1951 թվականի նոյեմբերի 29-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մահացավ հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ Լևոն Շանթը։
Մահից առաջ նրան այցելել էր հայ գրականության մեր մյուս հսկան` Կոստան Զարյանը։ Նա այդ հանդիպման ու Շանթի տրամադրության մասին շատ պատկերավոր գրել է իր «Նավատոմարում».
«Լեւոն Շանթը, այդ տոկուն գրագետը, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր իր ազգին, մահամերձ պառկած էր, երբ, Բեյրութ հասնելուս՝ գնացի նրան տեսնելու։ «Եկել ես, - ասաց, - բայց խանութ ունե՞ս, որ եկել ես»։
Մեզ մոտ ամեն ինչ խանութի է վերածված եւ ամեն ինչ խանութպանների ձեռքումն է։ Փողը, հաշիվը, տնտեսականը, լինի պետական կապիտալիզմի տնտեսականը թե լինի նպարավաճառների, խալիճիների, ադամանդավաճառների, գաղտնի ոսկի փախցնողների տնտեսականը՝ սեզամկի իրենց թեւերի տակ ծածկում են ամբողջ հայ կյանքը։
Փորը միշտ էլ ատել է միտքը։
Ու տիրացու մտավորականը՝ տեսաբանը, ուսուցիչը, ջրալի երգիծաբանը, սողում են նրանց առջեւ, լափում նրանց սեղանից նետված փշրանքները, ստրկանում, արժանապատվությունից գրկվում։
Ե՛տ քաշվեցեք, անցնում է Աբիսողոմ Աղան»։

Այս աբիսողոմների բազմության մեջ Լևոն Շանթը տարբերվում էր բոլորից։ Ենայի, Մյունխենի ու Լայպցիգի համալսարաններն ավարտած հայ մտավորականը հեղինակել էր հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։ Թարգմանել էր Մ. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման։
Շանթը Նիցշեի գաղափարների կրողն էր, Իբսենի թատերգությունների և Վագների երաժշտության սիրահարը։
Գրականագետ Նիկոլ Աղբալյանը Շանթի մասին գրում է. «Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները մի օրում սպառած - այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ոչ հայ բեմը, ոչ հայ գրականությունը»:
Վեց տասնամյակ տևած իր ստեղծագործական կյանքում Շանթը հասցրել է գրել բանաստեղծություններ, պոեմներ, վիպակների մի ամբողջ շարք, սակայն նրա անունն, անշուշտ, կապված է դրամատուրգիայի հետ։ «Ճամբուն վրա», «Կայսր», «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլ» դրամաները զարդարում էին հայ թատրոնի խաղացանկը։ Նրա գլուխգործոցը` «Հին աստվածները» առհասարակ չէր իջնում հայ բեմից։
Գրող Ստեփան Զորյանն իր հուշերում Շանթի մասին գրում է.
«Միջահասակ էր և հանդարտաբարո։ Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, այդպես էլ ինքը` հագնվում էր խնամքով, ճաշակով։ Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ։ Անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ»։
Շանթին չէին հետաքրքրում իր պիեսների բեմադրությունները, դրանց ունեցած փառքն ու հաջողությունները։ Նա նույնիսկ չէր գնում իր ներկայացումները նայելու։ Առանձնապես չէր երևում նաև գրական շրջանակներում։ Մտերիմ էր Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ։ Եթե Թիֆլիսում էր լինում, ապա անպայման մասնակցում էր «Վերնատան» հավաքույթներին։ Դերենիկ Դեմիրճյանի հավաստմամբ «աշխուժացնում էր մեր հավաքույթները, նկարագրելով ու պատմելով եվրոպական գրական կյանքի մասին»։
Նրա աշխատանքի ու աշխատելաձևի մասին շատերն են պատմում իրենց հուշերում։ Նրան հիշում են, որպես կանոնավոր, կոնկրետ ժամերին գրասեղանի մոտ նստող-աշխատող գրողի, որը մտքում մինչև վերջին նախադասությունը կառուցում էր գրելիք նյութը և հետո նոր գրի առնում։
Ստեփան Զորյանը գրում է. «Շանթը ուներ աշխատանքի անխախտ ժամեր, և եթե այդ ժամերին ով և այցելեր - չէր ընդունի, չէր ընդհատի օրվա կարգը, աշխատանքը։ Իսկ եթե ազատ ժամերին ընդունում էր մեկին, թեկուզ դա լիներ անգամ աշակերտ - չէր ընդունի տնային հագուստներով, ինչպես անում էին շատերը, այլ վայելուչ հագնված, ինչ համարում էր հարգանք այցելուի նկատմամբ»։
Այս պատմության ամենադրամատիկ պահն այն է, որ եվրոպական բարքերով, գեղեցիկ հագուկապով, բարեկիրթ շարժուձևով այս մարդը, որը ավելի քան վաթսուն տարի իր կերպարով, գրականությամբ ու դասագրքերով փորձել էր կրթել հայ ժողովրդին, 82 տարեկան հասակում մեռնում էր այն գիտակցությամբ, որ այս կյանքում ապրելու համար խանութ պետք է ունենալ, քանի որ ամեն ինչ խանութպանների ձեռքում է, իսկ ժամանակը միշտ` աբիսողոմ աղաներինը։
Չէ՞ որ «փորը միշտ ատել է միտքը...»։
Նաիրա Եղիազարյան