից մեկի դաստիարակությունը, ում համար ապահովել է հիանալի երաժշտական կրթություն ու լայն հնարավորություններ։ Եվ Ֆրանց Քսավեր Վոլֆգանգ Մոցարտը դարձավ ավստրիացի լավագույն դիրիժորներից մեկը։
Վարկած N 2. Մոցարտին սպանել են մասոնները
Մոցարտը մի քանի տարի եղել է Վիեննայի մասոնական օթյակներից մեկի անդամ։ «Նոր պսակված հույս» օթյակում ստանալով բավարար գիտելիքներ և փորձ` կոմպոզիտորը որոշում է ստեղծել իր նախագիծը: Վարկածներից մեկի համաձայն՝ երաժշտին թունավորել են մասոնական խմբի մյուս անդամները, որպեսզի կանխեն իրենցից առանձնանալու փորձը։ Համաձայն մեկ այլ վարկածի, իր վերջին ստեղծագործության մեջ՝ «Կախարդական սրինգ» օպերայում Մոցարտը գաղտնազերծել է մասոնական որոշ ծեսեր, որոնց համար վճարել է իր կյանքով։
«Կախարդական սրինգ» օպերայի լիբրետոյի հեղինակ Էմանուել Շիկանեդերը, սակայն, նույն մասոնական օթյակից էր և Մոցարտի մահից հետո ապրեց ևս 21 տարի։ Այսինքն, եթե օպերայի միջոցով մասոնական գաղտնիքներ բացահայտելու վարկածը ճշմարիտ լիներ, ապա դա կառնչվեր Շիկանեդերին նույնպես։
Մասոնների Մոցարտին թունավորելու տարբերակը թերևս ամենաառեղծվածայինն է, քանի որ ապացույցներ գրեթե չունի։
Վարկած N 3. Մոցարտին սպանել է անհավատարիմ կինը
Մոցարտը 26 տարեկան էր, երբ հանդիպեց Կոնստանցիա Վեբերին։ Էքսցենտրիկ երաժիշտը սիրահարվեց ու միանգամից որոշեց ամուսնանալ անլուրջ, անհավասարակշիռ, արկածների հանդեպ մեծ սեր ունեցող այս աղջկա հետ։ Տարիներ անց Վիեննայում սկսեցին ասեկոսեներ տարածվել Կոնստանցիայի անհավատարմության մասին։ Կինը հաճախ էր թողնում ամուսնուն տանը` աշխատելու, իսկ ինքը մեկնում էր Բադեն-Բադեն` հանգստանալու։

Նրան ընկերակցում էր Մոցարտի աշակերտ Ֆրանց Քսավեր Զյուսմայերը։ Եվ քանի որ նման ճամփորդությունները հաճախակի էին լինում, ապա բոլորը վստահ էին, թե նրանց միջև սիրային հարաբերություններ կան։ Ավելին. ասում էին, որ Մոցարտի կրտսեր որդու հայրը Ֆրանց Քսավերն է: Այս պատմության միջոցով Մոցարտի մահվան մյուս վարկածը կապվում է կնոջ հետ։ Իբրև թե Կոնստանցիան է թունավորել ամուսնուն` իր երջանակությանը չխանգարելու համար։
Մինչդեռ, կնոջ դավաճանության կոնկրետ ապացույցներ իրականում չկան: Իսկ կրտսեր որդու մասին պատմությունը հերքվում է, քանի որ նա հորից` Մոցարտից ժառանգել էր ականջի արտասովոր ձևը։
Մահվան իրական պատճառը
Պատմաբանների և բժիշկների կատարած ժամանակակից հետազոտությունները կասկածի տակ են դնում կոմպոզիտորի մահվան նախորդ բոլոր վարկածները։ Բանն այն է, որ Մոցարտը հիվանդացել էր Պրահայում, ուր նա մեկնել էր ղեկավարելու իր «Տիտոսի ողորմածությունը» օպերայի բեմադրությունը։ Վիեննա վերադառնալուց հետո Մոցարտի վիճակն աստիճանաբար վատթարացել է։
Նոյեմբերի 20-ին կոմպոզիտորի մոտ հոդերի բորբոքում է սկսվել և նա չի կարողացել շարժվել։ Մոցարտի կենսագիրներից մեկը գրում է. «հիվանդությունը սկսել է ձեռքերի և ոտքերի այտուցմամբ, որոնք գրեթե կաթվածահար էին եղել, ավելի ուշ սկսվել էին փսխման նոպաներ։ Մահից երկու ժամ առաջ նրա գիտակցությունը տեղում էր»։

Կոմպոզիտորի մարմինը այնպես էր այտուցվել, որ նա այլևս ունակ չէր նստել կամ շարժվել առանց օգնության։ Նրան բուժող բժիշկը հրավիրել է նաև այլ մասնագետների։ Բուժելու համար օգտագործել են բոլոր այն դեղամիջոցները, որոնք հասանելի էին տվյալ ժամանակաշրջանի բժշկությանը. փսխադեղ, սառը թրջոցներ, արյունառություն. սակայն` ապարդյուն։

Մոցարտը մահացավ 1791 թվականի դեկտեմբերի 5-ի կեսգիշերին։ Ականատեսների վկայությամբ` կինը պառկել էր ամուսնու կողքին, նրա անկողնում, որպեսզի վարակվի նույն հիվանդությամբ և մահանա նրա հետ։ Կոնստանցիան հիվանդացել է և ամուսնու թաղմանը չի մասնակցել։
Մոցարտի թաղման արարողությունը կազմակերպել է նրա ընկեր և հովանավոր, մասսոնական ժողովարանի բարոն Գոտֆիրդ վան Սվետենը։ Նա պատվիրել է 3-րդ կարգի թաղում` Յոզեֆ կայսեր սահմանած կանոններին համապատասխան։
Դեկտեմբերի 6-ին Մոցարտի աճյունը տեղափոխել են Սուրբ Ստեփանոսի տաճար, որտեղ կատարվել է եկեղեցական արարողությունը։
Սակավամարդ արարողությանը մասնակցել են Վան Սվիտենը, Սալիերին, Զյուսմայերը, սպասավոր Յոզեֆ Դայները, կապելմեյստեր Ռոզերը և թավջութակահար Օրսլերը։ Մոցարտին թաղել են «ընդհանուր» գերեզմանոցում, որը նախատեսված էր սովորական մարդկանց համար։
Ի տարբերություն ազնվականների համար նախատեսված գերեզմանոցների, «սովորականները» տասը տարին մեկ քանդման ենթակա են եղել։ Այդ պատճառով հանճարեղ կոմպոզիտորի գերեզմանի վայրն այսօր հայտնի չէ։

Մահից չորս տարի առաջ Մոցարտը հորը ուղղված նամակում գրել է. «...մահը մեր կյանքի իսկական վերջնական նպատակն է: Անցած երկու տարիների ընթացքում ես այնքան մոտիկից ծանոթացա մարդու այս իսկական և լավագույն ընկերոջ հետ, որ մահվան կերպարն ինձ համար ոչ միայն սարսափելի չէ, այլ ընդհակառակը, հանգստություն և մխիթարություն է փոխանցում: Եվ ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ երջանկություն պարգևեց՝ հասկանալու մահը, որպես իրական երանության աղբյուր»։
Նաիրա Եղիազարյան