Անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը 1816 թվականի դեկտեմբերի 2-ին այցելում է Վենետիկ, այնուհետև մեկնում Սուրբ Ղազար կղզի, որտեղ Մխիթարյան միաբանության վանականների օգնությամբ ծանոթանում է հայկական մշակույթին։ Հայր Հարություն Ավգերյանի ուսուցչությամբ սովորում է հայոց լեզուն ու մասնակցում լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։ Հայոց լեզուն սովորելուց բացի, Ավգերյանի հետ Բայրոնը հրատարակել է մի շարք գրքեր, այնուհետև անգլերեն է թարգամանել հատվածներ Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունից» և Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից»։
Ծանոթացել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և անգլերեն թարգմանել այն հատվածները, որոնք պակասել են Աստվածաշնչի անգլերեն թարգմանության մեջ։

Իր այս այցի մասին լավագույնը պատմում է հենց ինքը` բանաստեղծը.
«1816 թ. այցելելով Վենետիկ, ինչպես ինձ վրա, այնպես էլ մնացած ճանապարհորդների՝ մեծ տպավորություն թողեց Ս. Ղազարի համայնքը, որը, թվում է, միավորում է իր մեջ վանքային հաստատության բոլոր առավելությունները՝ զերծ լինելով բոլոր թերություններից. մաքրություն, հարմարավետություն, հեզություն, անկեղծ Աստվածասիրություն: Միության եղբայրների տաղանդն ու բարեգործությունն ունակ են աշխարհիկ մարդուն համոզել, որ գոյություն ունի մեկ ուրիշ աշխարհ, մեկ ուրիշ կյանք հենց այս կյանքում, հենց այս աշխարհում:
Այս մարդիկ ստրկացված, բայց ազնվական մնացած ազգի հոգեւոր դեմքերն են, ազգ, որը ենթարկվել է աքսորի եւ հալածանքի՝ հավասար հրեաների եւ հույների, բայց չի չարացել` առաջինների պես եւ չի դարձել ստրկաքարշ` երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն` առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ:

Բայց ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչեւ այս շատ տխուր է, ինչ էլ որ նրանց չսպասվի ապագայում՝ իրենց երկիրը պետք է լինի ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել: Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո, եւ այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրապներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով եւ իր էությամբ…»:
Բայրոնի այցից քսանչորս տարի անց, 1840 թվականին Սուրբ Ղազար է ժամանում հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, ով հյուրընկալվում է միաբանութան հենց նույն սենյակում, որտեղ ապրել ու սովորել էր Բայրոնը։ Այս երևույթից ու Բայրոնի հայագիտական գործունեությունից ազդված` Այվազովսկին 1899-ին ստեղծում է իր հայտնի «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը, որտեղ պատկերել էր ծաղկազարդ գոնդոլով Սուրբ Ղազար կղզի եկած և արդեն ափ իջած անգլիացի երիտասարդ բանաստեղծին, ում հանդիսավոր կերպով ընդունում են Մխիթարյանները` Հարություն Ավգերյանը, Սուքիաս Սոմալյանը, վանահայր Նիկողոսը և միաբանության մյուս հոգևորականները։
Ծովանկարչի այս աշխատանքը հետաքրքիր է ոչ միայն իր վարպետությամբ ու բովանդակությամբ, այլ նաև` իր ճակատագրով։
1899 թվականի աշնանն Այվազովսկին իր այս աշխատանքը 22 այլ ծովանկարների հետ ուղարկում է Բաքու, որտեղ նոյեմբերի 6-ին հասարակական ժողովարանի ամառային շենքում բացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 82-ամյա նկարիչը հիվանդության պատճառով չի կարողանում ներկա լինել ցուցահանդեսին։
Այս մասին 1899 նոյեմբերի 30-ին «Մշակը» գրել է.
«Այվազովսկու պատկերահանդեսը, որը բացվել է Բաքվում, ունեցավ մեծ հաջողություն։ Համարյա բոլոր պատկերները ծախված են։ Շատերի համար ցանկալի էր ունենալ նշանավոր նկարչի ստեղծագործությունները և անկասկած, եթե ավելի մեծ թվով պատկերներ բերված լինեին, նրանք կծախվեին»։

Վաճառվել է նաև «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը, որի գտնվելու վայրը երկար ժամանակ անհայտ է եղել։ Եվ ահա հետպատերազմյան տարիներին ռուս մի գեներալ Թբիլիսիի Վրաց կերպարվեստի թանգարան է բերում Այվազովսկու մեծադիր կտավը և խնդրում թանգարանին` վերցնել այն և փոխարենը իրեն տալ որևէ գեղարվեստական իր կամ մի փոքր նկար։ Գեներալին Այվազովսկու կտավի փոխարեն տալիս են սեղանի ժամացույցի XVIII դարի ֆրանսիական քանդակազարդ պատյան։
Այս կտավը այսպես էլ կմնար վրացական թանգարանում, եթե Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանը 1979-ին չնախաձեռներ Այվազովսկու հայկական թեմաներով նկարների ցուցահանդեսը։ Այս առթիվ տարբեր երկրների թանգարաններից նա հավաքում է ծովանկարչի «հայկական» աշխատանքները, որոնց մեջ էր նաև «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը։

Իր հուշերում Շահեն Խաչատրյանը գրում է, որ ցուցահանդեսից հետո Վրաստանի Արվեստի թանգարանի տնօրեն Թամազ Սանիկիձեի հետ զրույցի ընթացքում ինքն ասել է. «Տարիներ առաջ ձեր նախկին տնօրեն Ամիրանաշվիլին «Բայրոնն» առաջարկել էր մեր պատկերասրահի տնօրեն Դրամբյանին։ Այն ժամանակ ինչ-որ պատճառով հարցը չի լուծեվել։ Եկեք հիմա գործն ավարտին մոտեցնենք։ Ձեզ հայկական թեման պետք չէ։ Փոխարենը կստանաք Այվազովսկու «Ռիոն գետը» և Սարյանի վրձնած «Երգիչ Բադրիձեի դիմանկարը»։ Տնօրենն ու աշխատակիցները ընդունեցին առաջարկս։ Համաձայն վստահագրի «Բայրոնն» արդեն Երևանում էր, փոխարենը Վրաաստանի պետական թանգարանին հանձնեցի առաջարկված երկու աշխատանքները»։
Հենց այսպես Հովհաննես Այվազովսկու «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» կտավը հայտնվում է Հայաստանում ու մինչ օրս զարդարում է Ազգային պատկերասրահի Այվազովսկու սրահը։
Նաիրա Եղիազարյան